Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Մերօրյա Հերոստրատը կամ «այստեղով անցել է» Նարեկ Սարգսյանը

Հունիս 16, 2013թ. 23:39

Անսահման տհաճություն զգացի վերնագիրը գրելիս, բայց ստիպված եմ, որովհետեւ որոշել եմ անմասն չմնալ այս նվիրական, ես կասեի` սրբազան պայքարում: Ի՞նչ է ուզում այս «տղան» Երեւանից:

Վերացրեց, գետնի երեսից սրբեց հին Երեւանը, ինչը պիտի պահպանվեր որպես թանգարան: Այդպես են վարվել շատ քաղաքներ` պահպանելով «հին քաղաքը» , թող որ նրանք լինեն ոչկատարյալ ճարտարապետական կոթողներ, փոխարենը` իրենց մեջ պահում են անցյալի ոգին, պատմությունը` կարգերի, բարքերի, ժողովրդական շինության: Հինը չեն կարկատում (մոդեռնացնում), հինը թողնում են որպես հնություն, կողքին դնում (շինում) են նորը, որպեսզի ժամանակների միջեւ խզում չառաջանա, հաջորդականության օղակները չխախտվեն: Բայց ո՞ւմ եմ ասում: Նզո՞վք տամ նրան դիպլոմ տվողներին: Բայց նրանք ի՞նչ մեղք ունեն: Ի՞նչ իմանային, թե տարիներ անց մասնագիտություն պիտի դարձնի ոչ թե շինելը (կառուցելը), այլ ավերելը: Այ, էն մեկը, հաստատ, պիտի նզովվի, ով նրան «մեյդան» բերեց ու առաջին, երկրորդ ավերիչ քայլերից հետո էլ չկասեցրեց վանդալի «հաղթարշավը»: Չկարծեք, թե չգիտեմ ինչու են պահում, ինչու են խթանում ավերիչի «գործունեությունը»: Մտնում է այնտեղ, որտեղ մեծ (շա՜տ մեծ) փողեր կան:

Տեսեք ո՞ւր է նշան բռնել, ի՞նչն է ընտրել որպես թիրախ` հրապարակ, թմբուկ, Հաղթանակի այգի: Մեղսագործ ձեռքերդ հեռո՛ւ այդ սրբություններից: Առանց այդ էլ սրբատեղին դարձրել եք անսանձ խրախճանքների` վակխանալիայի տեղ: Ե՞ս պիտի ձեզ հուշեմ` ճարտարապետներիդ, քաղաքաշինարարներիդ, թե ինչպես հրապարակն ազատել տրանսպորտային ծանրաբեռնվածությունից: Ողջ աշխարհն եք ման եկել: Սովորեիք, թե ինչպես են խելոք մարդիկ քաղաքների նման հատվածները դարձրել ճեմուղի, հանգստավայր: Ոչինչ էլ չեմ հուշի, եւ ոչ ոք չպիտի անի դա: Դո՛ւք պետք է անեք, պարտավոր եք, որովհետեւ ժողովուրդը ձեզ վճարում է, եւ անեք միայն ու միայն ժողովրդի հետ խորհրդակցելուց եւ նրա հավանությունն ստանալուց հետո:

Թե չէ ժողովրդին, լրատվամիջոցներին համարում եք լուսնահաչ տվողներ ու ձեր սեւ գործերը շարունակում: Հերոստրատը մի տաճար այրեց եւ դարձավ անփառունակության սիմվոլ ու մնաց (ցավոք) պատմության մեջ: Դու քանի՞ այդպիսի տաճար ես ավերել: «Հետքերդ» ցցված են քաղաքի կենտրոնում` որպես քարաբետոնե նզովք, որ պիտի կարդան ձեր գլխին հաջորդ սերունդները:

Խոստանում եմ պատվիրան թողնել սերունդներին` համապատասխան վայրերում խոշոր տառերով ցուցատախտակներ հարմարեցնել. «Այստեղով անցել է (ոչ, թուրքը չէ) Նարեկ Սարգսյանն իր ասպատակիչներով»:

Պետրոս ՈՍԿԱՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն