Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Պահանջում են հայ-թուրքական «խայտառակ» արձանագրությունները հանել ԱԺ օրակարգից

Հունիս 10, 2013թ. 15:49

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ քառօրյայի նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից հարցրեց, թե Հանրապետական կուսակցությունն իր խորհրդի նիստում խորհրդակցություն անցկացրե՞լ է՝ հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ օրակարգից ընդհանրապես հանելու ուղղությամբ։ «Եվ Սերժ Սարգսյանն ինչպիսի՞ դիրքորոշում ունի, քանի որ այս խարանը գտնվում է մեր ժողովրդի վզին»,- ասաց նա։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հարցի պատասխանը բովանդակային առումով չի փոխվել և այդպիսի քննարկում ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ չի եղել։ «Հարցը ՀՀ նախագահի լիազորությունների շրջանում է, և նման որոշում չի կայացվել»,- ասաց նա։

Զարուհի Փոստանջյանը ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանից ժառանգություն ստացած այս հարցը խայտառակություն համարեց։ «Հայ-թուրքական արձանագրությունները, որոնք 5-րդ գումարման ԱԺ-ում են գտնվում, խայտառակություն է, քանի որ անկախ պետության խորհրդարան ենք։ Սա ոտնձգություն է հենց մեր անկախության վրա»,- ասաց նա։

Նա նշեց, որ պետք է հաշվի առնել նաև այն, թե Թուրքիան ինչ է անում այսօր մեր հայրենակիցների հետ Սիրիայում։ «Կարծում եմ, որ օր առաջ պետք է խորհրդարանական օրակարգից այն հանել, և դա պետք է նախաձեռնի ՀՀԿ-ն։ Հորդորում եմ, քննարկում իրականացրեք և հանեք այս խայտառակությունը ԱԺ օրակարգից»,- կրկնեց նա։

Ելույթի խոսք ունեցավ նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով խնդրեց ժամանակ գտնել ու ուշադրություն դարձնել իր «Դժվար ճանապարհ դեպի Ստամբուլ» խորագրով հոդվածի վրա։

«Այնտեղ ես նշում եմ, որ ՀՀ նախագահը կարողացել է այնքան ճկուն գործել, որ հայ-թուրքական արձանագրություններն օգտագործվում է որպես հաղթակարգ և անարգանքի սյունին է գամում Թուրքիային»,- հայտարարեց Գեղամյանը։

Նա նշեց, որ առաջիկայում հոդվածը Ստամբուլում 7 լեզվով կթարգմանվի և պատվիրակներին կբաժանվի։

«ՀՀ-ն, չնայած Թուրքիայի ստոր դրսևորումներին, դեռ պահպանում է ԱԺ մեծ օրակարգում հարցը, և դա համաշխարհային ուժի կենտրոններին հուշում է մի բան, որ տարածաշրջանում ունեն կոնստրուկտիվ պետություն՝ ի հակառակ մեր հարևանի»,- ասաց նա։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հավելեց. «Որպեսզի այդպիսի հոդվածներով չխոսեն, պետք է այս հարցով ԱԺ-ում քննարկում անցկացնենք»։

«Կարծում եմ ԱԺ-ն հնարավորություն ունի քննարկում կազմակերպելու։ Սա այն հարցն է, որ բոլորին է հետաքրքրում և կքննարկենք տեսնենք, ինչ վիճակում է գտնվում հարցը։ Մեր խմբակցության ներկայացուցիչը նման նախաձեռնությամբ հանդես կգա»,- ասաց նա։

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քաղաքական մեծամասնության համար հարցը հստակ է։


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն