Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ը ՀԱՅ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՕՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օգոստոս 26, 2013թ. 12:03

ԽՍՀՄ օրենսգիրքը քաղաքական հանցագործություն չուներ, և ՀԽՍՀ-ում հակախորհրդային համարվող քաղաքացիներին դատապարտում էին ՀԽՍՀ քր. օր. 65-րդ հոդվածի առաջին մասով և 206/1 հոդվածով, համաձայն որոնց, քրեորեն պատժելի էին առաջին դեպքում` «Խորհրդային իշխանությունը քայքայելու կամ թուլացնելու կամ առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններ կատարելու նպատակով ագիտացիա կամ պրոպագանդա տանելը, նույն նպատակով խորհրդային պետական և հասարակական կարգն արատավորող զրպարտչական հերյուրանքներ տարածելը, տպագիր կամ այլ ձևով ստեղծագործություններ տարածելը կամ պատրաստելը կամ պահելը», իսկ երկրորդ դեպքում` «բանավոր ձևով սիստեմատիկորեն այնպիսի ակնհայտ հերյուրանքներ տարածելը, որոնք արատավորում են խորհրդային պետական կամ հասարակական կարգերը, ինչպես նաև գրավոր, տպագրված կամ այլ ձևով նույնպիսի բովանդակության երկեր պատրաստելը կամ տարածելը»:

1964-89 թթ. ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտեն հակախորհրդային գործունեության համար տարբեր տարիների ազատազրկման է դատապրտել մոտ 80 հայորդիների: Նրանց մի մասն արդեն մահացել է, մի մասը հեռացել է հայրենիքից կամ պայքարից, և մի փոքր մասն է միայն շարունակում զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Թվում էր՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը կբերեր ԽՍՀՄ պայմաններում գաղտնի կազմակերպությունների միջոցով Հայ դատի և անկախ ու միացյալ Հայաստանի համար պայքարի ելածների արժանի գնահատմանը: Բայց… ցավոք, այդպես չեղավ. անկախության տարիների ընթացքում ՀՀ-ում չընդունվեց այնպիսի օրենք, որը հստակորեն կտարանջատեր քաղբանտարկյալին բռնադատվածից:

Ելնելով վերոշարադրյալից` կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ օրենք ընդունել քաղբանտարկյալի մասին և, ի հարգանք 1964 թ. օգոստոսի 26-ին դատապարտված «յոթ հայրենասերների», օգոստոսի 26-ը հայտարարել հայ քաղբանտարկյալի օր:
Ազգայնական կառույցներին և հայրենասեր անհատներին նույնպես կոչ ենք անում սատարել այդ նախաձեռնությանը:

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն