Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Պատմության պրոֆեսիոնալ կեղծարարը Ադրբեջանի ընդդիմության պահեստային թեկնածու

Օգոստոս 26, 2013թ. 23:23

Այս հանգամանքը տարակուսանք առաջացրեց մի շարք հեղինակավոր քաղաքական դեմքերի շրջանում, քանի որ Ռ.Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը կարող է ձգձգվել մինչեւ 2014 թվականը, ուստի առաջիկայում Ադրբեջանի փորձառու ընդդիմադիր գործիչները ստիպված են լինելու ղեկավարվել մի պատմաբանի կողմից, որը լավագույն դեպքում կարող է հանդես գալ որպես փորձագետ, այն էլ՝ ոչ թե պետական կառավարման, այլ Հայաստանի հետ քարոզչական պատերազմի ասպարեզում։
Թերեւս նման գործառույթներ է ժամանակին իրականացրել Ջամիլ Հասանլին՝ 1993 թվականի ապրիլից մինչեւ սեպտեմբերը զբաղեցնելով նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի խորհրդականի պաշտոնը։
Բոլոր դեպքերում անվիճելի է, որ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջամիլ Հասանլին ո՛չ առանց հիմքի է համարվում հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին մեկ դարի պատմության ամենապրոֆեսիոնալ կեղծարարը։
Նա իր շատ ու շատ գրչակիցներից տարբերվում է արխիվների հիանալի իմացությամբ, դրանցից բերվող առատ ցիտատների միջոցով գիտականության պատրանք ստեղծելու կարողությամբ։ Անշուշտ այդ հնարքը ընտրողաբար կիրառելով՝ նա «խոսեցնում է» միայն այն նյութերը, որոնք ձեռնտու են ադրբեջանական կողմին, բայց բոլոր դեպքերում՝ Ջամիլ Հասանլին պրոֆեսիոնալ է թեկուզ կեղծարարության ասպարեզում։
Նրա գրչին են պատկանում եռահատոր «Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության դիվանագիտական պատմությունը», «Ադրբեջանի պատմությունը՝ թուրքական օժանդակությունից մինչեւ ռուսական օկուպացիան», «Հարավային Ադրբեջանը՝ սառը պատերազմի սկզբնակետ», «Հայաստանի տարածքային պահանջները Ադրբեջանից ու Վրաստանից։ Ադրբեջանցիների բռնագաղթը Հայաստանից (1947-1950)» եւ բազմաթիվ այլ աշխատություններ ու հոդվածներ։
Մասնավորապես ժամանակին «Ռեգնումում» տեղադրված եւ հայ հեղինակների կողմից հիմնավորապես հերքված վերջին կեղծագրում Ջամիլ Հասանլին այնքան նրբորեն էր փոխատեղել «բռնագաղթ» եւ «վերաբնակեցում» հասկացությունները, որ հարկավոր էր մասնագիտական հմտություն ցույց տալու համար, որ 1947-1950թթ. Հայաստանի ադրբեջանցիների հետ ոչ մի բռնագաղթ էլ տեղի չի ունեցել, ավելին՝ Ստալինի մահից հետո նրանց զգալի մասը վերադարձել է իր նախկին բնակության վայրերը։
Իսկ ահա Հայաստանի ադրբեջանցիների մի մասին, որը տեղափոխվել է Ադրբեջան, Միր Ջաֆար Բաղիրովի ցուցումով սկսել են խցկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի» ադրբեջանական ու հայկական բնակավայրեր։
Հարց է առաջանում. ինչպե՞ս է պայքարելու ադրբեջանական ագիտպրոպի այս կարկառուն դեմքը այդ երկրում իշխող կլանի դեմ, որն իր քարոզչության առանցքն է դարձրել վերջին տարիներին Հայաստանի դեմ կիրառված «հարձակողական դիվանագիտության» հաջողությունները եւ իհարկե զենքի ու զինամթերքի գնման վրա ծախսված միլիարդավոր դոլարները։
Մանավանդ որ «չար լեզուների» հայթայթած ստույգ աղբյուրներից բխող տեղեկատվությամբ, Ալիեւների կլանի ու նրա շրջապատի (մանավանդ՝ իր կողմից բուռն կերպով քննադատվող Ռամիզ Մեհթիեւի նման), Ջամիլ Հասանլին նույնպես ունի քրդական ծագում։ Այսինքն՝ մեր հարեւան երկրում առաջիկայում սպասվում է երկու քուրդ թոռունների թեժ մենամարտը, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանի տիրակալի «քոլոզի» համար։
Սա իսկապես որ զավեշտական է, որը քողարկվում է Իլհամ Ալիեւի քրեածին-ավտորիտար վարչակարգի դեմ պայքարի ընդհանուր կարգախոսներով։
Ավելին՝ 61-ամյա դոկտոր, պրոֆեսորը խոստացել է ընտրվելու դեպքում կառավարել ընդամենը 2 տարի, ձեւավորել Ազգային միասնության կառավարություն եւ հետո նորից վերադառնալ իր սիրելի զբաղմունքին, այսինքն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության կեղծարարությանը։
Հարց է առաջանում. ի՞նչ հետեւանքներ է խոստանում ադրբեջանական ընդդիմության ճամբարում տեղի ունեցած այս փոխատեղումը, որի հետեւանքով համաշխարհային ճանաչում ունեցող կինոսցենարիստի փոխարեն ընդդիմության ղեկավարությունը կարող է անցնել պատմության պրոֆեսիոնալ կեղծարարին։ Անկասկած սա միանգամայն ձեռնտու է Ալիեւների կլանին, ուստի եթե առաջիկա օրերին ռուսական իշխանությունները չզրկեն Ռուստամ Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից, ապա հոկտեմբերի 9-ի ընտրությունները շատ ավելի «էժան կնստեն» Ալիեւների ընտանիքի բյուջեին։
Բայց, ինչպես ցույց են տալիս վերջերս Ադրբեջանում անցկացված անկախ սոցիոլոգիական հարցումները, անգամ այդ պարագայում Իլհամ Ալիեւին հարկ է լինելու դիմել վարչական ռեսուրսների օգտագործման ու բացահայտ կեղծարարության, քանի որ նրա վարկանիշը չափազանց ցածր է։ Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունները բոլոր դեպքերում անցնելու են լարված մթնոլորտում եւ ամենայն հավանականությամբ հանգեցնելու են հետընտրական լուրջ բախումների։
Սակայն, ի տարբերություն «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» մեջ միավորված ադրբեջանական ընդդիմության հիմնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի, պատմության պրոֆեսիոնալ կեղծարար եւ նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հավատարիմ թիմակից ու գաղափարակից Ջամիլ Հասանլին չի կարողանա իր շուրջը համախմբել այնպիսի «կրիտիկական ընտրազանգված», որը կարող է մթնոլորտ փոխել այդ երկրում։
Իսկ միգուցե դա ավելի լավ է, քանի որ Իլհամ Ալիեւը եւ նրա կլանը շատ ավելի կանխատեսելի են իրենց գործողություններում, քան պանթուրքիստ Ա.Էլչիբեյի երեկվա խորհրդականը։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
<Հայոց Աշխարհ>


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն