Լեոնիդ Ենգիբարյանի պատռված կոշիկի երգը
Հոգու ցավ, որը բոլոր ցավերից ամենասոսկալին ու վեհն է: Դա ցավ է, որը մեր արվեստագետներին կարող էր թեւեր տալ: Երանությամբ եմ հիշում մեր այն երգիչներին, գրողներին, նկարիչներին, ովքեր երգում, գրում էին ոչ թե կլորիկ գումար վաստակելու կամ ճանաչված լինելու գորշ դրդապատճառով, այլ որովհետեւ չէին կարող դա չանել:
Ստիպիր սոխակին, որ չդայլայլի՝ կարո՞ղ ես: Կար հոգու մղում ու ցավ: Հիմա մի տեսակ անգույն միջակությունների շրջան է ու բոլորն անտարբեր երջանիկներ են: Եթերը ողողված է շողշողուն երջանիկ աստղերով, որոնք երջանիկ են՝ չգիտես ինչու: Չի տեղավորվում մարդու ուղեղում, որ այս թշվառ ֆոնին մարդ կարող է իրեն կատարելապես երջանիկ զգալ ու ասել՝ երջանիկ եմ, որ ամեն ինչի հասել եմ: Արվեստագետը եթե հասնելու սահման է դնում, արդեն մեռած է, ու կարծեք թե ճիշտ են ասում, որովհետեւ միայն մեռած մարդիկ են ինչ որ սահմանի հասնում, որից այն կողմ ձգտում չկա: Թումանյանը ճիշտ է նկատել. «Ձեւն ու ձեւապաշտությունը ամեն տեղ, եւ վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երեւույթների ներքին իմաստը եւ մանավանդ նրանց առողջ ամբողջությունը»: Կավելացնեի՝ վա՜յ էն մարդուն, ով հոգու ցավ է զգում իր երկրի հանդեպ: Պետական պատվաստմամբ մեր մտավորականներն իմունիտետ են ձեռք բերել հոգու ցավի նկատմամբ ու դարձել մի տեսակ անտարբեր ու բութ երջանիկ: Մտել են երջանկության կաղապարի մեջ, չե՜ն զգում, չե՜ն վայելում: Գլխավորը պատերն են եւ ճիշտ է նկատել Թումանյանը. «Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի:
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեեւ հենց բառը` եկեղեցի, բոլորովին այլ բան կնշանակի:
Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, եւ մինչեւ անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․
Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.
Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․»:
Այդ ամենը հիմա կա՝ տպագրված գրքեր, ճոխ տեսահոլովակներ, ամպափրփուր հագուստ, կոչումներ, շքանշաններ, պարգեւատրություններ, բայց չունենք ժողովրդի սրտից գրող, երգող մեկը, ով կարժանանա համաժողովրդական մեծարման: Ու ճրագն առած ման ենք գալիս ու նրանց գտնում անցյալի ծալքերում: Վերջերս կարդում էի Բելլա Դարբինյանի հուշերից՝ Լեոնիդ Ենգիբարյանի մասին, ուղղակի ցնցվեցի: Այն կարող է օգտակար լինել նաեւ նրանց, ովքեր հանդիսատեսին շշմեցնում են միայն իրենց շորերով, կրծքալներով, բարձրակրունկներով ու շքեղ նիստուկացով: Բելլան ու Լեոնիդը ծանոթացել էին Չեխոսլովակիայում՝ հյուրախաղերի ժամանակ եւ նրանց մեծ ընկերությունն ընդհատել էր մահը:
Ահա թե ինչ է պատմում Բելլան. « Լյոնյան առաջարկել է ցույց տալ Պրահան: Հանկարծ անսպասելի անձրեւ է սկսվել: Մենք ոտքից գլուխ թրջված մտել ենք գիշերային մի ակումբ, դռնապանը Լյոնյային ճանաչել է, նրանց նստեցրել են ամենակենտրոնում: «Նայեցի շուրջս,- պատմում է Բելլան,- երեկոյան շքեղ զգեստներով կանայք եւ տղամարդիկ էին: Մենք ոտքից գլուխ թաց, երկար մազերիցս ջուր էր կաթում ուղիղ սփռոցի վրա: Մի խոսքով երկուսս էլ խղճուկ տեսք ունեինք: Ես զայրացած էի: Հիմա եմ հասկանում, որ կյանքում ամեն ինչ հարաբերական է, միայն գեղեցիկ պահերն են մնում հիշողության մեջ: Ծրագրի վերջում հաղորդավարը չեխերեն ինչ-որ բան խոսեց եւ բարձրաձայն ասաց` Լեոնիդ Ենգիբարով: Բոլորը հոտնկայս ծափահարեցին, ապա նվագախումբը միայն նրա համար նվագեց «Սեւ աչերը», եւ Լյոնյան ինձ պարի հրավիրեց: Բեմում ուզում էի ամոթից մեռնել, իսկ Լյոնյան ժպտալով ասաց. «Ես երջանիկ եմ»: Ես զայրութից նրան չէի նայում, նայում էի մեր թրջված ոտքերին եւ հանկարծ աչքս ընկավ նրա պատռված կոշիկին: Ականջին շշնջացի. «Կոշիկդ պատռվել է»: «Գիտեմ»,- ասաց: Որոշեցի` վաղնեւեթ նրա համար կոշիկ գնել: Բայց ինչպե՞ս իմանամ ոտքի համարը, որ չկռահի մտադրությունս: Նայեցի ոտքերին ու ասացի.
-Այդ ի՞նչ փոքրիկ ոտքեր ունես, Լյոնյա, 37 համար կլինի՞:
– Ինչ է, ինձ կնոջ տե՞ղ ես դրել,- զայրացավ նա,- ոտքս 41 համար է:
– Չի կարող պատահել, շատ փոքր են երեւում:
– Երեւի կոշիկներս շատ մաշված են, այդ տպավորությունն են թողնում:
Մյուս օրն առավոտյան մի զույգ կոշիկ գնեցի, ինքը սենյակում չէր, դրեցի մահճակալին ու դուրս եկա: Քիչ անց դուռս թակեցին, Լյոնյան էր` նոր կոշիկներով, արցունքն աչքերին: «Կյանքում առաջին անգամ եմ նվեր ստանում»,- հուզված ասաց նա:
Ենգիբարյանի հյուրախաղերի ավարտին նույն ակումբում երեկո են կազմակերպել: Եվ երբ նվագել են «Սեւ աչերը», նա տեղից վեր է կացել, հանել կոշիկը, սեղմել կրծքին, լուռ, արտասվաթոր աչքերով կանգնած մնացել մինչեւ երաժշտության վերջը… Հիմա եմ հասկանում, որ այն անձրեւոտ օրը Պրահայում իսկապես երջանիկ էինք»:
Լեոնիդ Ենգիբարյանի պատռված կոշիկը չխանգարեց, որ նա Մեծ կոչվի ու ժողովուրդը սիրի նրան: Հիմա հայ հանդիսատեսին միայն շորեր ու կոշիկներ է մատուցվում, առանց ներքին էության՝ հոգու: Այդքանից հետո զարմանում են, որ մարդիկ սկսում են քրֆել նրանց մամուլում, սոցիալական ցանցերում՝ սերը պակասե՜լ է,- ասում են: Ու եթե Լեոնիդն արտասվել է ուրախությունից՝ իրեն նվիրած կոշիկի համար, այսօր հայ հանդիսատեսին է մնում լացել՝ մեր չկայացած «հանճարների համար», որոնց միակ հարստությունը պահարաններում չտեղավորվող կոշիկներն ու հագուստներն են ու իշխանական այբուբենը սովորելը: Ու առաջին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հեռուստատեսության ղեկավարությանը, որ այդպես տեղը տեղին ներկայացնում է անարեւ աստղերի տները, ունեցվածքը, հագուստը, զուգարանը, բաղնիքը, ներքնաշորերը, կերած կերը… Աստված իմ, իսկ հոգի՜ն, ներաշխա՜րհը, էությու՜նը: Թքա՛ծ, հիմա հոգիներից էլ է ստամոքսի հոտ գալիս, սննդից բացի ոչ մի բանի մասին չմտածող ստամոքսի բիոհոտ:
Իսկ Լեոնիդի պատռված կոշիկի երգը դեռ շատ սերունդներ է կրթելու:
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ












