հայ-ռուսական խորհրդատվություն ռազմական ու քաղաքական ոլորտների շուրջ` ԱԳՆ-ում
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել են հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական-ռազմական ոլորտի խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի և ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առևտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում կայանալիք միջուկային գագաթաժողովի հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղավ նաև Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին և հնարավոր զարգացումներին:
Բանակցությունների ընթացքում կարևորվել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացումը և համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների պարբերաբար անցկացման նշանակությունը և համաձայնություն է ձեռք բերվել հայ-ռուսական հաջորդ քննարկումներն անցկացնել Մոսկվայում՝ 2013թ. դեկտեմբերին:












