ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կբարդացնի Հայաստան- Ռուսաստան հարաբերությունները
Այսօր Մոսկվա է ժամանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Независимая газета-ն անդրադարձել է առաջիկա հանդիպմանն ու ներկայացրել երկու կողմերի տեսակետները հարաբերություններում առկա լարվածության և դրանց պատճառների մասին։
Բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերություններին, հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Քննարկվելու է նաև Հարավային Կովկասի կայունության և անվտանգության հարցը։
Սերժ Սարգսյանի այցն ուշագրավ է, քանի որ տեղի է ունենում, ըստ որոշ փորձագետների, ռազմավարական դաշնակիցների միջև վատացած հարաբերությունների ֆոնին։
Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, որը կկայանա նոյեմբերին Լիտվայում։
Ռուսաստանը բավական կոշտ պայմաններ է առաջարկել նախկին ԽՍՀՄ պետություններին. նրանք պետք է ընտրեն երկու միությունների միջև, և համատեղելն անթույլատրելի է։
ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա ճիշտ ժամանակին է։ Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կլինի նաև սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելու Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Հայ Առաքելական ամենամեծ եկեղեցու բացմանը։ Ակնհայտ է, որ կա մի շարք հարցերի շուրջ խորհրդակցելու անհրաժեշտություն։
«Չեմ կարծում, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը դրական կլինի Հայաստանի համար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացնելով։ Հայաստանը մեր դաշնակիցն է նաև ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում։ Կարծում եմ, որ Սարգսյանի այցը ճիշտ ժամանակին է. նա քննարկելու շատ բան ունի Պուտինի հետ։ Բացառված չէ, որ նախագահները կանդրադառնան հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի հրավիրվել Մաքսային միություն, չէ՞ որ այդ երկրի ղեկավարությունը հետաքրքրություն էր հայտնել այդ կազմակերպության հանդեպ։ Այդ ամենն անհրաժեշտ է հանգիստ քննարկել՝ առանց լարվելու»,-ասել է Զատուլինը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է հասկանա, որ համատեղ անդամություն դաշինքներին հնարավոր չէ։
ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան ասում է, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա ԵՄ-ի հետ համատեղ իրականացնել արդիականացման և բարեփոխումների ծրագիրը։
«Այն դրական ազդեցություն կունենա Հայաստանի առօրյայի համար, ներառյալ՝ ազատ առևտրի գոտիների ստեղծումը…»,-ասել է նա։
Երևանցի վերլուծաբան Բորիս Նավասարդյանը «НГ»-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ի հետ ասոցիատիվ անդամակցությունը տարբերակված է։
«Հյուսիսային Աֆրիկայի երկրների համար այն իրականացվում է տնտեսական ուղղվածությամբ, իսկ «Արևելյան գործընկերության» շրջանակներում՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի հետ, կան և քաղաքական հարցեր, որի տակ ենթադրվում է կոռուպցիայի վերացման, ժողովրդավարական հանրության, բարեփոխումներին առնչվող հարցեր»,-ասել է նա։
Նավասարդյանը նշել է, որ Հայաստանի սպասելիքներն Ասոցացման համաձայնագրից տարբեր են. ոմանց հրապուրում է վիզային ռեժիմի դյուրացումը, այլոց՝ ազատ առևտրի գոտիների ստեղծումը, որը թույլ կտա եվրոպական շուկա ապրանք արտահանել, երրորդներին՝ բարեփոխումներ իրականացնելու համար ԵՄ-ի ուժեղ մեխանիզմները։
Թերթ.am












