Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Բաքուն գազի հարցում Երևանին օգնություն առաջարկելով փորձում է քաղաքակրթվածության փարոս ձևանալ. Կոնստանտին Զատուլին

Հունիս 10, 2013թ. 23:48

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ռուս փորձագետ Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով օրեր առաջ Բաքվից հնչած հայտարարությունը, թե «եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի մեզ, մեզ կարող ենք օգնել», կարծիք է հայտնել, որ նման պահվածքով պաշտոնական Բաքուն պարզապես փորձում է սեփական ժողովրդի և միջազգային հանրության աչքերում «քաղաքակիրթ և կառուցողական երևալ»:

«Ադրբեջանը տարիներ շարունակ շիկացրել է մթնոլորտը: Մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում լարվածություն է ստեղծել, դուրս է եկել տարբեր ձևաչափերից, շեղվել է ձեռք բերված պայմանավորվածություններից և որդեգրած դիրքորոշումներից՝ փորձելով հանդգնությամբ հասնել իր ուզածին: Այսօր, սակայն, Բաքվում տեսնում են, որ որոշ շեշտադրումներ արդեն փոխվել են, իսկ աջակցությունը (դրսից), որ նախկինում բավարար էր թվում, իրականում գնալով թուլանում է»,-ռուսական Regnum գործակալության հետ զրույցում ասել է Զատուլինը և ավելացրել,-Բաքուն այժմ այնպիսի վիճակում է, որ նրան այլ բան չի մնում, քան իրեն կառուցողականության լույսի ներքո և քաղաքակրթվածության փարոս ներկայացնել: Ադրբեջանն իր այդ քայլով փորձում է մեղմել լարվածությունը, որը որ ինքը վերջին մի քանի տարիներին հրահրում էր»:

Զատուլինը կարծում է, որ ադրբեջանական կողմի հռետորաբանության մեղմումը պայմանավորված է նաև գալիք նախագահական ընտրություններով (2013թ. հոկտեմբեր-Tert.am): «Ադրբեջանում ապրում են՝ սպասելով նախագահական ընտրություններին: Իլհամ Ալիևը անհանգստանում է… Ես դա զգում եմ: Ի դեպ, ես չեմ կարող այդ երկիր այցելել, քանի որ հասկանալի պատճառներով ինձ «պերսոնա նոն գրատա են» հայտարարել այդ երկրում (Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով: ԼՂ այցելող անձանց Ադրբեջանի ԱԳՆ-ը ներառում է անցանկալի անձանց շարքում-Regnum): Ադրբեջանի նախագահի անհանգստությունը հիմնավորված է, քանի որ ներքին ընդդիմությունն իրենն է պահանջում, մերկացնում է իշխանությունների հակաժողովրդավարական քայլերը: Ադրբեջանի արտաքին ընկեր ամերիկացիներն էլ օգնության չեն շտապում, հակառակը՝ խնդիրներ են ստեղծում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով: Ադրբեջանի քաղաքական դաշտին նայում են ընդդիմության աչքերով»,- հայտարարել է փորձագետը:

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Զատուլինի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն էլ այսօր «առաջվանը չեն». Բաքուն գիտակցում է՝ առանց «հիմնավոր պատճառի» Մոսկվան չի սատարելու Ալիևի թեկնածությունն ու վարչակարգը:

«Մոսկվայում հենց այնպես, ոչնչի դիմաց չեն համարի, որ Ալիևի գործող վարչակարգն ավելի լավն է, քա ասենք մեկ ուրիշը: Եթե Բաքվում նախկինում կարծում էին, որ Ռուսաստանը ամեն դեպքում պաշտպանելու է իրենց իշխանությունը՝ տարբեր սպառնալիքներից խուսափելու համար (ազգայնականների, իսլամիստների ակտիվացումից), ապա այսօր այդ վստահությունը կամաց-կամաց ետին պլան է մղվում: Ինքը՝ Ալիևը, վերջին շրջանում ինչեր ասես, որ չի խոսել, և գործնականում ցույց է տվել, որ սեփական շահերով է առաջնորդվում Մոսկվայի հետ հարաբերություններում: Օրինակները բազմաթիվ են՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը, Իրանի հետ տարաձայնությունները, էլ չեմ խոսում Հայաստանի նկատմամբ Բաքվի դիրքորոշման մասին: Բացի այդ, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Ադրբեջանում վստահ լինեն, որ իրենց հյուսիսային մեծ հարևանն անվերապահորեն աջակցում է իրեն»,-ասել է ռուս փորձագետը:

Զատուլինը նշել է, որ Ալիևի «երերուն դիրքերը» նաև ԼՂ հարցի չլուծված լինելու հետևանք են:

«Ադրբեջանի իշխանությունները կարծում էին, որ իրենք ունեն բավարար տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ներուժ՝ կարճ ժամանակում այդ հարցը հօգուտ իրենց լուծելու համար: Այդ ռազմավարության բաղկացուցիչ մասն էին կազմում՝ շփման գծում լարվածություն հրահրելը, փորձերը ստիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբին մեծացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին իր կամքը թելադրելու ձգտումը: Ի դեպ, Ադրբեջանի ինքնավստահության աստիճանի բարձրացմանը նպաստեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խոչընդոտելու փորձերը, որոնք պսակվեցին հաջողությամբ: Սա ոչ ճիշտ եզրահանգումների տեղիք տվեց, թե «ամեն ինչ Բաքվի ձեռքերում է»: Արդյունքը, ինչպես որ տեսնում ենք չկա, սակայն այդ ռազմատենչ դիրքորոշումն իր հետևանքները թողնում է: Այս վիճակն ինչ-որ առումով նման է խումարի վիճակին»,- նշել է Զատուլինը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն այժմ խուսանավելու փորձեր է անում:

Փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, նշել է, որ Բաքուն իրականում ոչ միայն չի կարող, այլև չի ցանկանում պատերազմ սկսել:

«Տարեց տարի ընդլայնելով իր ռազմական բյուջեն՝ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկիրը: Ադրբեջանական կողմի քայլերի տրամաբանությունից ելնելով՝ սպասվում էր, որ Ադրբեջանը պատերազմ է սկսելու, սակայն, Բաքուն ոչ միայն չի ցանկանում այդ պատերազմը, այլև չի կարող: «Չցանկանալու» պատճառները շատ են՝ պատերազմը կապիտալի մեծ արտահոսքի պատճառ կդառնա: Նրա հայրը (նկատի ունի նախկին նախագահ Հեյդար Ալիևին, որը պաշտոնավարել է 1993-2003թթ-ին, իշխանության է եկել ղարաբաղյան պատերազմի ժամանակ-Tert.am) իշխանության եկավ հուզումների ժամանակ: Նա լավ հասկանում էր, որ անկարգություններն ինքնին անկանխատեսելի հետևանքների բույն են: Ալիև-կրտսերը, սակայն, նման փորձ չունի: Այդ պատճառով էլ նա իր հռետորաբանությունում, պաշտոնական հայտարարություններում շատ հեռուն է գնում, իրեն ավելորդություններ թույլ տալիս: Իսկ «չի կարող» քանի որ ոչ ոք չի սատարի իրեն, հավանություն չի տա այդ ծրագրին և թույլ չի տա»,-ընդգծել է նա:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն