Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԵԽ-ն պետք է քաջալերի ԼՂ հակամարտության բոլոր երեք կողմերին՝ կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր. Արմեն Ռուստամյան

Հունիս 11, 2013թ. 18:20

Դեռեւս հստակեցված չէ, թե ԼՂ հարցում Հայաստանի պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հայտարարությունում, նաեւ նշել է.

«Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջեւում եւս սպասվում են: Կարեւորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ որեւէ միջազգային կազմակերպություն փորձում է դերակատարություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ցավոք, դեռեւս այսպիսի հստակեցում կատարված չէ եւ չի իրականացվում համակարգված գործունեություն այս ուղղությամբ: Այս խնդիրը առավել քան ակտուալ է այսօր, երբ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Խորհրդի նախագահությունը: Իմ համոզումով, ինչը ներկայացվեց նաեւ այս լսումների ժամանակ, ԵԽ-ն կառուցողական եւ իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե պահպանվեն հետեւյալ երեք անհրաժեշտ սկզբունքները:

Առաջինը՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով չհակասելով՝ պետք է ԵԽ-ն լիարժեքորեն ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորումն իրականացնելու միջազգային մանդատով օժտված միակ միջնորդական առաքելության լիազորությունները: Սա ոչ միշտ է այդպես, եւ մենք չպետք է վարանենք բոլոր այդ դեպքերի հետ կապված փաստերը ներկայացնել այս կազմակերպությանը:

Երկրորդ՝ անհրաժեշտ է բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում որեւէ հարց է քննարկվում, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի անմիջական շահերին, անպայմանորեն ապահովվի Լեռնային Ղարաբաղի կոմպետենտ եւ օրինական ներկայացուցիչների մասնակցությունը այդ քննարկումներին: Այդպիսի նախադեպերը ԵԽ-ում բազմաթիվ են:

Երրորդ՝ ԵԽ-ն պետք է ապահովի իր իսկ հռչակած արժեքների գերակայությունը հատկապես կապված ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառման եւ մարդու տարրական իրավունքների եւ ազատությունների ապահովման հարցերի հետ:

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում դեռեւս չունենալը չի կարող հանգեցնել հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների եւ ազատությունների անտեսմանը եւ այդ տարածքում ԵԽ որդեգրած նորմերի եւ ստանդարտների չկիրառմանը:

Վերջապես, լավագույն օժանդակությունը խաղաղ կարգավորման գոծընթացին կլինի այն, եթե ԵԽ-ն քաջալերի հակամարտության բոլոր երեք կողմերին վերահաստատել 1994թ. զինադադարի Բիշքեքյան համաձայնագիրը եւ կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր:

Հուսով եմ՝ Հայաստանը կօտագործի իր նախագահության բացառիկ հնարավորությունը ԵԽ-ն մղելու ԼՂ կարգավորման հարցով որդեգրելու առավել կառուցողական դերակատարություն»:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն