Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ԲՈԼՈՐ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԻՏԻ ԹԵԼԱԴՐՎԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՈՎ

Սեպտեմբեր 15, 2013թ. 17:43

Avikայաստանի աշխարհաքաղաքական վիճակը, ոխերիմ հարեւանների առկայությամբ, բավական բարդ է, ճկուն քաղաքականություն պարտադրող երեւույթ: Իսկ օրերս էլ, պայմանավորված մեզ համար կարևոր նշանակություն ունեցող զարգացումներով, որոնց թվում է և ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ, քաղաքական քննարկումների ասպարեզում դարձյալ Արևելք-Արևմուտք կողմնորոշումն է: Մի կողմից Ասոցացման համաձայնագիր, մյուս կողմից` Ռուսաստանի ազդեցության գոտի: Սակայն մի բան պետք է հստակ գիտակցել. բոլոր կողմնորոշումները պիտի թելադրվեն ազգային շահով ու բխեն դրանից: Քաղաքականության մեջ ճկունոթյունը մեզ համար մշտապես եղել է երանելի մի բան, իսկ դրա գիտակցումը` հաջորդել է իրադարձություններին: Ուստի ներքին ամրությունը հրամայական պահանջ է:
Աշխարհին պիտի ներկայանանք հերթական խեղճությունը գրկա՞ծ, թե՞ «գործի միջի» մարդու ինքնավստահությամբ` մեր ընտրությունն է եւ պահանջելու կարողությունն ու իրավունքը:

Մեր քաղաքացիական իրավունքը բոլորից է բարձր: Ու կլինի բարձր, եթե թմրած ու քնած չէ հասարակությունը: Եթե հիմա էլ քնեց, իրեն առավոտի մեջ ունենալն է դառնում կասկածելի ու տոհմի գիտակցությունը` սկուտեղի վրա դրած, միջազգային ատյաններին որպես նախաճաշ մատուցվող անօգնականություն:

Բանից պարզվում է, Իսահակյանը, ինչպես բոլոր մեծերը, ճիշտ էր. «Գիտցեք` քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին»: Ահա այսպես: Մեր օրերում` ներպետական ընդգրկումով:
Կողմնորոշումը կողմնորոշում. սրա առևտուրն է անթույլատրելի: Լավի ու վատի սահման քաղաքականության մեջ չկա, կա կարելիության և հնարավորության ըմբռնում:

Այստեղ է, որ պիտի գործի հայ քաղաքական միտքը: Խոսքը ներպետական ամրության և իշխանության բարոյականության մասին է ընդհանրապես: Այս պարագայում առաջին հերթին նկատի են առնվում տվյալ երկրում օրենքի անվերապահ գերակայությունը և օրենքին տվյալ երկրի իշխանության սպասավորության հանգամանքը: Այլ կերպ ասած, օրենքին և այդպիսով պետականությանը սպասարկելու հանգամանքը իշխանության բարոյականության չափն է: Ասվածը վերաբերում է ժողովրդավարական զարգացման ուղի ընտրած երկրներին, քանի որ որևէ բռնատիրության պարագայում օրենքի գերակայության կամ իշխանության բարոյականության մասին խոսելն անհեթեթություն է:

Երբ այս տեսանկյունից փորձում ես վերլուծել Հայաստանի ներքաղաքական կյանքը, չես կարողանում ցավով չարձանագրել, որ մեզանում իշխանության ինստիտուտը ոչ մի կերպ չի կայանում` որպես պետականությունը սպասարկող միասնական կառույց: Ճշմարտություն է և այն, որ մեր երկրի իշխանությունները գրեթե չեն էլ մտահոգվում նման գործուն ինստիտուտ ձևավորելու խնդրով: Այդ է վկայում նաև նրանց` ներքաղաքական ասպարեզում դրսևորած հատվածական, պահի թելադրանքով պայմանավորված վարքագիծը: Օրենքի անվերապահ գերակայությունը, որպես հասարակական համակեցության հիմնաքար, որոշակի ժամանակամիջոցում միայն կարող է վերջնականապես հանգրվանել հասարակական գիտակցության մեջ: Սակայն դա կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ իշխանություններն իրենք նախաձեռնողաբար և հետևողականորեն ապացուցեն իրենց ենթակայությունը օրենքին, չխուսափեն պետականության սպասավորի իրենց դերից, հետևաբար և` պատասխանատվությունից:
Հայաստանում օրենքներն ընդունվում են կարծես միայն ձևի համար` այդպիսով հասարակական հարաբերությունները կարգավորող լծակներից վերածվելով միայն մտրակի, այն էլ, որպես կանոն, «մանրերի» գլխին: Մեզանում իշխանությունն է օրենքի տերը և այն գործադրում է` ըստ իր հայեցողության: Այսպիսով, ոչ միայն խոչընդոտվում է իրական ժողովրդավարության արմատավորման գործընթացը, այլև իրական սպառնալիք է ստեղծվում մեր ինքնիշխանության համար:
Իշխանության մարմինների գործառույթների ոչ հստակ տարբերակումը, օրենսդրական արտագրված ու մանվածապատ ակտերը, հաճախ էլ հակասական ու չմտածված որոշումները պարարտ հող են ստեղծում տարբեր կարգի չարաշահումների, մեկի տնօրինությանը հանձնած բնագավառը սեփական բոստանի վերածելու, վերջապես` եղած-չեղած օրենքը շրջանցելու համար:
Ազգային ժողովը բողոքում է Կառավարությունից, Կառավարությունը` Ազգային ժողովից, երկուսն էլ` դատական իշխանությունից, վերջինս էլ` բոլորից: Այսպես ասած, միջին օղակն էլ բոլորի հետ ու առանձին քեֆ է անում: Հաստա´տ սա չէ իրավական պետություն ստեղծելու ճանապարհը: Որտե՞ղ է տեսնված, որ ոչ թե գնագոյացման, այլ գնահորինվածքի պայմաններում մարդկանց աչքը մտցնեն տնտեսական աճի մասին հանելուկ-հեքիաթը, որ երկրի ոստիկանությունը բողոքի դատախազության գործելաոճից, դատախազությունը` ոստիկանության, և երկուսն էլ ճիշտ լինեն, և ոչ մեկը մեղավոր չլինի…
Քաջ գիտենալով, որ սոցիալական թշվառության մեջ գալարվող, քաոսից այլևս կաթվածահար ժողովուրդը արդեն ի վիճակի չէ նախկին համառությամբ տեր կանգնելու իր անկախությանը, այժմ էլ աճուրդի է դրվել մեր պայքարի թերևս միակ ձեռքբերումը` ինքնիշխանությունը:

Այսինքն, մենք մեր տանը գտնվելով, դառնում ենք ընդամենը ականատես…
Պարադոքսալ է, բայց որդեգրած գործելակերպը ստեղծել է անսկզբունքային քայլերի հիմնավորման բացառիկ հնարավորություն: Այն և´ ժողովրդի աչքում նվազեցնում է հերթական սխալի համար իշխանությունների մեղքի չափը (ուրիշ ճար չկա) և՛ դեպքերի օբյեկտիվ ընթացքով պայմանավորված գործելակերպի պատրանք ստեղծելով` նրանց հնարավորություն տալիս ձերբազատվելու սեփական ժողովրդի հանդեպ գործած մեղքի զգացումից:
Բայց ասվածն ապրանք չէ, որի գինը սակարկվի, սա բոլորիս գործն է, որ պիտի արվի: Արևելքը մնալու է իր տեղում, չի փախչելու նաև Արևմուտքը: Մենք մեջտեղոմ ենք, վերջապես:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն