Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան

Թուրք հոդվածագիր. «Քանի որ մեր շարքերում այլևս հայ կամ ասորի չի մնացել, մենք իրար ենք սպանում»

Հունիս 12, 2013թ. 01:14

Վերջին օրերին թուրքական մամուլում տարածում գտավ թուրք հեղինակ Բայրամ Քալքանի «Ոչ մուսուլմանի անեծքը» վերնագրով հոդվածը, որտեղ փորձ է կատարվում գտնել մուսուլմանական աշխարհում այժմ տեղի ուեցող ներքին կոտորածների պատճառները:

«Ermenihaber.am»-ի ներկայացրած հոդվածի հիմնական մասը` ստորև
«Հոդվածս ուզում եմ սկսել հայտնի միասացվածքով. «Մի՛ վերցրու անմեղի անեծքը, այն կամաց-կամաց կկատարվի»: Ասել կուզի` ոչ ոքի վատություն մի՛ արա, երկնային արդարության առջև կամաց-կամաց կհատուցես արածդ բոլոր վատ արարքների համար: Եվ ահա մենք՝ մահմեդականներս, այժմ հենց այդ կամաց-կամացն ենք ապրում: Այժմ մենք վճարում ենք ոչ մուսուլման ժողովուրդների հանդեպ մեր գործած դաժանությունների գինը: Վճարում ենք Թուրքիայում, Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում, Պաղեստինում, Սիրիայում:

Մեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն` արդյո°ք հիմա այսպիսի բան գրելու ժամանակն է: Ես կպատասխանեմ՝ այո, հիմա է ճիշտ ժամանակը ու կպարզաբանեմ, թե ինչու:
Ալևիներին Դերսիմում, Մարաշում, Սվասում ու Չորումում չկոտորեցի՞նք: Մեկ միլիոնից ավելի հայերի, այդ թվում և հղի կանանց չասեցի՞նք`«Կամ մուսուլման դարձիր, կամ մահացիր»: Մուսուլմանություն չընդունած հայերին առանց խղճի խայթի չսպանեցի՞նք: Միդյաթում և շրջակայքում հազարավոր ասորիների չոչնչացրեցի՞նք: Մեր ցեղակից եզդիների ունեցվածքին բռնությամբ չտիրացա՞նք: Եզդիների՝ այս տարածքը լքելու համար տեսակ-տեսակ ճնշումներ չգործադրեցի՞ք: Եզդիները մեզ պահ տված իրենց հողերը, ունեցվածքն ու գյուղերը կարողանում են հետ վերցնե՞լ: Մենք հետ տալի՞ս ենք դրանք: Ոչ, չենք տալիս:

Ավելին, այդպիսի դաժանություններ ենք անում ու ասում ենք, թե ժողովրդավար ենք, մուսուլման ենք: Այսօր մեր կողքին ինչքա՞ն հայ կա: Պատասխանը պարզ է՝ մեր շարքերում գրեթե հայ չկա: Ինչքա՞ն եզդի կամ ասորի կա: Ասորիները չլինելու չափ քիչ են, իսկ եզդիներին էլ կարելի է ձեռքի մատների վրա հաշվել:

Գրածներս ընդամենը պատերազմական վիճակում գտնվող մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող կոտորածների համառոտ մասն են: Իսկ վերը թվարկածս այդքան կոտորածներն իրականացնողները մտածել և մտածում են, որ դրանք արվում են հանուն իսլամական կրոնի: Լավ, բայց արդյո՞ք իսլամի մեջ այդպիսի դրույթ կա:

Քավ լիցի, իսլամում երբեք նման կոտորածների ու դաժանությունների համար տեղ չկա: Աստված ինչու՞ է տիեզերքի աստված (Rabbilalemin) կոչվում: Եթե Ալլահը միայն մուսուլմանների աստվածը լիներ, ապա կկոչվեր մուսուլմանների աստված (Rabilmüslimin): Կարճ ասած՝ նրանք, ովքեր մտածում են, որ այդքան սպանդ իրականացվում են հանուն իսլամի, սխալվում են: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր իրականացրած կոտորածների գինն այժմ իրար կոտորելով ենք վճարում: Քանի որ մեր շարքերում այլևս հայ կամ ասորի չի մնացել, մենք իրար ենք սպանում: Դրա պատճառն էլ է պարզ. նախկինում ասում էինք, սպանի՛ր ոչ մուսուլմանին, ով սպանի 3 ոչ մուսուլմանի, կգնա դրախտ: Հիմա ասում ենք. «Նա շիա
մուսուլման է՝ սպանի՛ր, մյուսը սուննի մուսուլման է՝ սպանի՛ր, երրորդն էլ ալևի է՝ սպանի՛ր», ու կրկին սպանում ենք: Այսինքն մերոնք միշտ սպանում են: Սպանելը կարծես մեր արյան մեջ լինի. Օտար չգտնելով՝ միմյանց ենք սպանում»:

Panorama.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն