Փորձագետ. Ադրբեջանի իշխանությունները փորձում են չեզոքացնել հնարավոր մրցակիցներին՝ նախագահական ընտրություններից առաջ
Ադրբեջանի իշխանությունները բոլոր միջոցներով փորձում են չեզոքացնել հնարավոր մրցակիցներին՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ադրբեջանի գծով փորձագետ Սարգիս Ասատրյանը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս, կապված Ադրբեջանում հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ, այդ երկրի ներքաղաքական կյանքում բուռն գործընթացներ են տեղի ունենում: «Նախագահական ընտրություններում ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից միասնական թեկնածու է ընտրվել կինոդրամատուրգ եւ ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը»,-նշեց Սարգիս Ասատրյանը՝ հավելելով, որ իր հերթին, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հունիսի 7-ին կայացած իր համագումարում 3-րդ առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը, որը կլինի նրա երրորդ նախագահական ժամկետը:
«Ադրբեջանի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդին, դրա անդամներին անվանելով «մարդիկ, որոնք արժանի չեն ժղովրդի վստահությանը»: Իշխանությունը շեշտը դրել է այդ խորհրդի անդամների միջեւ առկա հակասությունների վրա»,-ամփոփեց փորձագետը:












