Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

ՎՊ-Ն ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՍԵՐՄԱՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Հունիս 29, 2013թ. 23:20

Օրեր շարունակ խորհրդարանը բուռն քննարկումներ ծավալեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության շուրջ: ՎՊ բացահայտումները չշրջանցեցին նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, նշվեց, որ վերջինիս շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքներում արձանագրվել են էական խնդիրներ եւ ռիսկեր:
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ։

-Վերահսկիչ պալատն իր զեկույցում նախ անդրադարձավ «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրին: Նշվեց, որ այն իրականացվել է թերություններով եւ խախտումներով: Բերվեց հետեւյալ օրինակը. 2010թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտից գործում է ընդամենը 8-ը, 2011-ին 17 սուբյեկտից՝ 8-ը, իսկ 2012-ին վարկավորված 130 սուբյեկտից 11-ն արդեն իսկ լուծարվել է: Ինչպե՞ս կմեկանաբանեք այս հանգամանքը:
-Դեռ 2010-ին «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը» (ՓՄՁ ԶԱԿ) սկսեց իրականացնել նոր ծրագիր, որի նպատակն էր սկսնակ ձեռնարկատերերին օժանդակելը: Բանն այն է, որ առեւտրային բանկերը սկսնակ ձեռներեցությունը դիտարկում են բարձր ռիսկային եւ հրաժարվում տրամադրել վարկային ռեսուրսներ: Ասում են` գնա, բիզնեսդ կայացրու, հետո վարկավորման համար կդիմես մեզ:
Ի՞նչ անի այն ձեռնարկատերը, որն ուզում է իր ընտանիքը պահել, աշխատատեղեր ստեղծել, ո՞ւմ դիմի: Պարզ է, որ պետք է դիմի կառավարությանը եւ խնդրի օժանդակել իրեն: Եվ ահա, կառավարությունը որոշեց մտնել ռիսկային գոտի եւ օժանդակել մեր ձեռներեցներին: Գիտեք, աշխարհում էլ է այդպես, նման ծրագրերը խիստ ռիսկային են: Սկսեցինք շատ զգուշավոր, մտածված քայլերով այն իրականացնել:
Մեր մասնագետները երեք ամիս շարունակ ձեռնարկատերերի հետ փորձում են մարսել ներկայացված բիզնես-գաղափարը, կատարում են հաշվարկներ, որից հետո միայն ծրագիրը ֆինասավորվում է: Այո, միշտ չէ, որ սկսնակ բիզնեսը հասնում է հաջողության, սա մենք պետք է գիտակցենք: Եթե 30-ից 8-ն է գործում, դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը միջոցներ է վատնում: Չի նշանակում, որ մենք ծրագիրը ձախողել ենք:
-Այդ դեպքում, ո՞ւմ մեղքով են լուծարվում վարկավորված կազմակերպությունները:
-Այդ կազմակերպություններից որոշները փակվել են, որովհետեւ ծրագիրը ունեցել է սեզոնային բնույթ: Գիտեք, աջակցություն ստացած ոչ բոլոր սկսնակ գործարարներն են, որ կարողանում են հաջողությամբ իրականացնել բիզնես գաղափարը, դառնալ մրցունակ սուբյեկտներ: Վերջապես մարդը չգիտի՝ իր արտադրանքը շուկայում կվաճառվի՞, թե՞ ոչ: Կյանք է, ամեն ինչ լինում է: Հեշտ չէ բիզնեսով զբաղվելը:
-Խոսքը վարկերի օգտագործման արդյունավետության մասին է, Վերահսկիչ պալատի արձանագրմամբ այն ոչ նպատակային է օգտագործվել, եւ ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանն ու աշխատատեղերի ավելացմանը:
-Նախ, սկսնակ գործարարների աջակցության միջազգային փորձը վկայում է, որ նրանց 80 %-ն առաջին 3 տարիների ընթացքում դադարեցնում են իրենց գործունեությունը: Հիմա հաշվեք ու համոզվեք, թե մեր պարագայում արդյունավետությունը որքա՞ն է կազմում. 130 սուբյեկտից 11-ն է լուծարվել, եթե դիտարկում ենք դինամիկայի մեջ՝ սա գերազանց ցուցանիշ է:
Ի՞նչ է նշանակում «բավարար չափով». այս ձեւակերպմանը բոլորովին համաձայն չեմ: Ես էլ կարող եմ աշխարհի փորձով պնդել հակառակը` բավարա՛ր է: Դե, պատկերացրեք ՓՄՁ ԶԱԿ-ի ղեկավարի հոգեվիճակը, որը շրջում է գյուղ առ գյուղ, աշխատում ձեռներեցների հետ ու հետո լսում է նման հաշվետվություն, ուր իրեն ասում են` դու վատնում ես այդ միջոցները: Ինչպե՞ս կարելի է նման գնահատականներ տալ:
Նաեւ չենք կարող չարձանագրել, որ կան ոչ պարկեշտ գործարարներ, որոնք վերցրել են գումարներն ու ծախսել այլ նպատակներով, ինչ-որ այլ բաներ են գնել, ո՞նց կարող ես մարդկանց ձեռքը բռնել…
-Հենց դա նկատի ունենալով էլ ՎՊ-ն արձանագրում է` ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա։
-Ի՞նչ է նշանակում «հավաստի ցուցանիշ», մեր ձեռներեցներին պետք է վստահե՞նք, թե՞ ոչ: Մենք օժանդակող կառույց ենք, ոչ թե վերահսկող եւ նրանց հետ կառուցում ենք վստահության վրա հիմնված հարաբերություններ: Պատկերացրեք, որ պետությունն անվերջ «ռեւիզորություն» անի` ցո՛ւյց տուր այս, ցույց տուր այն, դա սխալ գործելաոճ է:
Այո, չեմ թաքցնում, որ որոշ գործարարներ 100 տոկոսով հարկային մարմիններին ցույց չեն տալիս իրենց ապրանքաշրջանառությունը, դա մեր երկրում լուրջ խնդիր է, որից պետք է քայլ առ քայլ ձերբազատվենք: Նաեւ դրա համար պետք է կանգնենք ձեռներեցների կողքին ու սովորեցնենք նրանց չվախենալ հարկային դաշտում աշխատելուց: Դրա համար էլ դիմում ենք ռիսկի` վստահում նրանց ու իրենց տրամադրած տեղեկատվության համաձայն էլ ֆինանսավորում:
Բայց սա նաեւ չի նշանակում, որ պատահական մարդկանց են տրվում վարկեր: Ինչպես արդեն նշեցի, ամիսներ շարունակ նրանց հետ լուրջ վերապատրաստական աշխատանքներ են տարվում:
Բայց ինչո՞ւ չեն խոսում հաջողությունների մասին: Չէ՞ որ այդպիսիք էլ կան: Կան կազմակերպություններ, որոնք կայացել են ու ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր: Ինչո՞ւ են միայն բացասականը տեսնում: Դրա համար էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկեց փոխել ՎՊ հաշվետվության ներկայացման ձեւաչափը, որպեսզի դրան զուգահեռ կառավարությունն էլ կարողանա իր մեկնաբանությունները ներկայացնել:
-Փաստորեն ՎՊ գնահատականներին համակարծիք չեք, դրանք, ըստ ձեզ, իրականությանը չե՞ն համապատասխանում:
-Ոչ թե չեն համապատասխանում, այլ ներկայացվեց ոչ խորքային, մակերեսային զեկույց: Ընդ որում, երբ ՎՊ ներկայացուցիչները մեզ հետ քննարկումներ էին անցկացնում, նրանց խոսքերում ոչ մի բացասական երանգ չկար, ասում էին` նորմալ է, բնական: Բայց հետո նման զեկույց լսեցինք, արձանագրվեցին փաստեր, որոնց հետեւում չկա մեկնաբանություն, ինչն էլ բացասական տրամադրությունների տեղիք տվեց:
Նաեւ մի կարեւոր ընդգծում անեմ. Վերահսկիչ պալատը նման գնահատականներով ուղղակի վանում է սկսնակ ձեռներեցներին, նրանց մեջ վախ ու անվստահություն սերմանում պետության հանդեպ: Սա վտանգավոր գործելաոճ է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն