ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎՆ Է ՄԻԱՅՆ ԻՐ ՀՆԱԲՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մեր երկիրը ընդառաջ է գնում ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին ու Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի նախաստորագրմանը, եւ որքան մոտենում է ժամանակը, այնքան հայաստանյան քաղաքագիտական հարթության վրա թեժանում են Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն հարցադրման շուրջ բանավեճերը: Ի՞նչ է սպասվում վիլնյուսյան նախաստորագրումից հետո. իրողությամբ մտահոգ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը վերլուծել է Մերձբալթյան երկրների վիճակը ԵՄ-ին անդակցումից հետո։ Նա առաջարկում է` դասեր քաղել մերձբալթյան իրողությունից եւ մինչ Վիլնյուս հասնելը հանգել անհրաժեշտ հետեւության:
Եվ այսպես. Եվրոպական միությունն ապրանքների, ծառայությունների, կապիտալի միասնական շուկա է, որ տալիս է ներդրումների լայն հասանելիություն, նոր տեխնոլոգիաների օգտագործման մեծ հնարավորություն, ի վերջո, մարդկանց ազատ տեղաշարժ. այս ամենը ժամանակին արժեքավոր ձեռքբերում համարվեցին մերձբալթյան ժողովուրդների համար, մանավանդ խորհրդային «զսպաշապիկից» ազատագրվելուց հետո:
Սակայն դեպի Եվրոպա գնալու ոգեւորությամբ տարված՝ անտեսվեցին շատ այլ կարեւոր հանգամանքներ:
Եվրամիության հնաբնակները` Արեւմտյան Եվրոպայի երկրները, վաղուց են մշակել ապրանքների եւ ծառայությունների շուկայի նկատմամբ հստակ պահանջները, բնականաբար ելնելով սեփական իրականությունից: Այսինքն, ինչպես նկատում է պրոֆեսոր Թավադյանը, Եվրոպայում շուկան, հատկապես պատրաստի արտադրանքի, վաղուց զբաղեցված ու բաժանված է հնաբնակների միջեւ, իսկ սա նշանակում է, որ նոր անդամների համար այն չափազանց դժվար հասանելի է։
Սա բավական ուշ հասկացան մերձբալթյան ժողովուրդները. «Իզուր չէ, որ այսօր Էստոնիայում տարածված է. «Լավ է լինել Եվրամիության անդամ, բայց ոչ թե այսօրվա, այլ երեկ չէ առաջին օրվա» տեսակետը»։
Եվրամիության հնաբնակների սահմանած «խաղի կանոնները», պարզվում է, կառույցին անդամակցող նորեկներին պարտադրվում են առավելագույն խստությամբ: Ճգնաժամի շրջանում, օրինակ, Մերձբալթյան երկրներից պահանջվեց կատարել խստագույն պայմաններ. Լատվիան ստիպված էր 2010թ. 10%-ով կրճատել թոշակները, 10-20%-ով նվազեցնել աշխատավարձերը, առողջապահական ծախսերը կտրուկ իջեցնել 40%-ով։
Մի բան, որ ԵՄ չանդամակցած Հայաստանում տեղի չունեցավ։ Էստոնիայում գործազրկությունը 2007-2010թթ. 4,7%-ից աճեց մինչեւ 14,7%-ի, Լիտվայում՝ 4,3%-ից 17,3%-ի, իսկ Լատվիայում՝ 6%-ից 17%-ի։
Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցին անգամ զարմացել էր Մերձբալթիկայի ժողովուրդների տոկունությունը որպես «գոտիները ձգելու» չեմպիոնների: «Բայց մի՞թե միություններն այս կամ այն երկրի բնակչության տոկունության որոշման մրցույթներ են», տեղին հարցադրում է հնչեցնում տնտեսագետն ու արձանագրում. այս կամ այն միություն մտնելը պետք է ուժեղացնի երկրի տնտեսական անվտանգությունը, մինչդեռ 2008թ. տնտեսական ճգնաժամի հետեւանքները Եվրոպայում ամենից շատ ազդեցություն ունեցան Մերձբալթյան երկրների վրա:
Ճգնաժամը հաղթահարելու համար Լատվիային տրվեց 7,5 մլրդ եվրոյի վարկ (ինչը, ի դեպ, ԵՄ անդամներին, մանավանդ նորեկներին, շատ առատաձեռնորեն է տրվում)։ Դրա հետեւանքով կտրուկ ավելացավ այդ երկրի պետական պարտքը: Տնտեսագետը զուգահեռաբար հիշեցնում է` մինչդեռ Հայաստանում հաջողվեց ճգնաժամային իրավիճակից դուրս գալ 1 մլրդ եվրո վարկով։
Լատվիայում փակվեցին արտադրության այն բոլոր ոլորտները, որոնք պետական բյուջեի համալրման աղբյուր էին, նաեւ ապահովում էին աշխատատեղեր։ Իսկ Լիտվայում փակվեց Իգնալինսկի ատոմակայանը։ Աշոտ Թավադյանն այս ֆոնի վրա արտահայտելով իր մտահոգությունը՝ ընդգծում է. Հայաստանում ատոմակայանի փակումը կլինի հիմնական պահանջը Եվրամիությանն անդամագրվելու անգամ հիփոթետիկ հնարավորության դեպքում։
«Ինչպես ասում են՝ «քանդելն ավելի հեշտ է», ուրեմն ինտեգրվելիս եթե ստիպված ես ինչ-որ բան կորցնել, այն էլ՝ էական, հարկավոր է հստակ գնահատել արդյունքը»:
Մեզանում էլ քիչ չեն, ժողովրդի խոսքով ասած` «գետը չտեսած բոբիկացողները», թե շտապելով Եվրոպա՝ կկարողանանք արմատախիլ անել երկրին սպառնացող վտանգներից մեկը` կոռուպցիան: Բայց, պարզվում է, այս հարցում եւս Եվրամիությանը անդամակցած Մերձբալթյան երկրներում պատկերն առանձնապես ոգեւորող չէ: Ըստ Transparency International-ի՝ Էստոնիան զբաղեցնում է 32-րդ տեղը, Լիտվիան՝ 48-րդ, իսկ Լատվիան՝ 54-րդը:
«Սա փաստում է, որ Եվրամիություն մտնելուց հետո շոշափելի տեղաշարժեր չկան նաեւ այս առումով, իսկ ստվերային տնտեսությունն այդ երկրներում գնահատվում է բավական բարձր՝ մոտ 30%։ Կնշանակի կան ներքին խնդիրներ, որը պետք է լուծի միայն տվյալ երկիրն ինքը։
Կոռուպցիոն «հիվանդության» դեմ իհարկե կարելի է համատեղ մշակել պայքարի մեթոդներ, սակայն դա, առաջին հերթին, յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է։ Չպետք է հույսը դնել այն բանի վրա, թե դրանք կլուծվեն դրսից, այս կամ այն ինտեգրացիոն գործընթացի միջոցով»։
Անդրադառնալով մարդկանց ազատ տեղաշարժի խնդրին, որից առավելապես ոգեւորված էին Մերձբալթիկայում, Աշոտ Թավադյանը տեղեկացնում է, որ այն հանգեցրել է բնակչության, ընդ որում՝ հիմնականում նրա ակտիվ եւ ուսյալ մասի արտահոսքի։ Այսպես. Էստոնիան կորցրեց բնակչության 14%-ը, Լիտվան՝ 17%-ը, Լատվիան՝ նույնիսկ 33%-ը: Պրոֆեսորն առաջարկում է` սրանից եւս անհրաժեշտ է դասեր քաղել, ինտեգրացիայի պարագայում գնահատել ոչ միայն դրական, այլեւ բացասական կողմերը:
«Եվրամիությունն ապահովել է մարդկանց ազատ տեղաշարժը, էժան վարկեր եւ նույնիսկ դոտացիաներ ստանալու հնարավորություն ստեղծել, բայց այդ ամենն անում է չափազանց կոշտ պահանջների կատարման պայմանով», եւ անդամ երկիրը հայտնվում է խիստ վտանգավոր «օղակում», այն է` կատարում ես ԵՄ պահանջները, արդյունքում ունենում արտադրության կրճատում, սեփական եկամուտների կորուստ եւ հայտնվում վարկեր վերցնելու տխուր պարտադրանքի առաջ:
Այն, որ Եվրամիություն մտնելուց հետո Մերձբալթյան երեք երկրներում կտրուկ նվազել են արտահանման ծավալները, Թավադյանը համարում է արեւելյան շուկան կորցնելու հետեւանք եւ հանգում մյուս կարեւոր հետեւության. «Հայաստանը, ինչպեսեւ Վրաստանը, ոչ մի դեպքում չպետք է կորցնի ԱՊՀ, բնականաբար եւ ռուսաստանյան շուկան։ Հարկավոր է միայն զարգացնել այդ ուղղությունը՝ մշակելով համապատասխան ռազմավարություններ։ Առանց արտահանման էական աճի մենք չենք լուծի ՀՆԱ շոշափելի աճի, նրա կառուցվածքի բարելավման, զբաղվածության գերկարեւոր խնդիրները։ Իսկ առանց Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի շուկաների այս խնդիրը, համոզված եմ, գրեթե անհնար է լուծել»։
Այս ամենով հանդերձ, տնտեսագետը ոչ միայն չի բացառում, այլեւ կարեւոր ու անհրաժեշտ է համարում Եվրամիության հետ հարաբերությունների պահպանումն ու դրանց համակարգված զարգացումը։
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












