ԿՈՆԿՐԵՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ
«Մաքսային միությանը անդամակցելու մասին որոշումը չի նշանակում, թե Հայաստանը լքել է եվրոպական վեկտորը: Որոշումն իրականում կոնկրետ արդյունք դեռ չի կարող տալ, ճիշտ այնպես, ինչպես Եվրամիության հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի մասին համաձայնագրերն անմիջապես այնքան էլ կոնկրետ արդյունքներ չէին տալու:
Նախ անհրաժեշտ է այդ երկու համաձայնագրերի համար անցնել որոշակի փուլեր գործընթացն ավարտին հասցնելու համար: Այդ փաստաթղթերն ընդամենը պետք է նախաստորագրվեն եւ ոչ թե ստորագրվեն, հետեւաբար չեն կարող հաջորդ օրը նոր իրավիճակ ստեղծել: Նվազագույնը մի քանի տարի է պետք է իրական արդյունքները տեսնելու համար:
Նույն անորոշությունը նաեւ այս դեպքում է, որովհետեւ Մոսկվայում կատարված հայտարարությունը դեռ չի նշանակում, թե մենք վաղն առավոտ կամ երկու ամսից մաս ենք կազմելու Մաքսային միությանը: Այսինքն՝ երկու դեպքում էլ անորոշություններ կան»,- երեկ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ:
Թեպետ մի քանի ամիս առաջ իշխանություններն ասում էին , թե Մաքսային միություն կազմած երկրների հետ Հայաստանն ընդհանուր սահման չունի եւ չի կարող անդամակցել, այժմ հայկական կողմի մեկնաբանություններում նշվում է, որ ուսումնասիրվել է հարցը եւ նոր հնարավորություններ են գտնվել.
«Սակայն ափսոսալին այն է, որ հստակ պատկերացում չունենք, թե ինչ հնարավորությունների մասին է խոսքը։ Եվ որ ասվում է հնարավորությունների մասին որոշումն ընդունելուց, այլ ոչ թե դրա համար նախապես համապատասխան մթնոլորտ ստեղծելուց հետո: Կարծում եմ, որ մեր հասարակության մեջ դժգոհության ալիքն ավելի նվազ կլիներ, եթե համապատասխան աշխատանք իշխանությունները տարած լինեին»:
Իսկ եթե որոշումը դիտարկվի տնտեսական շահավետության առումով, ապա ե՛ւ Մաքսային միության, ե՛ւ Եվրամիության հետ Ասոցացման ու Ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի պարագայում կոնկրետ թվեր չկան, ընդամենը միայն ուսումնասիրություններ ու խոստումներ են.
«Երբ խոսքը Եվրամիության հետ նոր պայմաններով տնտեսական հարաբերություններ ստեղծելու մասին է, ապա ընդամենը տնտեսության մի քանի տոկոս աճի մասին է նշվում: Իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ տնտեսական նախաձեռնությունների բավական երկար շարք է նշվում` սկսած երկաթգծից մինչեւ գործող ատոմակայան եւ նոր ատոմակայան, բայց երկու դեպքում էլ խոստումներ են, այսինքն՝ կոնկրետ ոչինչ չի նշվում:
Դրա համար կարեւոր է, որ այս որոշումը չենթադրի, որ իշխանությունները հետ են կանգնում երկրի ներսում իրականացվող բարեփոխումներից: Չենթադրի Եվրամիության հետ քաղաքական եւ հասարակական ինտեգրման գործընթացների կասեցում»:
Հաճախ ընդգծվում է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ընդունվեց, քանի որ որպես մեկնակետ վերցվեց երկրի անվտանգության հարցը: Այս դիտարկմանն արձագանքելով՝ Կ.Մանոյանը նշեց. «Կարող է այդպես լինել: Սակայն ճիշտ պետք է հասկանալ, սա չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել ու մենք էլ մտանք Ռուսաստանի փեշի տակ: Այստեղ հիմնական խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցն է, եւ անհրաժեշտ է, որ այս հարցում հստակեցում լինի: Նույն կերպ հարցը պետք է հստակեցվեր նաեւ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի պարագայում»:
Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է մեր անվտանգության երաշխավորը լինել: «Կարծում եմ, Ռուսաստանը պայմանագրային իր պարտավորությունները Հայաստանի հետ ի վիճակի է կատարել, այլապես մենք ինչո՞ւ պետք է ստորագրենք պայմանագրեր, եթե համոզված ենք, որ դրանք չեն իրականացվի»,- նշեց Կիրո Մանոյանը:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ












