Սեպտեմբերի 3-ը Մայր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզի օրն է
Սեպտեմբերի 3-ը Մայր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզի օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ այս հարցը կիսով չափ լուծված կարելի է համարել:
«Շատ հեռուստաընկերություններ ներկայումս Հայաստանի քարտեզը ցույց տալիս Արցախը միասին են ներկայացնում: Սա առաջին անգամ «ԱԼՄ» հեռուստաընկերությունն արեց: Վերջին տարիներին տպագրված ազգային ատլասում ևս Հայաստանն ու Արցախը միասին են, ոչ թե առանձին»,– ասաց նա:
Տիգրան Քոչարյանը նշեց, որ մարդիկ նախկինում շատ էին վախենում, կարծում էին, թե Հայաստանի ու Արցախի իրական քարտեզը գծելու դեպքում Ազգային անվտանգության ծառայությունը կարող է գալ իրենց ետևից:
«Շատերը ինձ ասում էին, թե ինչու է նախագահի պաշտոնական կայքում փակցված չէ, ես բացատրում եմ, որ դա գուցե դիվանագիտական ինչ-ինչ նկատառումներով է արվում»,- ասաց նա;
Տիգրան Քոչարյանն ընդգծեց, որ թեև այսօր Արցախը առանձին հանրապետություն է, սակայն ցանկացած հայ պետք է միշտ հիշի, որ դա Հայաստանի մի մասն է և այն Հայաստանի հետ մեկ միասնական երկիր է:
«Աստված չանի պատերազմ լինի, բայց եթե հանկարծ լինի, սահմանին կանգնած զինվորը պետք է հստակ իմանա իր սահմանները: Այսինքն՝ ճիշտ քարտեզը կարևոր է վիզուալ առումով, որ մարդը աչքով նայի ու հիշի իր սահմանները»,- ասաց նա:
Տիգրան Քոչարյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին տպագրված դասագրքերում անգամ արդեն ճիշտ քարտեզն է պատկերված: Նա նշեց, որ առաջիկայում իրենք պայքարը տանելու են այն ուղղությամբ, որ համացանցի գլխավոր որոնողական կայքերում ևս տեղադրվի Հայաստանի ճիշտ քարտեզը:
tert.am












