Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵԽ ԽՎ-ՈՒՄ ՁԱԽՈՂՎԵՑ

Հունիս 26, 2013թ. 23:24

Հունիսի 24-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ մի փաստաթուղթ՝ ստորագրված Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի եւ Լեհաստանի շուրջ երեք տասնյակ ԵԽ ԽՎ պատվիրակների կողմից:
Փաստաթղթում մասնավորապես, ասվում է. «Միջազգային հանրության ընդունած մի շարք բանաձեւերում Հայաստանը բնութագրված է որպես ագրեսոր պետություն, որը բազմիցս, այդ թվում՝ ԵԽ-ում, դատապարտվել է ռազմական ագրեսիայի իրականացման համար, եւ Հայաստանի դիրքորոշումը այս հարցում հակասում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հիմնարար սկզբունքներին»:
Այնուհետ փաստաթղթի հեղինակները եզրակացնում են. «Պատվիրակները այնքան են մտահոգված Հայաստանի նման վերաբերմունքով, որ ունեն լուրջ վերապահումներ 2013-ի մայիսի 16-ից սկսած Հայաստանի ներկա նախագահության կապակցությամբ: Կարծում ենք, որ ճիշտ կլինի Նախարարների կոմիտեին առաջարկել լրջորեն վերանայել Հայաստանի դիրքորոշումը առաջիկա նախագահության շրջանակներում եւ դիմել հնարավոր ճնշումների ՀՀ իշխանությունների վրա` ապահովել եւ անհապաղ քայլեր ձեռնարկել վերացնել Հայաստանի դիրքորոշումը՝ որպես ագրեսոր պետության»:
Այս առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը զրուցեց Ստրասբուրգում գտնվող ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-ԵԽ ԽՎ-ում շրջանառության մեջ դրված «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ փաստաթուղթը մեր երկրի համար մերժելի ձեւակերպումներ է պարունակում: Ի՞նչ վտանգ կարող է այն ներկայացնել Հայաստանի համար: Ձեր գնահատականը:
– Այո, մի շարք պատգամավորների կողմից նման փաստաթուղթ է դրվել շրջանառության մեջ, իսկ նրանք պատգամավորներ են, որոնց հիմնական մասը մեզ հայտնի է որպես ադրբեջանական լոբբիի վառ ներկայացուցիչ: Սակայն Բյուրոն որոշում կայացրեց, որ այդ փաստաթուղթը ընդհանրապես որեւէ արձագանքի չպետք է արժանանա:
Միաժամանակ փորձ արվեց վեհաժողովի նիստում դարձյալ հարցը բարձրացնել, որպեսզի այն գոնե որպես տեղեկատվություն ուղարկվի հանձնաժողով, սակայն Վեհաժողովը քվեարկությամբ մերժեց նաեւ այս առաջարկը:
-Այնուհանդերձ այն, որ պատվիրակները Բյուրոյին առաջարկել են պատրաստել զեկույց եւ քննարկման առարկա դարձնել Հայաստանի` ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության հարցը, մտահոգիչ չէ՞:
-Կարեւորն այն է, որ ե՛ւ Բյուրոյի, ե՛ւ նախագահության կողմից մերժվել է այս առաջարկը, հետեւաբար այդ փաստաթուղթն ունի ընդամենը մաքուր թղթի արժեք:
-Մտավախություն չկա՞, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության 6 ամիսների ընթացքում ամեն կերպ փորձ կարվի փաստաթուղթը դարձյալ մեջտեղ բերել:
-Այն, որ նրանք աշխատում են Հայաստանի դեմ, փաստ է: Սակայն աշխատանք է տարվում նաեւ հակառակ ուղղությամբ:
-Ի՞նչ քայլեր եք փորձում իրականացնել ադրբեջանական նման գործելակերպին հակադարձելու համար:
-Նախ, ասեմ, որ այս պահին նշված փաստաթղթի շրջանառումը չէի անվանի ադրբեջանական պատվիրակության կողմից իրականացված գործողություն, այլ ադրբեջանական լոբբիի գործողություն, քանի որ փաստաթուղթը հիմնականում ստորագրել են ոչ ադրբեջանցի պատգամավորներ: Իսկ թե մենք ի՞նչ ենք անում, պատասխանս հետեւյալն է` թեկուզ հենց այն, որ փաստաթուղթը որեւէ ընթացք չունեցավ:
-Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները կհանդիպեն վեհաժողովի նախագահի հետ։ Ի՞նչ օրակարգով եք պատրաստվում ներկայանալ:
-Մենք քննարկման համար առաջարկել ենք որոշակի օրակարգ: Թույլ տվեք չասել ավելին, քանի դեռ հանդիպումը տեղի չի ունեցել:
-Հանդիպման նպատակը, ինչպես հաղորդվում է, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումն է:
– Ես կասեի, որ մեր հանդիպումը, այո, բխում է ԼՂ հիմնախնդրից, սակայն ուղղակիորեն խնդրի լուծման հետ որեւէ առնչություն չունի: Հետեւաբար նպատակն է պարզել, թե մենք ինչպիսի աշխատանք կարող ենք կատարել մյուս կողմի հետ:
-Պարոն Հարությունյան, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը դեռ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ Հայաստանը ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության ընթացքում ձեռնպահ կմնա ԼՂ հակամարտության կարգավորման հարցը բարձրացնելուց: Սակայն կարո՞ղ ենք այսօր արձանագրել, որ չնայած դրան, հիմնահարցը թե՛ ԵԽ ԽՎ ղեկավարության, թե պատվիրակների ուշադրության կենտրոնում է:
-Կարծում եմ, թյուր պատկերացում կա մեր նախկին դիրքորոշման վերաբերյալ: Մեր դիրքորոշումն այն չէր, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված որեւէ հարց այստեղ չենք քննարկելու, մենք լուծման հետ կապված հարցեր այստեղ չենք քննարկելու: Իսկ ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման հարցը նաեւ մեր պարտականությունների մեջ էր մտնում, երբ անդամակցում էինք այս կազմակերպությանը:
Իսկ թե ինչպե՞ս են Հայաստանն ու Ադրբեջանը կատարում իրենց պարտականությունները, այլ քննարկման առարկա է: Այստեղ կարող է քննարկելի դառնալ փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման հարցը, նաեւ այն, թե ինչպես են պատվիրակությունները միմյանց հետ աշխատում: Այսինքն՝ այս հարցերից մենք չենք խուսափում, մենք խուսափում ենք այն հարցերից, որոնք կարող են ուղղակիորեն խոչընդոտել հիմնահարցի լուծմանը:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ԵԽ ԽՎ-ում սպասվածից ավելի հետաքրքրված են ԼՂ հիմնախնդրով։
-Այստեղ հետաքրքրված են բոլոր այն խնդիրներով, որոնք առնչվում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու իրավունքի գերակայությանը։

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն