Ուկրաինացի քաղաքագետ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը համաշխարհային միտում է դարձել
Ուկրաինայի խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցի բարձրացումն այդ ուղղությամբ հայկական սփյուռքի բազմամյա ջանքերի տրամաբանական շարունակությունն է: Այս մասին Analitika.at.ua-ին հայտնել է ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» միջազգային նախագծերի վերլուծական կենտրոնի համակարգող Օլեգ Սմիրնովը:
«Վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դարձել է համաշխարհային միտում, եւ Ուկրաինան բացառություն չէ: Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նման օրինագծի ընդունումն ամենից առաջ ուղղված է այդ ահավոր իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելուն եւ հանրությանը ցանկացած ազգության նկատմամբ բռնության եւ ճնշման անթույլատրելիությունը հիշեցնելուն:
Կարեւոր է նաեւ գիտակցել, որ Ուկրաինայի խորհրդարանի սպասող որոշումն ուղղված չէ որեւէ երկրի կամ ժողովրդի դեմ, այն ուղղված է ապագայում նման հանցագործությունների կանխարգելմանը», – հայտնել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ էր գրանցվել: Օրինագծի հեղինակներն են Արսեն Ավակովը (Բատկիվշչինա), Վիլեն Շատվորյանը եւ Նվեր Մխիթարյանը (Ռեգիոնների կուսակցություն)։












