Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն

Հայաստանի համար շատ կարեւոր է ինչպես ԵՄ, այնպես էլ ԱՊՀ երկրների շուկան

Սեպտեմբեր 3, 2013թ. 10:04

Արտաքին աշխարհի հետ Հայաստանի ինտեգրման գործընթացներն ակնհայտորեն թեւակոխել են նոր փուլ։
Ավարտվեցին բանակցությունները Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ։ Այդ փաստաթուղթը նախատեսվում է նախաստորագրել առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում։ Մյուս կողմից՝ Հայաստանը հակված է տնտեսության ինտեգրման գործընթացները խորացնել ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակում, որոնց հետ ունի ավանդական ձեւավորված կապեր։
Կասկած չկա, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար։ Այնպես որ դրանցից յուրաքանչյուրի կորուստը, անկախ նրանից, թե ինչ է երաշխավորվում հետագա հարաբերությունների համար, ծանր հետեւանք կարող է թողնել տնտեսության վրա։
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ավելի քան 57 տոկոսը կատարվում է Եվրամիության եւ ԱՊՀ երկրների հետ։ Դա ունի գրեթե հավասարաչափ բաշխվածություն. արտաքին առեւտրաշրջանառության 29 տոկոսն իրականացվում է Եվրամիության, 28 տոկոսը՝ ԱՊՀ երկրների շրջանակներում։ Ընդ որում, երկուսի դեպքում էլ այս տարի առկա է հարաբերությունների որոշակի անկում։ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առեւտրային հարաբերությունները նվազել են 0,7, իսկ Եվրամիության երկրների հետ՝ 0,4 տոկոսով։
Դա ուղղակիորեն պայմանավորված է մի շարք կարեւոր առեւտրային գործընկերների հարաբերությունների անկմամբ։ Մասնավորապես այս տարի նվազել են Գերմանիա-Հայաստան առեւտրաշրջանառության ծավալները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիության երկրներից առեւտրային ամենամեծ շրջանառությունը Հայաստանն ունի այս երկրի հետ, դա բացասաբար է արտահայտվել նաեւ ընդհանուր միտումների վրա։
Նույն պատկերն է նաեւ ԱՊՀ դեպքում։ Այստեղ առեւտրաշրջանառության նվազումը կապված է հիմնականում Ռուսաստանի հետ ունեցած առեւտրային հարաբերությունների անկմամբ։ Անցած տարվա համեմատ հայ-ռուսական առեւտրային ծավալները պակասել են 0,8 տոկոսով։
Սակայն եթե առեւտրաշրջանառության պատկերը Եվրամիության եւ ԱՊՀ երկրների շրջանակներում հիմնականում ցուցաբերել է նույն միտումը, ապա իրավիճակը այլ է արտահանման եւ ներմուծման պարագայում։ Մինչ նախատեսվում է Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրի նախաստորագրում, ինչը նպատակ ունի արտոնյալ միջավայր ստեղծել այս շուկայում հայկական ապրանքների իրացման համար, Հայաստանից արտահանումը ԵՄ երկրներ նվազել է։ Անցած տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով, այս շուկային բաժին էր ընկնում արտահանման 39,2 տոկոսը։ Այս տարի այն եղել է 35,1 տոկոս։ Այլ կերպ ասած, նվազել է 4,1 կետով։
Եվրամիության երկրների շուկայում Հայաստանից արտահանման անկումը կապված է, ինչպես ասացինք, առաջին հերթին Գերմանիայի հետ։ Արտահանման կառուցվածքում այս երկրի բաժինը անցած տարի եղել է 8,8, այս տարի՝ 5,5 տոկոս։ Մի բան, որ պայմանավորված է առաջին հերթին հանքահումքային ապրանքների արտահանման նվազմամբ։ Դրանում բնականաբար բացասական ազդեցություն է թողել առաջին հերթին միջազգային շուկաներում ձեւավորված գնային իրավիճակը, որն այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանի տնտեսության այս ճյուղի համար։
Գերմանիայից բացի, Եվրամիության երկրներից Հայաստանը արտահանման քիչ թե շատ տեսանելի շուկաներ ունի Բելգիայում, Բուլղարիայում, Նիդերլանդներում եւ Իսպանիայում։ Մյուս երկրների հետ հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են։ Հանքահումքային ապրանքներից զատ, այս շուկայում Հայաստանից արտահանվում են նաեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, սննդամթերքի որոշ տեսակներ։
Ներմուծման առումով Հայաստանի առեւտրային թիվ մեկ գործընկերը Եվրամիությունում Գերմանիան է։ Որպես այդպիսին, երկրորդը Ֆրանսիան է, որին բաժին է ընկնում ներմուծման 3,9 տոկոսը։ Մյուս երկրներից համեմատաբար ակտիվ են Ռումինիան, Բելգիան, Բուլղարիան, Ավստրիան։ Այս երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների տեսականին բավական լայն է՝ թանկարժեք քարերից մինչեւ պարենային եւ ոչ պարենային բազմաթիվ ապրանքներ։
Ի տարբերություն արտահանման, Եվրամիության երկրներից Հայաստան ներմուծումն ավելացել է։ Սակայն այս զարգացումները բնականաբար կապված չեն ինտեգրման գործընթացների հետ։
Մինչ Եվրամիության շուկան այս տարի նեղացել է հայկական ապրանքների համար, ԱՊՀ շուկայում արտահանումն ավելացել է։ Անցած տարվա 23,4-ից այն հասել է 25,7 տոկոսի։ Դա պայմանավորված է գերազանցապես ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման ավելացմամբ։
Ընդհանրապես հայկական ապրանքների գերակշիռ մասը ԱՊՀ-ում իրացվում է այստեղ։ Ռուսաստանին բաժին է ընկնում արտահանման 21,3 տոկոսը։ Պատկերացնելու համար, թե դա ինչ ծավալ է կազմում Հայաստանի արտահանման կառուցվածքում, նշենք, որ այն գրեթե համարժեք է ԵՄ բոլոր երկրներ կատարվող արտահանմանը, չհաշված Բելգիան։
Ռուսական շուկայի պոտենցիալը հայկական ապրանքների իրացման համար բավականաչափ մեծ է։ Ընդ որում, ոչ միայն իր մեծության, այլեւ առաջին հերթին որակի առումով։ Այս շուկայի պահանջարկը շատ բանով համընկնում է Հայաստանի տնտեսության թողարկած արտադրանքի որակին։ Մրցունակության առումով, հայկական ապրանքները շատ ավելի հեշտ են մտնում ռուսական, քան եվրոպական շուկա։ Մի բան, որն այս փուլում շատ կարեւոր է Հայաստանի տնտեսության համար։
Ամեն դեպքում Հայաստանի համար շատ կարեւոր է ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՊՀ երկրների եւ առաջին հերթին ռուսական շուկան։ Ինտեգրացման գործընթացում կհաջողվի անվնաս պահել այդ շուկաները տեղական արտադրողների համար թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=4654&pageid=143287&lang=


Դիտել Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն