Առաջնայինը մեր ազգային շահն է, ոչ թե ոչինչ չասող թվերը
Ի՞նչ օգուտներ կարող է քաղել Հայաստանի տնտեսությունը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից։ Նիդերլանդական Ecorys կազմակերպության փորձագետները կատարել են հետազոտություն, փորձելով տալ այս հարցի պատասխանները: Ի դեպ, ուսումնասիրությունը Եվրոպական միության պատվերն է:
Այդ փորձագիտական վերլուծության առնչությամբ իր տեսակետն է հայտնում տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։
-Ըստ Ecorys-ի փորձագետների, եվրոպական ուղին նախընտրած Հայաստանից արտահանումը կավելանա 15,2%-ով, իսկ ներմուծումը՝ 8,2%-ով։ Ի՞նչ են հուշում այս թվերը:
-Փորձագետների նման գնահատականը խիստ պարզունակ եմ համարում, այն որակական առումով որեւէ բան չի նշանակում: Նկատենք, որ Հայաստանի Հանրապետությունից ԵՄ հիմնականում արտահանում են թանկարժեք մետաղներ ու հանքարդյունաբերական արտադրանք: Այսինքն՝ հումքն ընդամենը լցվում է մեքենաներն ու տեղափոխվում արտասահման, ուր եւ վերամշակվում է ու մեզ փոխանցվում որպես պատրաստի արտադրանք, ինչն էլ մեզանում վաճառվում է մի քանի անգամ թանկ գներով:
Բացի դրանից, Հայաստանում արտադրվող մյուս արտադրատեսակների գերակշիռ մասը, եթե չասենք բոլորը, չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին, ինչը նշանակում է, որ դրանք պահանջարկ չեն կարող ունենալ: Ստացվում է, որ Հայաստանից արտահանման ծավալի 15,2%-ով մեծացումը վերաբերելու է միմիայն հանքարդյունաբերության ոլորտին: Իսկ արտահանման ծավալների մեծացումը միայն այս ոլորտի հաշվին չի կարող համարվել Հայաստանի տնտեսության զարգացում:
Ինչ վերաբերում է ներմուծման 8,2 տոկոսին. առանց այն էլ ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով: Ու եթե դեպի Եվրոպա գնալով մեր ներմուծման ծավալները պետք է մեծանան, չեմ կարծում, որ դա օգտակար կլինի մեր երկրի տնտեսության համար:
Ի դեպ, պետք չէ մեր արտահանման ծավալները եվրոպական շուկայի հաշվին ավելացնել, անկեղծ ասած, ռուսական շուկան մեզ համար նույնիսկ չափազանց մեծ է: Այնպես որ, այլ շուկա փնտրելու անհրաժեշտություն չկա:
-Փորձագետները նաեւ արձանագրել են, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքում մեծ կշիռ ունեցող ֆինանսական եւ ապահովագրական ծառայությունների, սննդամթերքի եւ խմիչքների, բանջարեղենի, յուղերի, ճարպերի արտադրության ոլորտում կգրանցվի անկում։ Դա բացատրում են հետեւյալ կերպ՝ եվրոպական երկրներից Հայաստան կներմուծվեն խմիչք, ծխախոտ, սննդամթերք, այսինքն՝ այն, ինչ հաջողությամբ արտադրվում է Հայաստանում:
-Ամեն ինչ շատ պարզ ու հստակ է ասված: Փաստորեն, հենց իրենք են ասում, որ այն բոլոր ուղղություններում, որտեղ մենք ունենք քիչ թե շատ առաջընթաց, կլինի անկում: Սա լուրջ վտանգ է տեղական արտադրողի համար: Փաստորեն եվրոպական էժան ու գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքը կհորդի ներքին շուկա, դա նաեւ մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը:
Մենք իրավունք չունենք վտանգելու արտադրության այն ուղղություններն ու ոլորտները, որոնք զարգացած են մեզանում: Կաթի, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, այսինքն՝ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների արտադրությունը Հայաստանում բավական զարգացած մակարդակ ունի: Մենք ինչպե՞ս կարող ենք այն վտանգել:
Ի դեպ, նիդերլանդական կազմակերպության փորձագետները նաեւ նշել են, թե բարձր աճ կարձանագրվի տեքստիլ արդյունաբերության մեջ։ Բայց որպեսզի մեզանում տեքստիլը զարգանա, խոշոր ներդրումներ են հարկավոր։ Հարց է առաջանում. արդյոք այս համաձայնագիրը ենթադրո՞ւմ է նման ներդրումներ:
Ակնհայտ է, որ նիդերլանդական մասնագետների բերանով ինչ-ինչ խոստումներ են տրվում: Իրականում այդ կանխատեսումներն այլ բան չեն, քան մակերեսային հաշվարկներ, որոնք կարող են իրականության հետ որեւէ աղերս չունենալ: Եվ այդպես էլ կա:
-Նույն հետազոտությունը արձանագրում է, որ համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանում վարձատրության չափի վրա։ Այսպես. միջին աշխատավարձը կաճի 2,6 տոկոսով, իսկ սպառողական գները կնվազեն սահմանափակումների վերացման շնորհիվ։ Սա ե՞ւս իրականության հետ որեւէ աղերս չունի:
-Կա Մերձբալթյան երկրների փորձը, որը մենք չենք կարող անտեսել: Եվրամիությանը անդամակցած Լատվիան ստիպված էր 2010թ. 10-20%-ով նվազեցնել աշխատավարձերը, 10%-ով կրճատել թոշակները, առողջապահական ծախսերը կտրուկ իջեցնել 40%-ով։
Ես մի բան եմ հասկանում, որ այս հետազոտության նպատակն է Հայաստանին գայթակղել ու պոկել ռուսաստանյան շուկայից: Դրա համար էլ ամեն ինչ ներկայացնում են դրական ֆոնի վրա, տալիս խոստումներ:
Այս մակերեսային հաշվարկներով փորձ է արվում մեզ ապակողմնորոշել: Նման գնահատականները ոչինչ չեն ասում Հայաստանի տնտեսության զարգացման մասին, ուրեմն հույսեր փայփայելը կլինի ընդամենը անհեթեթություն:
-Այդ դեպքում ինչո՞ւ մեր տնտեսագետները համապատասխան վերլուծություն չեն իրականացնում, որը կլինի ոչ թե եվրոպամետ կամ ռուսամետ, այլ, ի վերջո, հայաստանակենտրոն:
-Կարծում եմ, որ նման վերլուծություններ արվում են, պարզապես դրանք լոկալ բնույթ ունեն, այսինքն՝ միայն նեղ շրջանակների համար են հասանելի:
Իրողությունն այն է, որ տեղի է ունենում ազդեցության ոլորտների հստակեցում ու դրանց շրջանակների ընդլայնում: Եվրոպական միության նպատակն է Հայաստանը տանել իր ուղղությամբ, Ռուսաստանն էլ մտածում է պահպանել իր ազդեցությունը Հայաստանում ու ողջ տարածաշրջանում: Այս իրավիճակում կողմերը տարբեր խոստումներ կտան:
Իսկ ի՞նչ պետք է մենք անենք։ Ելքն այն է, որ առաջին պլան մղենք մեր ազգային շահը, մեր ազգային անվտանգության հարցերն ու առաջնորդվենք միայն սեփական շահերի գիտակցմամբ, եւ ոչ թե ոչինչ չասող թվերով:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=4654&pageid=143286&lang=












