ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՏԻ ԱՌՆԵԼՈՎ՝ ՃԻՇՏԸ ՄՄ-ԻՆ ՄԻԱՆԱԼՆ Է
«Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը, տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրները, կայացվել է նման որոշում: Մաքսային միությանն անդամակցությունը հնարավորություն կտա ավելի խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը կհանգեցնի նաեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը»,- երեկ նման տեսակետ է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ: Նախարարի խոսքով, Մաքսային միությանը անդամակցելը ռազմավարական բնույթ ունի եւ կարեւոր է անվտանգության տեսակետից:
Սա առհասարակ ուշագրավ դիտանկյուն է, քանզի, որքան հայտնի է, անվտանգության, նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը կարգավորվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, ինչի համար էլ այն ձեւավորվել է, եւ որի կայուն ու ակտիվ անդամ-պետություններից մեկը հենց Հայաստանն է: Ըստ որում, սա՝ չհաշված հայ-ռուսական երկկողմ ռազմավարական ու դաշնակցային բնորոշվող փոխհարաբերությունները:
Այնինչ Մաքսային միությունը, որքան հայտնի է, գոնե դեկլարատիվ առումով, առեւտրատնտեսական համագործակցության եւ ընդհանրության շեշտադրում ունի:
Պաշտպանության նախարարը երեկ նաեւ նշել է, որ մեր պետությունն իր մասնակցությունը պետք է ունենա աշխարհաքաղաքական նոր բեւեռի ձեւավորմանը: Որպես այդպիսին, դժվար չէ կռահել, դիտվում է Եվրասիական միությունը:
Ինչո՞ւ կամ ինչո՞վ է դա կարեւոր Հայաստանի համար: Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային չափազանց բարդ իրավիճակում: Եվ, ըստ այդմ, Հայաստանի համար դժվար է միայնակ լուծել անվտանգության խնդիրները:
Այս առումով պաշտպանության նախարարը ուշագրավ նկատառում հայտնեց. «Եթե մեր արեւելյան հարեւանի (հասկանալի է՝ Ադրբեջանի) հետ խնդիր չունենք եւ որակական պատրաստության ու մարտական ոգու շնորհիվ ուժերի հարաբերակցությունը պահում ենք, ապա որոշակի խնդիր ունենք արեւմտյան հարեւանի` Թուրքիայի հետ կապված: Այն համագործակցությունը, որ ունենք ե՛ւ Ռուսաստանի հետ, ե՛ւ ՀԱՊԿ շրջանակներում, հիմնականում կապված է Թուրքիայի հետ, եւ Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը Հայաստանի զինված ուժերի հետ միասին մեր երկրի անվտանգության ապահովման խնդիր ունի:
Շեշտում եմ` առավելապես Թուրքիայի կողմից, արեւելյան կողմից մենք խնդիր չունենք: Այս իրավիճակում ձեւավորվող նոր բեւեռի մեջ մեր մասնակցությունը պետք է ունենանք»:
Սա իսկապես ուշագրավ դիտարկում է, մանավանդ եթե նկատի առնենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, ոչ մեր երկրի մեղքով ձախողված կամ, այսպես ասենք, սառեցված գործընթացը, Թուրքիայի հետ, թեկուզ երրորդ երկրի միջոցով իրականացվող նկատելի առեւտրաշրջանառությունը, թուրքական լողափերում արեւահարվող ՀՀ քաղաքացիների թիվը ու մի շարք այլ հանգամանքներ: Հասկանալի է, կա նաեւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող արտաքին քաղաքական ու ռազմատեխնիկական աջակցությունը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մասնավորապես հարձակողական ու զանգվածային ոչնչացման զինատեսակներով սպառազինվելուն, ապա պաշտպանության նախարարը նախ նկատել է, թե Հայաստանը իրավասու չէ խանգարել որեւէ երկրի ռազմական համագործակցությանը: Թեպետ միջազգային կազմակերպությունների ու «հզոր երկրների» միջոցով, ըստ Ս.Օհանյանի, Հայաստանն իր մտահոգություններն արտացոլող «մեսիջներն» ուղարկում է, հայտարարում է, որ անընդունելի է ադրբեջանական կողմի նման սպառազինումը:
Սակայն նկատենք, որ ժամանակակից աշխարհն այդ առումով առանձնապես առաջ չի գնացել, ու հազիվ թե որեւէ մեկին, այդ թվում՝ դաշնակից «հզոր երկրին» հուզում է, որ Հայաստանը անընդունելի է համարում ակնհայտ ագրեսիվ, պատերազմ սանձազերծելու դիրքերից հանդես եկող ալիեւյան ռեժիմին սպառազինելը:
Մեր երկրի պաշտպանության նախարարը երեկ նշել է. «Սպառազինությունների մրցավազք ասվածը եւ գնումների ողջ գործընթացը մեր կողմից վերահսկվում է: Վերջերս Ադրբեջանի ձեռք բերած սպառազինության մասին մենք դեռ 2-3 տարի առաջ գիտեինք, եւ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք»:
ԲԱՆԱԿՆ ԷԼԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ Է, ԲԱՅՑ…
Բայց այդ արտահայտությունը, այսինքն՝ որ բանակը հասարակության հայելին է, պարզվում է, արգելված է արտաբերել մեր զինված ուժերում: Եվ դա արգելված միակ ձեւակերպումը չէ:
Պաշտպանության նախարարը մասնավորապես ընդգծել է. «Ես արգելել եմ մեր զինված ուժերում հնչեցնել երկու արտահայտություն: Առաջին` բանակը հասարակության հայելին է: Այո, բանակը հասարակության մասն է: Բայց բանակում կա ուղղահայաց ենթակայություն եւ կարգապահության համապատասխան մակարդակ, որն ավելի լավ միջավայր է` փողոցային բարքերի, անարդարությունների դեմ պայքարելու համար»:
Իսկ արգելված երկրորդ արտահայտությունն այն է, թե՝ «բոլոր բանակներում էլ լինում են միջադեպեր»: Սեյրան Օհանյանն այս հարցում եւս այլ տեսակետ ունի՝ մեր բանակը տարբերվել է ուրիշներից միասնականությամբ, բարոյահոգեբանական բարձր մակարդակով, մարտական ոգով: «Այդ ոգին եւ միջմարդկային հարաբերությունների մակարդակը չպետք է կորցնենք»,- շեշտել է պաշտպանության նախարարը՝ հավաստիացնելով, որ բանակում շարունակվում են կարգապահության պահպանմանը նպատակաուղղված աշխատանքները:
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
<Հայոց Աշխարհ>












