Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Եկել է երկիր թալանողների ձեռքը բռնելու ժամանակը

Հունիս 16, 2013թ. 20:33

Տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող չարաշահումների, պետական բյուջեի միջոցների փոշիացման մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է, սակայն օրերս խորհրդարանում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ներկայացումն անսպասելի տպավորիչ ազդեցություն ունեցավ, արժանանալով նույնքան անսպասելի արձագանքի: ՙԲյուջեի իրական փողերը լափում են որոշ մարդիկ: Փաստորեն մենք թալանչիների հետ գործ ունենք: Սրա վերջը ի՞նչ է լինելու՚. սա ոչ թե ընդդիմության հերթական հայտարարությունն էր, կամ էլ մամուլից արված ծաղկաքաղ, այլ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի` ԱԺ նախագահի հրապարակային դժգոհությունն ու զարմանքը` կեղծարարությամբ եւ գումարների յուրացմամբ զբաղված պաշտոնյաների մասին փաստեր լսելիս:

Մամուլը միանգամից արձագանքեց. ընդդիմությունը շոկային վիճակում է, իշխանությունը` կոռուպցիայի մասին խոսելու մենաշնորհից էլ զրկեց նրան: Համաձայնեք`անցել է թե՜ ընդդիմության, թե՜ իշխանության խոսելու, մեկմեկից ՙմենաշնորհներ՚ խլելու ժամանակը, ի վերջո, թալանի մասին խոսելով հասարակությանը չես զարմացնի: Փոխարենը եկել է թալանողների ձեռքը բռնելու ժամանակը:

Թերևս այս գիտակցումն էր պատճառը, որ խորհրդարանի քաղաքական տարբեր` իշխանական ու ընդդիմադիր թևերի ներկայացուցիչների մոտ, հանուն երկրի ապագայի ուժերն համատեղելու անկեղծ պատրաստակամություն առաջացավ:

Եվ ուրեմն, ի՞նչ անել, երկիր կործանող կոռուպցիայի դեմն առնելու, ինչպիսի՞ արդյունավետ մեխանիզմներ գործի դնել չարաշահումները կանխելու համար:

Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են` ազատվել այն մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքով եւ յուրացումներով, կոռումպացված պաշտոնյաները, օրենքը խախողները պետք է պատասխանատվության ենթակվեն, թալանչիներով պետք է զբաղվի դատախազությունը:

Ընդդիմադիր գործիչները նման ՙխրոխտ՚ հայտարարություններով երկիրը թալանչիներից ազատելն ու չարաշահումների դեմն առնելն անհնար են համարում: Նախկին ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի անվստահության պատճառն այն է, որ իրականում շատ ավելի աղմկահարույց փաստեր են անտեսվում ու թաքցվում հե՜նց դատախազության ձեռքով. ՙՀրապարակվեց փաստը` օվշորային գոտում վարչապետի գործունեության մասին, ու մեկ էլ լուր տարածեցին, թե նա դիմել է դատախազություն. հարց եմ տալիս` դիմել է, որ դատախազությունն ի՞նչ անի՚:

Փոխարենը կարծում է, որ երկրի մաքրումը պետք է սկսել հենց օվշորներում գործակցող վարչապետից ու ՎՊ նախագահի զեկույցից խի~ստ զարմացած ԱԺ նախագահից, ՙթող Հովիկ Աբրահամյանն իր ունեցվածքի մասին մի հատ հաշվետվություն ներկայացնի, հո խոսելով չէ՚:

Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասել էր, թե երկրում գրանցված դրական տեղաշարժն արդեն նկատելի է, դա համարելով ՙհրապարակային, բաց խոսելը՚։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հակադարձում է` այն ինչ լսեցինք խորհրդարանում բնավ նորություն չէր, ավելի ցցուն տվյալներ են հայտնի: Հետևաբար, արդյունավետ կարող է լինել միայն մեղավորներին պատժելը: Բայց այստեղ էլ գլուխ է բարձրացնում դատախազության հանդեպ վստահություն պակասը.ՙԶաքարյանը չբացեց շատ փակագծեր, իսկ իրականությունը հետևյալն է` դատախազությունը միշտ ստանում է այդ փաստերը, բայց ոչինչ չի անում, 10-ից մեկի դեպքում է միայն, որ գործը հասնում է պատժի՚: Մանուկյանը մտահոգ է` նման բացահայտումները կարող են ընդամենը մարդկանց պատժելու, չարաճճիներին խելոքացնելու գործիք ծառայել իշխանության ձեռքին: Իսկ եթե իշխանության նպատակներն ազնիվ են, ապա ընդդիմադիր գործիչն ակնկալում է բոլոր այն պատճառների` սոցիալական ծանր վիճակի, գործազրկությա, անիրավության, անպաշտպանվածության, շուտափույթ կանխում, որոնք ստիպում են հային հեռանալ Հայաստանից:

Երկրում արտագաղթն ու կոռուպցիան կանխելու իր մեխանիզմն առաջարկեց ՙԱզգային անվտանգություն՚ կուսակցության նախագահ, Գառնիկ Իսագուլյանը. հայ ժողովուրդ գիտի օրենք հարգել ու կատարող է, բայց եթե տեսնում է, որ այդ օրենքը բոլորի համար չի աշխատում, սկսում է շրջանցել: Իսկ որպեսզի արտագաղթը կանխվի, կոռուպցիան վերանա անհրաժետ է հնչի հստակ հրահանգը` որևէ մեկը արտոնյալ չէ օրենքի առաջ և ամեն ինչ կընկնի իր տեղը:

ՙՇատ վատ է, որ վարչապետն ամբիոնից ասում է` բոլոր երկրներում էլ արտագաղթ կա: Այդպես չէ՚,- Տիգրան Սարգսյանին խորհուրդ տալով առաջնորդվել Իսրայելի օրինակով, երկիր, որը 46 թվականին շատ ավելի ծանր վիճակում էր, քան այսօր Հայաստանն է, բայց այնտեղ ոչ թե ՙարտա՚, այլ ՙներ՚ գաղթ էր տեղի ունենում, որովհետև մարդիկ չէի կարող պատկերացնել` ինչպե՞ս կարելի է այդ իրավիճակում երկիր թալանել: ՙՕվշորային գործաքի փաստն անտեսելը գիտեք մեզ մինչև ո~ւր կարող է մեզ տանել: Գնացեք երկաթգծի կայարան, ամեն օր մինչև 10 ավտոբուսներով հայ ժողովուրդը հեռանում է, երկիրը դատարկվում՚:

Իրավիճակից հիասթափցած Կարապետ Ռուբինյանի համար լուծման մեկ ուղի կա` ՙկոռումպացված հանցախումբը պետք է հեռանա՚, հակառակ դեպքում ամեն ինչ ՙձևական պրոցեդուրա՚ է, ինչի վերջը հեղափոխությունն է` որն իր հետ կմաքրի ու կտանի ամեն ինչ` ուրիշ ձև չկա:

ՙԱստված մի արասցե, որ հասնենք հեղափոխության, դա միայն երկրի վիճակը կվատացնի, թացն ու չորն իրար կխառնվի, ու մենք պարզապես, կարող ենք երկիր կորցնել՚. հեղափոխական ճանապարհով հարցերի լուծումը ծայրահեղ քայլ համարող ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համոզված է, որ նման զարգացումներից խուսափելու մեկ ուղի կա, իրավիճակի փոփոխությունը կախված է մեկ անձից` ՙԴա գործող նախագահն է ու նրա կողմից կայացվող քաղաքական վճիռը՚: Այն, որ Վերահսկիչ պալատը հերթական անգամ` քարը քարի վրա չթողնող բացահայտումներ արեց, Գիմիշյանը համոզված է` դա արդեն իսկ նախագահի քաղաքական որոշման հետևանքն էր. ՙՎերահսկիչն ինքնագլուխ չէր կարող բացահայտել: Իսկ եթե նախագահը վճռել է բացահայտել իրականությունը, դա արդեն հուսադրող է՚:

Ընդամենը պետք է հնչի մեկ մարդու հրահանգ, որ վաղվանից ավարտվում է ամեն ինչ, և 24 ժամ հետո Հայաստանում այլևս կոռուպցիա, կաշառք չի լինի. այդ անձը երկրի նախագահն է. իր հերթին համոզված է Գառնիկ Իսագուլյանը: Նախագահի նախկին ներկայացուցիչը նաև ավելորդ է համարում բազմաթիվ վերահսկողական ծառայությունների գոյությունը, որոնք ինչքան բազմացան, այնքան կոռուպցիան Հայստանում ավելի աճեց, քանի որ, ըստ Իսագուլյանի, դրանցից ամեն մեկն իր հերթին զբաղված է ՙսեփական կոռուպցիայով՚` հայտնաբերում են խախտումներ, որոնք իրենց չեն վերաբերում, իսկ հիմնական հանցանքների առաջ աչք է փակվում: ՙՄեկին կարող են կալանավորել, մեկ ուրիշի տասնապատիկ արված հանցանքը չնկատելով, իսկ նա ով նկատում ու բարձրաձայնում է, ասում են` հայրենիքը չի սիրում՚,- արդարցիորեն դժգոհում է Գառնիկ Իսագուլյանը:

Կառավարությունը որոշել է իր պաշտոնական կայքում տեղադրել խախտումներ կատարած գերատեսչությունների ղեկավարների բացատրությունները, իբրև կոռուպցիայի դեմ պայքարի հրապարակային դրսևորում: Մինչդեռ

քարաքական գործիչներն այս քայլը նույնքան անլուրջ են համարում: ՙԿառավարության նկատմամբ վստահություն չկա, ես նրա անկեղծությանը չեմ հավատում՚, թերահավատ Սոս Գիմիշյանը վստահ է, եթե կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի ցանկություն ունենար, վաղուց կպայքարեր: Անհեթեթություն համարելով կայքում բացատրություններ տալը, Իսագուլյանը կարծում է, որ թալան իրականացրածները պետք է միանգամից հեռացվեն համակարգից: Բայց ոչ թե այնպես, ինչպես սովորաբար լինում է մեզանում. անհաջող չինովնիկն իր պաշտոնից ազատվում է ու որոշ ժամանակ անց սահուն վայրէջք կատարում մեկ այլ պատասխանատու ՙպոստում՚:

Ի՞?նչ քայլեր պետք է հաջորդեն հիշյալ բացահատումներին. Սոս Գիմիշյանի առաջարկն է` երկրի նախագահը պետք է ազատվի գործող կառավարությունից, որը կորցրել է իր հանդեպ վստահությունը և իր շուրջը համախմբի հասարակությանը` երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար. ՙԵթե Սերժ Սարգսյանը գնա այս քայլերին, ինչը մեծ պատիվ կլինի նրա համար, համոզված եղեք, երկրում շատ արագ իրավիճակ կփոխվի և ցանկացած դիմադիր, ընդդիմադիր քաղաքական ուժ, գործիչ պատրաստ կլինի համախմբվել ու երկիրն այս վիճակից դուրս բերել: Ինքս էլ պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ անել ժողովրդիս համար՚:

Երկրում արմատակալած վտանգավոր երևույթներից ազատվելու ժամանակն է, ՙհայրենիքի դավաճաներին պետք է պատժել, միակ ձևը սա է՚, հակառակ դեպքում Գառնիկ Իսագուլյանն իր հերթին համոզված է, հեղափոխությունն անխուսափելի կլինի:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն