Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

<ՂԱՆԹԱՐԻ ԲԱԶԱՐ> ԲԱՑԵՔ, ՎԵՐՋԱՑՐԵՔ

Սեպտեմբեր 18, 2013թ. 22:39

Կառավարության վերջին նիստից տեղեկացանք, որ Երևանի կենտրոնն առաջիկայում կառուցապատման նոր փուլում է հայտնվելու: Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով շրջանակված տարածքների նկատմամբ ծանաչվել է նոր գերակա հանրային շահ: Թե հանրային շահը որն է, տեղեկություն չունենք, բայց որ Երևանի կենտրոնի գլխին նոր փորձանք է նախապատրաստվում, տեսանելի է: Ըստ որոշման, նախատեսվում է իրականացնել <Հին Երևան> ճարտարապետական միջավայրը:

Այսինքն մի բան, որ գոյություն չունի, որովհետև ոչնչացվել ու քանդվել է: Մամուլից տեղեկացանք նաև, որ այս կասկածելի հեռանկարով նախագծին դեմ է արտահայտվել նաև Երևաննախագիծ ինստիտուտի նախկին տնօրեն Գուրգեն Մուշեղյանը:

Այդ վայրում նման կառուցապատումն իրականացնելն, ըստ ճարտարապետի, ճիշտ չէ: «Ըստ նախագծի՝ դա դառնում է մի փակ թաղամաս, որը բոլորովին ներդաշնակ չէ տարածքի այսօրվա կառուցապատման և բարձրահարկ շենքերի հետ: Փողոցները նեղ են շատ, գերհագեցված վիճակ է ստացվում այնտեղ: Այն ժամանակ, երբ մենք այդպիսի մտադրություն ունեինք, մենք ասում էինք՝ որը հուշարձան է և իրենից արժեք է ներկայացնում, պետք է թողնել կանաչի մեջ, իսկ շենքերը մնան որպես հին Երևանի մնացորդներ և ծառայեն ոչ թե որպես բնակելի շենքեր, այլ դրանց նշանակությունը փոխվեր»,- նշել է ճարտարապետը:

Հիմա որևէ մեկը կարո?ղ է ասել, թե հին Երևանը որտեղ է. քսան քառակուսի մետր տարածքի վրա տասնհինգ հարկանի շենք է կառուցվում, որովհետև հարկը փող է: Երևանաբնակներս գիտենք, թե ինչ կատարվեց մեր քաղաքի հետ, ի?նչ խորհրդանիշ մնաց. մի երկու տուն` Աբովյանի հարակից տարածքում, քարուքանդ արված Երիտասարդական պալատ ու վերակառուցման ենթակա Հանրապետության հրապարակ: Իսկ հիմա վերակառուցման է նախապատրաստվում քաղաքի կենտրոնը: Թող ներվի ասել, բայց մերօրյա իրականության մեջ լավագույն վերակառուցումը ոչինչ չանելն է. գոնե թող մնա այն, ինչ կա: Եթե իհարկե մնացել է: Մասնահատումներով քանդելուց հետո հին Երևան վերակառուցելու ջանքերից, ճիշտն ասած, փողի հոտ է գալիս: Բայց անչափ հետաքրքիր են ինքնին ծրագիրը և վերակառուցման մեխանիզմը. 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի ճարտարապետական հուշարձաններ պիտի վերականգնվեն: Ճարտարապետ չենք, բայց սա ճարտարապետական աճպարարություն չէ?: Գնացեք, Փակ շուկան վերականգնեք, հետո դարձեք հարյուրամյա հուշարձաններին, որոնք չկան: Հիմա եղածը քանդեցին, ի?նչ հին Երևան:

Տեղյակ ենք, որ, ըստ Թամանյանի նախագծի, Հյուսիսային պողոտայում պիտի կառուցվեին ցածրահարկ շենքեր և տնկվեին գեղեցիկ դեկորատիվ ծառեր: Նպատակն այն էր, որ դրանք չխաթարեին օպերայի շենքի հրաշալի տեսքը: Այսօր այդ պողոտայի ագրեսիվ տեսքից ու մթամած պատուհաններից օպերան երևու?մ է:
Ի դեպ, սույն որոշմամբ, կենտրոնում տարածքներ են տրվելու մասնավոր շինարարական ընկերություններին, որոնք պետք է կառուցապատում իրականացնեն: Մեջբերենք մամուլից. մասնավորապես, խոսքը «Գլենդել Հիլզ», «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» և «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունների մասին է: Նախորդ տարիներին Երևանի կենտրոնում կառուցապատող տարբեր ընկերություններ գերակա հանրային շահ ծրագրի մի մասը փաստացի ձախողեցին՝ չկարողանալով ավարտին հասցնել սկսած շինարարությունը:

Մասնավորապես, նույն <Գլենդել Հիլզ> ընկերությունը արդեն 5 տարի է՝ ավերակների է վերածել Երևանի 33-րդ թաղամասը (ֆիրդուս) և չի կարողանում կամ չի ցանկանում տարածքի բնակիչների համար նախատեսված երկու շենքերի շինաշխատանքներն սկսել: Բոլորովին վերջերս էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը, թաղամաս այցելելով, բնակիչներին իրազեկեց, որ «Գլենդել Հիլզը» ֆինանսական ծանր խնդիրների առաջ է կանգնել: Ձախողվել են նաև Բուզանդի փողոցի, Կոնդ թաղամասի բնակիչների համար այդ թաղամասերում նախատեսված շինարարական ծրագրերը:

Հիմա մեզ թույլ չտա?նք հարցնել, թե ում են պատկանում այդ կազմակերպությունները, որոնց վերստին խիստ խոստումնալից <վերակառուցումներ> են վստահվում` մանավանդ անցյալի փորձը նկատի ունենալով: Վերջապես սա մեր քաղաքն է, որի ոչ մի շենք այլևս տակ չունի, տանիքների մասին չենք ասում: Հին Երևան եք ուզում վերականգնել, մի վեց ուխտ բերեք Շահումյանի հրապարակ, <Ղանթարի բազար> բացեք, վերջացրեք: Քաղաքապետարանին էլ մոտ է, առևտրի համար` հարմար:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն