ԱՅՍՕՐ ԹԻՐԱԽԸ ԲԱՆԱԿՆ Է
Երկրի բանակը սովորաբար տվյալ հասարակության ծնունդն է եւ նրա հայելին, քանի որ բանակում ծառայում են հասարակության անդամների զավակները, որոնք ունեն կրթական ու դաստիարակչական տարբեր մակարդակներ
Սրանց պիտի գումարվեն նաեւ զինվորական կարգապահությունը, ռազմական դաստիարակությունը, եւ բանակը դառնա մարտունակ կուռ կառույց: Այսպես է սովորաբար, բայց մեր պարագայում պիտի ունենանք ավելին:
Վերջապես ունեցել ենք հայկական բանակ, որը պարզապես դատապարտված է գոնե տարածաշրջանում լինելու լավագույնը: Եվ բոլոր առումներով. մարտունակ եւ խաղաղ պայմաններում ծառայության համար անվտանգ: Մեր ոխերիմ հարեւանների ներկայությամբ բացարձակ անվտանգության մասին թերեւս չի կարելի խոսել, բայց բանակային ներքին հարաբերություններում այն պարտադիր է: Հայկական բանակը պիտի լինի պետական սրբություն, որովհետեւ հիմնադիրներից շատերը Եռաբլուրում են:
Բանակի մասին միայն երգեր գրելով ու ճառեր ասելով հարցը չի լուծվի. անհրաժեշտ են արմատական միջոցառումներ: Սպանությունները, ինքնասպանությունները, հրամանատարների լկտի պահվածքը պետք է բացառվեն:
Բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպք ցավ է բոլորիս, բայց դրանք նաեւ ադրբեջանական քարոզչամեքենայի սեւեռուն ուշադրության կենտրոնում են` միտումնավոր մեկնաբանություններով: Այսինքն՝ այդ դեպքերն օգտագործվում են մեր բանակը պախարակելու, նրա մարտունակությունը ցեխոտելու նպատակով: Ծանոթ ձեռագիր է, չէ՞:
Հայկական մամուլում էլ երբեմն հանդիպում են նման հրապարակումներ եւ ոչ միայն բանակի վերաբերյալ: Որեւէ հոգեւորականի լկտի պահվածքն էլ անմիջապես դառնում է հայ եկեղեցին քարկոծելու առիթ:
Ով հետեւում է ադրբեջանական լրատվամիջոցներին, կհաստատի, որ այն ուղղակի հեղեղված է հայկական բանակին «նվիրված» հրապարակումներով ու մեկնաբանություններով: Գնահատականի է արժանանում մեզանում տեղի ունեցած յուրաքանչյուր դեպք, յուրաքանչյուր անզգույշ խոսք: Ադրբեջանի ժողովրդին տեղեկացնում են, որ հայկական բանակում իրար են ոչնչացնում, նրանց արտաքին թշնամի պետք էլ չէ, եւ իրենց հզոր բանակն ընդամենը պետք է սպասի:
Բանն այնտեղ է հասել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` օրերս արած այն արտահայտությունը, թե պետք է եղած փոքր միջոցներով կարողանանք հասնել առավելագույն արդյունքի, դարձրել էին կլոր սեղանի թեմա, որին մասնակից էին դարձրել նաեւ վարձած մի ռուս գեներալի: Սա էլ ասել էր, թե փոքր միջոցներով կարելի է հասնել հենց այն արդյունքին, ինչն այսօր կոչվում է հայկական բանակ: Իսկ Ռուսաստանից «Իսկանդեր Մ» հրթիռային համակարգ գնելու մասին հայտարարություններն անհեթեթություն են, քանի որ հայերն այդ հնարավորությունները պարզապես չունեն:
Քարոզչական միտվածությունն, իհարկե, հասկանալի է, բայց մեր բանակը դրա առիթը չպիտի տա:
Այսօր մեր իշխանությունների թիվ մեկ խնդիրը հայկական բանակն է, այն բանակը, որից իրենց որդիներին ամեն գնով չփախցնեն ծնողները: Իսկ փախցնում են, որովհետեւ վստահ չեն, թե մի «ներքին» փորձանքի չի գա: Օրինակ տան հենց իրենք` իշխանավորներն իրենց ծառայող որդիներով: Թող թերսնվենք, գազը թանկանա, լույսը թանկանա, մեռնենք պրծնենք, բայց բանակում բացառիկ կարգապահություն հաստատվի, իմանանք, որ մեր զավակը ծառայում է հայրենիքին:
Ընդ որում, խոսքը վերաբերում է բանակային բոլոր կառույցներին` զորամասերից մինչեւ հոսպիտալ: Դրանք իրենց կազմակերպվածությամբ պիտի տարբերվեն բոլոր մյուսներից, բայց չեն տարբերվում:
Սովետի ժամանակ բանակում ծառայող իրենց որդուն, ասենք, Խաբարովսկից տեղափոխում էին Բելառուս, նստում-քեֆ էին անում, որ «էրեխուն մոտիկ տեղ են բերել», իսկ հիմա Տավուշն է դարձել Խաբարովսկ: Հենց այս մասին պիտի մտածեն ոլորտի ղեկավարները ու համապատասխան եզրակացություններ անեն: Այստեղից էլ ծագելու է անելիքի հերթականությունը:
Ասացինք` բանակը հասարակության հայելին է, բայց այն պիտի տարբերվի այդ նույն հասարակությունից զինվորականության տրամաբանությամբ: Այսինքն՝ բանակում պիտի մաքրվի հասարակությունից թափանցած աղտեղությունը, որովհետեւ մենք այլ ճանապարհ չունենք:
Մի տասն օր առաջ զորամասերից մեկում պայթյունից հաշմանդամ դարձած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Կորցրել է ձեռքը, աչքը, ստացել տարբեր կտրվածքներ: Ցայսօր ծնողները վիրահատությունների, դեղորայքի եւ այլնի համար ծախսել են շուրջ հինգ հազար դոլարին համարժեք դրամ:
Մենք չգիտենք` այդ վճարումները օրինական են, թե այլ բաներ էլ են պարունակում, բայց վստահ ենք, որ զինծառայողի պարագայում այդպես չպետք է լինի: Իսկ եթե չունի, բուժօգնություն չպիտի՞ ստանա բանակում վիրավորված պատանին: Թեկուզ անփութության հետեւանքով վիրավորված:
Մարդիկ ուշադրության կարիք ունեն. պետական ուշադրության: Պետություն, եկեղեցի, բանակ. սրանք են երկրի հենասյուները, եւ հենց սրանց են ուղղված ներքին ու արտաքին թշնամիների բոլոր հարվածները: Այսօր թիրախը բանակն է, եւ այն պիտի զերծ պահել նման հարվածներից: Իսկ ուղին մեկն է` առիթ չտալ:
Առիթ չտալու ուղին էլ մեկն է` բացարձակ կարգուկանոն հաստատել հայկական բանակում եւ բոլորի համար:
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ












