ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՒՆԵՆԱԼ ՏՆՏԵՍՈԻԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՈԴԵԼ
–Անկախության հռչակմամբ՝ բոլորովին այլ կացութաձևից անցում կատարեցինք մեկ այլ տնտեսակարգի, բնականաբար, այդ անցումն առաջին հերթին իր ազդեցությունը պետք է ունենար երկրի տնտեսության վրա: Որոնք էին այն տնտեսական անակնկալները, որոնց առաջ կանգնեց նորանկախ Հայաստանը:
– Նախ խոսեմ ձեռքբերումներից, իսկ որպես այդպիսին ես համարում եմ անշրջելիությունը, այսինքն անցումը տնտեսական նոր կացութաձևի և այսօր որևէ մեկը չի կարող ասել, թե հնարավոր է վերականգնել հին տնտեսակարգը: Չնայած վերջերս նման մտքեր Արևմուտքում հաճախ են հնչում, ասվում է՝ Մաքսային միությունը կլինի նախկին Խորհրդային միության վեստեղծում, բայց, կարծում եմ, որ անգամ մեծ ցանկության դեպքում հետնահանջը հնարավոր չէ: Մյուսը՝ նոր ազատ մրցակցային տնտեսության հաստատումն ու նաև սեփական ազգային տնտեսություն կերտելու հնարավորությունն է: Կարևոր ձեռքբերում է այն, որ ստեղծագործ , արարող մարդկանց հնարավորություն ստեղծվեց իրենց ներուժի սահմաններում ինքնադրսևորվել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հիշեք, որ նախկինում շփումների սահմանները խիստ սահմանափակ էին, ու հեշտ չէր շփվել այլ երկրների գործընկերների հետ, գիտական միտք փոխանակել: Ցավոք այսքանով սահմանափակվում են մեր ձեռքբերումները, և այսօր ես կդժվարանամ նշել մի ոլորտ, ուր շատ մեծ առաջընթաց ենք գրանցել, բացառությամբ ՏՏ և էներգետիկայի ոլորտները. առաջինում գրանցված հաջողությունները ես ավելի շատ կապում եմ մասնավոր հատվածի համառության ու մեր մասնագետների բանիմացության հետ, ինչ վերաբերում է էներգետիկայի, այս ճյուղը մեզանում ավանդաբար համարվել է մրցունակ:
Մյուս ասպարեզներում բավական լուրջ խնդիրներ կան, որոնք առավել վտանգավոր են մեր տնտեսական անվտանգության տեսանկյունից:
1993-ից սկսած որոշում կայացնողները՝ նախկին վարչակազմն իր անգրագիտության պատճառով դրամը ենթարկեց գերարժեզրկման. մեկ ամսում այն հասավ 1880 տոկոսի , սա աննախադեպ գերարժեզրկում էր: Միայն այն, որ լումա, այսինքն, մանրադրամ շրջանառության մեջ չմտցվեց, դա ուղղակի կաթվածահար արեց ողջ ֆինասական համակարգն ու տնտեսությունը: Հաջորդը, կտրուկ անկում ապրեց բնակչության գնողունակ պահանջարկը, որն իր հերթին ազդեց առաջարկի, այսինքն, արտադրութայն վրա, այն կրճատվեց: Տեղի ունեցավ ազգային հարստության անհամաչափ վերաբաշխում, այսինքն՝ բևեռացում: արագացված տեմպերով կատարվեց հողի, փոքր, միջին ու մեծ օբյեկտների սեփականաշնորհումը:
90-ականերին իշխանության եկածները հիմնականում աշխատում էին Արևմուտքի մոտ տպավորություն ստեղծել, թե տեսեք, ի՜նչ արագությամբ, ու ի՜նչպիսի տարածական ռեֆորմներ կարող ենք անել: Բայց իրականում նրանք մոռացան ամենագլխավորի՝ մարդու մասին, վերջինս օտարվեց, արհամարհվեց ու դարձավ սոցիալապես անպաշտպան: Այդ տարիներին էր, որ անասելի չափերի հասավ ստվերային տնտեսությունը, կրճատվեցին արտահանման տեմպերը , ավելացավ ներմուծումը և այլն: Այսինքն, կանգնեցինք բավական լուրջ խնդիրների առաջ:
–Իսկ այսօ?ր՝ երկու տասնամյակ անց, ի?նչ իրավիճակ է, որո?նք են նոր ժամանակներում մեր առաջ ծառացած տնտեսական խնդիրներն ու մարտահրավերները:
-Կարևորագույն խնդիր է գիտության ու գիտական կադրերի հանդեպ վերաբերմունքը: Ցավոք, առայժմ մեզանում պահանջարկ չունի գիտական միտքը, որակյալ կադրերը չեն խրարխուսվում:
Երկրորդ կարևորագույնը՝ երիտասարդության զբաղվածության հարցն է, նրանց զգալի մասն այսօր գործազուրկ է, ինչն էլ պարատ հող է ստեղծում արտագաղթի համար:
Մյուսը՝ գյուղատնտեսության ոլորտն է: Իհարկե, չի կարելի անտեսնել գործադրվող ջանքերը, սակայն անհրաժեշտ չափով չի օգտագործվում մեր պոտենցիալը, մինչդեռ արդյունավետ օգտագործման դեպքում կարող ենք լուծել մեր երկրի պարենային անվտանգության հարցը, նաև մրցունակ ապրանքներ արտահանել արտերկիր:
Փորձեմ թվարկել նաև այն հրատապ քայլերոը, որոնք այսօր հարկավոր են կատարվել: Ակնհայտ է, որ մեզանում նվազել է պետության դերը, սրանում ևս իրենց <լուման> ունեն նորանկախ Հայաստանի հիմնադիրները, որոնք թերարժեվորեցին ու թյուր պատկերացում ստեղծեցին, թե պետությունը պետք է ձեռքերը լվանա ու կողքի կանգնի: Այդպես չէ, ուրեմն այսօր մեր կարևոր քայլերից մեկը պետք է լինի տնտեսության մեջ պետության դերի աշխուժացումը:
Մենք պետք է կարողանանք քաղաքականությունը տարանջատել տնտեսությունից և թույլ տալ, որ բիզնեսն իր օրենքներով զարգանա, հարկային կոշտ քաղաքականությունը փոխարինել ավելի ճկուն և շրջահայաց քաղաքականությամբ: Գաղտնիք չեն մեզանում առկա մենաշնորհների առկայությունը
Մեր տնտեսության լրջագույն վտանգներ են՝ ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը, կոռւպցիան, կաշառակերությունը: Նաև նշեմ այն օբյեկտիվ մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ. Հայաստանի ցամաքային երկիր լինելը, շրջափակումը, շուկայի սահմանափակ լինելը: Եվ եթե մենք կարողանանք տնտեսական որևէ ինտեգրացիոն ուղղության շրջանակներում՝ կլինի Մաքսային միությունը, թե Եվրամիությունը, հաղթահարել այդ մարտահրավերները, ապա դա մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր շուկայի սահմանները ու դրական հող ստեղծել նեդրումների համար:
Եվ վերջապես, անկախության առաջին տարիներից առ այսօր մենք փորձում ենք նմանակել այլ երկրների, ներառել նրանց տնտեսական փորձը: Սակայն ժամանակն է ձևավորել մեր ազգային տնտեսության զարգացման մոդելը, ուր պատշաճ ձևով հաշվի կառնվեն մեր երկրին բնորոշ առանձնահատկությունները և սա խիստ կարևոր հանգամանք է:













