Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳՐՎԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

Օգոստոս 29, 2013թ. 09:22

AyvazyanՀարցազրույց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

Սահմանդրության, երկրի կարևորագույն իրավական փաստաթղթի հաճախակի փոփոխությունը որքանո?վ է արդարացված: Եվ հետաքրքիր է, թե այս առումով ի?նչ է հուշում նաև միջազգային փորձը:
-Միջազգային փորձի տեսանկյունից բերեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրինակը, որի սահմանդրությունն ընդունվել էր 1949-ին: 1990-ին Արևելյան ու Արևմտյան Գերմանիաների միավորման ժամանակ իշխանությունը նոր սահմանադրության մշակման պատվեր իջեցրեց: Սակայն սահմանադրական խորհուրդը երկու տարվա աշխատանքից հետո հիմնավորեց, որ 1949-ի սահմանադրությունից ավելի լավը հնարավոր չէ գրել: Եվ գերմանացիները բավարարվեցին տեխնիկական բնույթի փոփոխություններով անելով: Ասելիքս այն է, որ եթե ստեղծել ես լավագույն հեծանիվը, որքան էլ գլուխ կոտրես, երկրորդ լավագույնը չես ստեղծի, այն պարզապես կարող է հիմնվել առաջինի վրա: Ուրեմն, որպեսզի երկրի կարևորագույն փաստաթուղթը չենթարկվի հաճախակի փոփոխությունների, պետք է անցնի` մշակման, ընդունման ու կիրառման ճշգրիտ գործընթաց:
Ասվածից կարելի? է ենթադրել, որ եթե 2005-ի սահմանադրական փոփոխությունից 8 տարի անց դարձյալ կա նոր փոփոխության իրականացման անհրաժեշտություն, ուրեմն, մեզ չի հաջողվել ստեղծել լավագույնը:
– Այո, եթե 8 տարի անց նորից դրա անհրաժեշտությունը կա, ուրեմն 2005-ինը համակարգային բնույթ չի կրել, ավելին, կատարված բարեփոխումները կարելի է համեմատել իմպլանտի հետ, որը պատվաստվեց մեր պետության հյուսվածքներում, բայց որպես օտար մարմին չընդունվեցին մեր պետական հյուսվածքների կողմից: Այդ իմպլանտ հիշեցնող փաստաթուղթը հագեցած է տարբեր պետություններից փոխառնված դրույթներով, առանց դրանց նշանակությունը հասկանալու մեխանիկորեն արտագրեցինք: Մինչդեռ Սահմանադրություն գրելիս պետք է հաշվի առնվեն տվյալ հասարակության, ազգի մեջ ձևավորված ռեֆլեքսները: Այսինքն, Հայաստանի սահմանադրությունը պետք է գրվի հայ մարդու համար ու ամրագրի հայ մարդու կերպարը: Դարեր շարունակ ընդունված անվերապահ ռեֆլեքս է, որ հայը չի’ կարող Առաքելական եկեղեցու հետևորդ չլինել, չի’ կարող քրիստոնյա չլինել, հայը չի’ կարող համասեռամոլ լինել, չի’ կարող լինել աղանդավոր: Ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իրավունք չունի սրանց հետ հաշվի չնստել:Բայց եթե սահմանադրություն գրելիս այս հանգամանքներն անտեսվում են, ուրեմն մենք ակամա մեր երկրում համակարգային հակամարտություններ ենք ունենում:
Հայտնի է, որ հայերս ունենք սահմանադրական բավական հետաքրքիր ժառանգություն և ավանդույթներ, հայ քաղաքական միտքը դեռ 18-րդ դարում է տվել դեմոկրատական սկզբունքների հիման վրա շարադրված Սահմանադրության ողնաշարը. խոսքս Շահամիր Շահամիրյանի <Որոգայթ փառացի> մասին է: Ինչու մեր նորօրյա սահմանադրությունը չխարսխվեց սեփական արժեքների վրա:
-Շատ կարևոր հանգամանք եք շեշտադրում: Ցավոք, մեր ավանդույթները շատ քիչ են արտահայտված ներկայիս Սահմանադրության մեջ: Ինչն էլ բազմաթիվ համակարգային հակամարտությունների պատճառ է դառնում: Օրինակ, սահմանադրական դրույթի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի կրոնի ազատության իրավունք: Բայց եթե չի հասկացվում, թե ի?նչ է կրոնը, ո?րն է նրա առաքելությունը, ապա նաև չեն ընկալում, որ քայքայիչ աղանդների գործունեության արգելումը հակասահմանադրական քայլ չէ: Մեկ այլ ցայտուն օրինակ ևս բերեմ. Սահմանադրությամբ ամրագրված է, որ ամուսնության տարիքի հասած տղամարդն ու կինն ունեն ամուսնության իրավունք: Այս դրույթի հիման վրա կարող ենք տալ ընտանիքի երկու մոդելի սահմանում` հայկական ու եվրոպական: Հայկականի համաձայն ընտանիքը տղամարդու ու կնոջ գիտակցական միասնությունն է, համատեղ ճակատագրերի միավորումը` մարդկային սերնդի վերատադրությամբ, երեխաների լիարժեք դաստիարակությամբ` նրանց առավել դրականը փոխանցելու նպատակադրմամբ: Մինչդեռ եվրոպական մոդելն ամրագրում է հետևյալը` երկու անձանց, պարտադիր չէ տարասեռ լինելը, գիտակցված միության ստեղծում, հիմնված փոխադարձ հարմարավետության ու ամուսնական պայմանագրի վրա: Արդյո?ք, սա հարիր է մեր հայկական մտածողությանն ու ավանդույթներին: Ինչպե?ս կարող է միասեռական ընտանիքը լինել հայկական: Եթե այս հանգամանքը խորությամբ չենք ընկալում ու սահմանադրական օբյեկտները ճշգրիտ չենք մոդելավորում, ունենում ենք լրջագույն հակասություններ: Կարող ենք այս կամ այն երկրից մի խելոք դրույթ արտագրել, բայց այն կիրառենք ամբողջովին խեղաթյուրված ձևով:
-Եթե ժամանակին` Սահմանադրությունը բարեփոխելիս այս ամենը հաշվի չի առնվել, կնշանակի արդարացի են սահմանադրական նոր փոփոխությունների իրականացման կողմնակիցները:
-Սահմանադրական փոփոխությունների իրականացումը կարդարացվի, եթե, նախ, մեր իշխանությունները փորձեն գնալ կոնստիտուցիոնալիզմի ճանապարհով, այսինքն, կատարվեն իրական փոփոխություններ ու մեր սահմանադրությունը տեխնիկական փաստաթղթից վերածվի գործուն մեխանիզմի: Երկրորդ, եթե դրա հիմքում դրվի հոմոարմենիկուսի կերպարի ձևավորման գաղափարը, սահմանադրորեն ամրագրենք, թե ինչպիսին պետք է լինի իրական հայ մարդը, այսինքն, գրենք սահմանադրություն հոմոարմենիկուսի` հայ մարդու համար, ինչպես գերմանացիներինը գրեցին հոմոգերմանիկուսի համար: Այսինքն, ազգային առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն: Այդ դեպքում ես միանշանակորեն կողմ եմ նման սահմանադրության ընդունմանը: Իսկ եթե շեղվելու ենք նման համակարգային փոփոխությունների ճանապարհից ու եվրոպական կառույցներին ինչ-որ բան ցույց տալու համար ենք անելու, կնշանակի, որ այդ փոփոխությունը կկրի ընդամենը քաղաքական նպատակահարմարության բնույթ, և կավարտվի կոսմետիկ, իրավիճակային փոփոխություններով: Ինչը դրական արդյունք չի ունենա ո’չ մեր երկրի, ոչ հասարակության համար:
-Չե?ք կարծում, որ գիտական, հիմնավորված փաստաթուղթ ունենալուն մեզ խանգարել են նաև քաղաքական շահարկումները, որոնք ուղեկցել են սահմանադրական գրեթե բոլոր բարեփոխումներին: Տպավորությունն այնպիսին է, որ այս անգամ ևս նման շահարկումներից զերծ չենք մնալու:
-Սահմանադրության փոփոխության հարցը, ո’չ լրագրողները, ոչ քաղաքական կուսակցություններն իրավունք չունեն վերածելու սկանդալի, քաղաքական շահարկման: Մյուս կողմից, եթե որևէ քայլ ես ձեռնարկում, ուրեմն պետք է դրա լիցենզիան ունենաս, ասել է թե, սահմնադրության բարեփոխման հարցով պետք է զբաղվեն միայն մասնագետները:
Հետևաբար, իշխանությունը պետք է համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանցից ձևավորի սահմանադրական հանձնաժողով, ընդորում, մասնագետների ընտրության չափանիշները պետք է լինեն` սահմանադրական օբյեկտների ֆունդամենտալ, ակադեմիական իմացությունն ու սերունդների առաջ պատմական պատասխանատվության ազնիվ գիտակցումը:
Աշխարհում այսօր կա սահմանադրական ճգնաժամ, ինչու, որովհետև իշխանություններն անտեսելով այս կարևորագույն գործոնները առաջնորդվում են այլևայլ նպատակահարմարություններով, իսկ հետո սկսում ինչ-ինչ կոմբինացիաներ անել` նախադասություններ ու դրույթներ փոխել, այսինքն, կատարել դրվագային բարեփոխումներ: Բայց դրա հետևանքը մշտապես լինում է երկրի ներսում համակարգային ճգնաժամերի առաջացումը, և իրավական այդ կարևորագույն փաստաթղթի` Սահմանադրության գոյությունը դառնում անիմաստ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն