Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Հոգևոր

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂՔԻՆ Է՝ ՉՆԱՅԱԾ ԵՄ-Ի ԱՂՄՈՒԿ-ԱՂԱՂԱԿԻ

Սեպտեմբեր 24, 2013թ. 00:26

«Արցախյան պատերազմի ժամանակ հայ կրոնավորը կանգնած էր իր զինվորի կողքին, այսօր հայ կրոնավորը նույնպես կանգնած է իր զինվորի կողքին՝ որպես քարոզող, որպես խրամատներում նրա ոգին բարձրացնող, որը Քրիստոսի սիրով է կանգնած մեր հայրենիքին պաշտպան, որովհետև այդ ժառանգությունը մենք ստացել ենք Հայկյան պայքարից ՝ Բելի դեմ և Ավարայրի սուրբ ճակատամարտից: Այս ամբողջը մի ժառանգություն է և մենք նոր հայտնություն չենք անում, սա մեր կերպն է՝ ժողովուրդ-եկեղեցի, միշտ միաձույլ աճել ենք և փառք Աստծո, այսօր էլ մենք է՛նք մեր պետականության կողքին որպես լծակ, չնայած մենք գիտենք, որ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից»:

Այսօր այս մասին ասաց Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շաքե քահանա Հայրապետյանը՝ խոսելով Հայաստանի անկախության 22 տարիների ընթացքում եկեղեցու դերի մասին:

Նա ասաց, որ այս ընթացքում եղել են նաև վրիպման շրջաններ, ժամանակը ճիշտ չի օգտագործվել, բայց այսօր պետությունը նույնիսկ մեռելոցի օրերը հայտարարեց ոչ աշխատանքային և թույլ տվեց, որ իր ժողովուրդը կարողանա իր մահացածներին այցելել՝ չխախտելով կանոն: Սա մի հզոր քայլ էր դեպի եկեղեցի և դրանով պետությունը ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը եկեղեցու կողքին է:

«Հիմա մարտահրավերները շատ շատ են, մեր ազգային բարոյական կերպարի փոփոխման առումով հուժկու գործեր են կատարվում, բայց հուսով եմ, որ իմաստությունը, ազգային գիտակցությունը և մեր պետական այրերի քայլերը կաշխատեն, որ կանխվի այդ ամենը: Մենք աղոթում ենք առ Աստված»,- ասաց Տեր հայրը:

Ինչ վերաբերվում է Առաքելական եկեղեցու դերը օրենսդրական փոփոխություններով ամրապնդելուն, ապա Տեր Շաքեն ասաց, որ Արամ Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ, եկեղեցու կողմից մշակվեց մի Սահմանադրություն, որը արդեն պետք է խորհրդարանում լսվեր.« Ես հիշում եմ, թե ինչ աղմուկ, աղաղակ բարձրացվեց այդ ժամանակ, ինչպես Եվրախորհիրդի ներկայացուցիչները և այլն, հայտարարեցին, որ փաստորեն ոտնահարվում է խղճի ազատությունը և կրոնական մի կազմակերպության, որը մեր Առաքելական եկեղեցին էր, փաստորեն, հատուկ իրավունքներ է տրվում: Ուղղակի գլխատվեց այդ ծրագիրը, ես չգիտեմ ինչու եղավ այդ բանը, բայց եղավ»:

Մարինե Բարսեղյան
<Իրավունք> շաբաթաթերթ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն