Ծայրամասային մտածողությունից պետք է ազատագրվենք
Որովհետև մենք ևս դերակատար ենք մեծ քաղաքականության
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը գրող հրապարակախոս ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Կան մարդիկ, ովքեր հստակ նպատակադրում ունեն պատմություն կեղծելու, կամ հորինովի գաղափարներ, դատողություններ շրջանառելու. այժմ էլ փորձում են աղավաղել սեպտեմբերի 21-ի խորհուրդը, տալով մի նոր մեկնաբանություն՝ անկախությունը մենք չենք ձեռքբերել, այն պարզապես մեզ նվեր տրվեց։ Արդյո?ք փորձ չի արվում նսեմացնել, արժեզրկել անկախության համար մեր ժողովրդի պայքարը, անտեսել նվիրյալներին, նաև զոհերի հիշատակը, որպիսին մենք ունեցանք անկախության ճանապարհին։
-Գիտեք, եթե ոմանք հարցն այդպես են դնում, ուրեմն ես էլ հակառակը կարող եմ ասել, որ հսկայական կայսրության հիմքերը մենք սասանեցինք՝ մեր ազգային զարթոնքով, ու խորհրդային 15 հանրապետություններին անկախություն նվիրեցինք արցախյան պահանջատիրության արևելումով:
Վերջերս հաճախ եմ մի միտք շրջանառում և ուզում եմ, որ այն արմատակալի մեզանում. ծայրամասային մտածողությունից՝ Տիզբոնի ծայրամաս, Հռոմի ծայրամաս լինելու այդ բարդույթից մենք պետք է ազատագրվենք ու մտածենք, որ մենք ևս դերակատար ենք շա՜տ մեծ քաղաքականության: Այդ ծայրամասային մտածողությունն է, որ որոշ մարդկանց թույլ է տալիս նման սրբապիղծ արտահայտություններ անելու: Գիտեմ, թե ովքեր են դրանց հեղինակները, ու ի?նչ նկատառումներով են անում: Ես երբեք ՀՀՇ-ի ներկայացուցիչ չեմ եղել, մտքովս էլ չի անցել իրենց կողքին լինելու, թեպետ այնտեղ ունեի ընկերներ՝ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Լևոն Տեր- Պետրոսյանը, որ իմ համալսարանական ընկերն էր, ես իրենց բոլորովին չեմ համակրել, բայց չեմ կարող իրենց փնովելու համար այդ մեծ գաղափարը նսեմացնել, ասել, թե այդ ձեռքբերումը նրանց օրոք չեղավ: Իսկ իրենք ընդամենն այդ պահին ալիքի կատարին էին: Սառուցյալ օվկիանոսից բացի եղել եմ բոլոր օվկիանոսների ափին. ալեկոծության ժամանակ մի զարհուրելի, խորքային ձայն է գալիս, մի ահասարսուռ ձայն, անմիջապես հասկանում ես, որ սա ո՛չ ծով է, ո՛չ էլ, հատկապես, լիճ, օվկիանո՛սն է ալեկոծվում, ալիքներնն էլ են շատ տարօրինակ, բոլոր ալեկոծությունների ժամանակ վերևում փրփուր է՝ թեթև ու սպիտակ, և փրփուրը մի՜շտ վերևում է: Բայց էդ վերևինը՝ եզի ու մոծակի պատմության պես, կարծում է, թե ինքն է, որ կա՝ ամենակարևորը…
Այնպես, որ անկախությունը մեզ նվեր չտրվեց, այդ զարթոնքը մեկ 1965-ին եղավ, մեկ էլ սկսվեց 88-ին ու շարունակվում է մինչև հիմա: Բայց քանի որ կան այդ ծայրամասային գավառամիտ ստրուկները, որոնք իրենց ամենագետ են համարում ու շատ լուրջ դեմքով կարող են պատմական ճշմարտություններ ասողի կեցվածք ընդունել, ես նրանց կրկին պատասխանում եմ՝ մե՛նք ենք փլուզել կայսրությունը: Ես սնափառություն չունեմ, ու դա գլուխ գովելու բան էլ չէ, որովհետև նաև այդ ծայրահեղության մեջ ընկածներ կան, ամենակարկառունն էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր:
Մեր ամբողջ պատմությունը եղել է անկախություն ձեռքբերելու գործընթաց, բոլոր դարաշրջաններում՝ արտաշիսյանների ժամանակից սկսած մինչև հիմա, քանի՜ արքայական հարստություն ենք փոխել, մեր մղած պատերազմիների մեջ միշտ եղել է անկախության ձգտումը՝ Հռոմից, Պարսկաստանից, արաբներից, թուրքերից, այսինքն, անկախության, ազատության գիտակցումը, որ հատուկ է բոլոր նորմալ մարդկանց, հայի գեների մեջ ամրացած ու անջնջելի ցանկություն է: Այլ բան է, որ դեռ չգիտենք՝ ինչպե?ս այն օգտագործել:
Հարյուրամյակներով ինքնուրույն պետություն չենք ունեցել և դա մեր հոգեբանության մեջ ահագին այլակերպումների տեղիք է տվել: Երկու օր առաջ եթերով ցուցադրվում էր Տիգրան Առաքելյան երիտասարդ տղայի դատական նիստը, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե իշխանություններն ինչո?ւ են զոռով քաղաքական մարտիրոս դարձնում այդ տղային, թող ականջը մի հատ ոլորեին ու ասեին՝ գնա տուն: Գիտեք, չէ?, որ մեր ժողովուրդը մարտիրոսներին, հալածյալներին շատ է սիրում: Ժամանակին ես մի հոդված գրեցի Աշոտ Բլեյանի դեմ սկսված դատավարության առիթով: Գրեցի՝ կամ շնորհքով դատավոր բերեք, ով կապացուցի Բլեյանի մեղքերը ու դատեք, կամ էլ ազատ արձակեք, և այդ մարդուն զոռով մի դարձրեք քաղաքական հալածյալ: Այդ մասին ես ասացի նաև Ռոբերտ Քոչարյանին: Բլեյանը հեռուստաեթերով հեռարձակվող բոլոր դատական նիստերն իբրև ամբիոն էր ծառայեցնում իր՝ մեզ համար մերժելի քաղաքական հայացքները տիրաժավորելու համար: Նույնը կատարվում է այսօր Տիգրան Առաքելյանի շուրջ: Երկու օր առաջ այս երիտասարդի դատական նիստն էր, երիտասարդ ոստիկանին մոտեցավ քաղաքականությամբ զբաղվող մեկը, անունը չեմ ուզում տալ, այդ մարդը շա՜տ է սիրում հաճախ գետնին պառկել, այս պրովոկատորը սկսեց ուղղակի սադրել ոստիկանին, անհավատալի զազրախոսելով: Երիտասարդ ոստիկանը, եթե չհասկանար, թե ո?վ է իր առաջ կանգնածը, թե որտե?ղ է ինքը, կարող էր նաև ապտակել, նույնիսկ ծեծել սադրիչին: Նայում ու մտածում էի, մարդու իրավունքների պաշտպանները, ժողովրդավարության համար պայքարող առաջամարտիկները չեն տեսնո?ւմ այդ ամենը, չգիտե?ն, որ մարդու իրավունքը բոլորի համար է, նաև այդ երիտասարդ ոստիկանի: Ժողովրդավարները չգիտե?ն, թե ինչ կանեին իրենց սիրած Արևմուտքում, հատկապես, Ամերիկայում այն մարդուն, ով համարձակվեր իր գործը կատարող օրենքի պաշտպանին այդպես վիրավորել՝ նրա ողնաշարը կկոտրեին, կտուգանեին կամ կձերբակալեին ու կդատեին:
Այս երկար պատմություններն անելով ուզում եմ ասել՝ անկախությունը դատարկ բառ չէ, ոչ էլ անարխիա է, այլ նախ և առաջ օրինակելի կարգապահություն է, որի սահմանները պետք է իմանալ:
Շարունակելի
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












