Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Ի՞ՆՉ ԱՍԵԼ Է ԲԱՆԱԿԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

Հունիս 29, 2013թ. 14:03

բանակԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով

Եվ այսպես. որքանո՞վ պետք է զինված ուժերը լինեն թափանցիկ, եւ ի՞նչ չափով պետք է հասարակությունն իրազեկված լինի պաշտպանական համակարգի խոհանոցին:
Որտե՞ղ է ավարտվում թափանցիկության ու որտեղի՞ց սկսվում անվտանգության սահմանը. նկատենք, որ այս հարցում ակնհայտորեն տարբեր են զինված ուժերի ու քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների ընկալումները:
«Բանակը նաեւ մենք ենք, դուք չեք, բանակում են ծառայում մեր որդիներն ու եղբայրները»: Լիովին ընդունելի է «Բանակն իրականում» քաղնախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանի պահանջը: Այն, որ թափանցիկությամբ միայն կարելի է նպաստել զինված ուժերի արդյունավետ կառավարմանը, կարգապահության հաստատմանը, կառուպցիայի կանխմանը, հանցագործությունների կանխարգելմանն ու սպանությունների բացահայտմանը, ոչ ոք չի վիճարկում:
Բայց գոնե պետք է նաեւ հստակ լինի, որ գործ ունենք մի ոլորտի հետ, որն անմիջականորեն առնչվում է մեր երկրի ազգային անվտանգությանը, դրանով հանդերձ, թափանցիկության ոչ ճիշտ «չափաբաժնի» օգտագործումը կարող է վերածվել անվտանգությանն ուղղված սպառնալիքի:
«Հասարակությունն անվտանգության ոչ օբյեկտիվ ընկալման արդյունքում կարող է պահանջել թափանցիկության այնպիսի մակարդակ, որի ապահովումը ամենեւին չի բխում հե՛նց նույն հասարակության անվտանգության շահերից»,- հայտարարեց նախարար Օհանյանը:
Նաեւ հիշեցնելով, որ մենք խաղաղ պայմաններում չենք ապրում, որ «մեր զինված ուժերի 1/3-ը գտնվում է մարտական հերթապահության մեջ, հետեւաբար պատերազմի մեջ ենք, ամեն օր հակառակորդի կրակոցներն են տեղում: Ուրեմն նաեւ պարտավոր ենք գիտակցել թափանցիկության ու անվտանգության ողջամիտ սահմանը, որպեսզի լինեն հավասարակշռված»:
Նախարարը համոզված է, որ այստեղ կարեւոր անելիք ունի հասարակական սեկտորը: Իսկ ինչպե՞ս են թափանցիկություն ասվածը պատկերացնում վերջինիս ներկայացուցիչները:
Այս առումով բավական «յուրօրինակ» են իրավապաշտպան Արթուր Սաքունցի ընկալումները: Օրինակ, թափանցիկություն ասելով հասկանում է գնումների ոլորտում կատարվող ցանկացած քայլի մասին մանրակրկիտ իրազեկում հասարակությանը, եւ որ ինքն ու իր նմանները, ոչ ավել, ոչ պակաս, պետք է մասնակցեն ոլորտում որոշումների կայացմանը: Իր խոսքը հաստատելու համար էլ բերեց «որոշ երկրների» օրինակը, ուր ռազմական տեխնիկայի ձեռքբերումը կատարվում է հրապարակայնորեն` խորհրդարանի միջոցով:
Որքան էլ զուսպ, բայց նախարարը չկարողացավ թաքցնել վրդովմունքը. ստացվում է, որ «մարդիկ պիտի գան ու նախարարի փոխարեն սկսեն որոշումներ ընդունե՞լ»։
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ստիպված էր դարձյալ հիշեցնել պայթյունավտանգ տարածաշրջանի ու ազգային անվտանգության սպառնալիքների մասին՝ հորդորելով ընտրել ճիշտ ռազմավարություն ու մարտավարություն:
Սակայն իրավապաշտպանը շարունակում էր ներկայացնել իր մտքի փայլատակումները. որպեսզի փարատվեն համակարգում կոռուպցիոն ռիսկերի մասին իր կասկածները, պահանջում է ստանալ համակարգի մասին ամբողջական տեղեկատվություն, թե չէ մարդը նստում ու եզրակացություններ է գրում՝ հիմնվելով, իր իսկ խոսքով, «կիսատ-պռատ տեղեկատվության վրա»:
Մի կողմ թողնելով այն կասկածները, թե ում գործն է փորձում հեշտացնել Սաքունց Արթուրն իր ուզածի չափ բաց ու թափանցիկ ցանկանալով տեսնել հայկական զինուժը, բայց մի կարեւոր հանգամանք չենք կարող աչքաթող անել. վանաձորցի իրավապաշտպանը հրապարակավ խոստովանեց, որ մինչ օրս բանակի մասին գրած իր բոլոր եզրակացությունները հիմնված են եղել կիսատ-պռատ տեղեկատվությունների վրա, հետեւաբար կիսատ ու պռատ են:
Սաքունցյան առաջարկած «խաղի կանոններից» նեղված պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտարարեց` ի վերջո, այն, ինչ արվում է քաղաքացիական կյանքում` մարդու իրավունքների պաշտպանության, հասարակության իրազեկության ապահովման առումով, չի կարելի նույն ծավալով տեղափոխել պաշտպանության համակարգ:
Պապից ավելի կաթոլիկ ներկայացող ժողովրդավարների համար բացառիկ ու կարեւոր շեշտադրումներ պարունակող ելույթ ունեցավ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրը, որում, ի զամանս մեզ, ակնհայտ էր հակադարձը սաքունցյան «տրամանբանությանը»:
Եվրոպացին նախ նրբանկատորեն ընդգծեց` այն, ինչ մի երկրի կողմից կարող է համարվել լավ կամ լավագույն փորձ, մեկ այլ երկրում կարող է մերժվել, անգամ ձախողվել, քանի որ, ինչպես ընդգծեց Ֆլուրը. «Ամեն ազգի մեջ տարբեր է, ամեն ազգի փորձը տարբերվում է մյուսից», հետեւաբար «ամեն ազգ իրավունք ունի սահմանելու իր իսկ սեփական բանաձեւը»:
Այն կառույցներն ու անձինք, ովքեր ամեն օր զբաղված են եվրոպական փորձը մեր աչքը մտցնելով, լավ կլինի մեկ-մեկ էլ ուշադրություն դարձնեն նույն եվրոպացիների անկեղծ դիտարկումներին:
Ֆիլիպ Ֆլուրը նաեւ խոսեց խորհրդարան-պաշտպանության համակարգ հարաբերությունների մասին. «Խորհրդարանականները չպետք է ղեկավարեն անվտանգության ոլորտը, այն համակարգի աշխատակիցների գործն է», ավելին՝ «խորհրդարանականները իրավունք չունեն դառնալ պաշտպանության ոլորտի մենեջերներ». սա արդեն բացահայտ հակահարված էր վանաձորցի իրավապաշտպանին:
Քննարկման երկրորդ մասն անցավ հարց ու պատասխանի դաշտում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆբանակ


Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն