Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

Սեպտեմբեր 10, 2013թ. 12:20

Սեպտեմբերի 5-6-ը Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը: «Հայոց Աշխարհ»-ը զրուցեց վեհաժողովի մասնակից, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

-Չնայած Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ Մաքսային միությանն անդամակցելը չի նշանակում դադարեցնել համագործակցությունը ԵՄ հետ քաղաքական եւ տնտեսական ինտեգրման ուղղությամբ, սակայն ԵՄ-ն, կարծես, չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ո՛չ Ասոցացման, ո՛չ էլ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ( ՀԱԱԳ) մասին համաձայնագրերը: Այս առումով ինչպիսի՞ տրամադրություններ էին ԵԺԿ վեհաժողովում:
-ԵԺԿ քաղաքական ասամբլեայի հերթական նիստում, բնականաբար, չշրջանցվեց Հայաստանի կայացրած որոշումն ու ծավալվեց քննարկում, հնչեցին տարբեր հարցադրումներ, ակնհայտ էր, որ կար պարզաբանման անհրաժեշտություն: Եվ կրթության նախարար Արմեն Աշոտյանն ու ես մեր ելույթներում տվեցինք հնչած հարցերի պատասխանները:
Կատարվածը ԵՄ որոշ շրջանակների համար անակնկալ էր, որովհետեւ իրենց ընկալմամբ, խնդիրը մշտապես քննարկվել է Արեւելյան գործընկերության ընդհանուր համատեքստում, եւ եվրոպացիների կողմից մշտապես եղել է այն ընկալումը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բանակցությունների արդյունքում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
-Նման տպավորության ստեղծման «մեղավորը» Հայաստանի իշխանություննե՞րն են:
-Ոչ, քանի որ մեր երկրի իշխանությունները երբեք հանդես չեն եկել այնպիսի քաղաքական հայտարարությամբ, որում կխոսվեր միակողմանի պատրաստակամության մասին, փոխարենը կարեւորվել է այն միտքը, որ առաջնորդվելով պետական շահերով, մեր առջեւ չենք դնում «կամ… կամ»-ի, այսինքն՝ ընտրության խնդիր, եւ որ մեր նպատակն է համագործակցել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, պետությունների հետ:
Հայաստանն ունի անվտանգության ապահովման խնդիր, ինչը միայն մեր ռազմաքաղաքական անվտանգության հարցը չէ, այլեւ ներառում է էներգետիկ, կոմունիկացիոն, պարենային անվտանգության խնդիրներ, ու լինելով ՀԱՊԿ-ում առանցքային դերակատարում ունեցող երկիր՝ հիմնադիր անդամ, հասկանալի է, որ Հայաստանն իր անվտանգության խնդիրների լուծման հանգրվանը պետք է գտնի Մաքսային միության շրջանակներում, նաեւ տնտեսապես ինտեգրվելով այդ միությանը: Բայց դա չի նշանակում, որ քաղաքական, սոցիալական, իրավական, ինչպես նաեւ գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում մենք դադարելու ենք հարաբերվել աշխարհի մյուս երկրների ու կառույցների հետ:
Բրյուսելում իմ ելույթում ես շեշտեցի հե՛նց այդ միտքը, որ Հայաստանի համար անընդունելի է ճամբարների բաժանման գործընթացը, հակասություններ ու հակադրություններ փնտրելը, անընդունելի է ցանկացած կողմի կոշտ մոտեցումը:
-Այնուհանդերձ եվրոպացիների կոշտ պնդումներից պարզորոշ դարձավ, որ իրականում Արեւմուտքը երբեք էլ չի եղել «եւ… եւ»-ի կողմնակիցը, քանի որ բացահայտորեն պնդում են միայն «կամ… կամ»-ի մասին:
-Եվրոպայի մեր գործընկերների մեջ, իրոք, կա որոշակի անորոշություն: Նրանք այն կարծիքին են, որ Հայաստանը անդամակցելով Մաքսային միությանը չի ստորագրի ՀԱԱԳ համաձայնագիրը, ապա չի կարող ստորագրել եւ Ասոցացման համաձայնագիրը:
Իհարկե, փաստ է, որ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որ ՀԱԱԳ-ի ստորագրումը ենթադրում է տեխնիկական անհամապատասխանություն Մաքսային միության տրամաբանությանն ու գաղափարներին: Հետեւաբար այսօր մենք դեռեւս ձեռնպահ ենք մնում ՀԱԱԳ-ի մասին պայմանագրի ստորագրումից, իսկ Ասոցացման համաձայնագիրը դիտարկում այլ համատեքստում, քան մեր եվրոպացի գործընկերները:
-Այսինքն՝ Հայաստանը թեւակոխեց նոր փուլ, որը ենթադրում է նոր ձեւաչափերի, նոր մոտեցումների հստակեցում:
-Այո, ստեղծվել է մի նոր իրավիճակ, այսինքն՝ նոր քննարկումների, բանակցային գործընթացի սկիզբ, ինչի հետեւանքով, բնականաբար, կծնվեն համագործակցության գուցե նոր գաղափարներ, մոդելներ, ձեւաչափեր: Առաջիկայում մեզ մեծածավալ աշխատանք է սպասվում եւ՛ Մաքսային միությանը, Եվրասիական տնտեսական տարածքին ինտեգրվելու ուղղությամբ, եւ՛ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հեռանկարի ուղղությամբ:
Պետք է մեկտեղենք եվրոպացի գործընկերների հետ մեր ընկալումները, որպեսզի կարողանանք իմի բերել ու, ի վերջո, գալ մի կարեւոր եզրահանգման՝ Ասոցացման համաձայնագիրն ամբողջությամբ կապել ՀԱԱԳ-ի ստորագրման հետ, ամենեւին էլ չի բխում Արեւելյան գործընկերության տրամաբանությունից։ Ինչո՞ւ, որովհետեւ Արեւելյան գործընկերության հիմքում ընկած է մերձեցման քաղաքականությունը: Իսկ մենք պատրաստակամ ենք Եվրամիության հետ ե՛ւ այդ, ե՛ւ այլ ծրագրերի շրջանակներում շարունակել բարեփոխումների ընթացքը: Այսինքն՝ ասոցացման, մերձեցման քաղաքականությունը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի խնդիր, մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը:
Այլ բան է, որ կա քննարկման անհրաժեշտություն, պետք է ճշտել, թե հատկապես ո՞ր ուղղություններով է հնարավոր դա իրականացնել, որպեսզի լինի երկուստեք ընդունելի, նաեւ չհակասի Մաքսային միության գործընթացին: Այս ամենը հընթացս պարզ կդառնա:
Վստահ եմ, որ հնարավորինս կարճ ժամկետներում մեր եվրոպացի գործընկերների հետ մենք կգանք ընդհանուր հայտարարի: Ու չնայած հնչեցին կոշտ հայտարարություններ, միեւնույն է, դա չի նշանակում հարաբերությունների դադար կամ խզում: Ես մի բանում համոզված եմ, որ Եվրոպայի համար Հայաստանը եղել ու մնում է կարեւոր գործընկեր:
-Չնայած այս օրերին քիչ չի խոսվում եւ վստահության կորստի մասին:
-Գուցե ինչ-ինչ շրջանակներ փորձում են դա շահարկել, բայց մենք երբեք որեւէ կողմի վստահությունը չենք չարաշահել, մենք առավել քան բաց ենք եղել, առավել քան հասկանալի ձեւակերպել մեր ասելիքը, մեր բոլոր հայտարարություններում հստակ արտահայտել ենք ե՛ւ մեր պահանջները, ե՛ւ առաջարկները:
Մենք չենք վստահեցրել, թե նախաստորագրելու ենք, ու հիմա հետքայլ ենք անում: Ե՛վ հանրապետության նախագահը, ե՛ւ տարբեր պաշտոնյաներ միջազգային հարթակներում հստակ ուղերձ են հղել, որ մեզ համար «ե՛ւ…ե՛ւ»-ի քաղաքականությունն է կարեւորը: Ըստ էության, այսօր մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, քանի որ «եւ… եւ»-ը հե՛նց դա է, որ մենք չենք ցանկանում կորցնել մեր գործընկերներին, եւ չենք ցանկանում գործընկերություն ծավալել մյուսի հաշվին: Հետեւաբար վստահության չարաշահման կամ կորստի հարց չի կարող լինել:
-Շատ կարեւոր է, որ Հայաստանի ա՛յս դիրքորոշումն ընկալելի լինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի համար:
-Ընկալվում է բոլոր այն մարդկանց կողմից, որոնք հետաքրքրված ու լավ տեղեկացված են Հայաստանով, մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքով, հարեւանների հետ ունեցած «փայլուն» հարաբերություններով, հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի, եւ լիովին գիտակցում են հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի համար:
-Հայաստանի քաղաքական ու հասարակական շերտերում տրամադրությունները երկփեղկված են։ Ի՞նչ կասեք այս մասին:
-Գոյություն չունեն բացարձակ դրական ու բացարձակ բացասական իրավիճակներ, ե՛ւ Ասոցացումը, ե՛ւ Մաքսային միությանն անդամակցումը մեր երկրի համար ստեղծում են որոշակի բալանսային իրավիճակ՝ առավելությունների ու թերությունների տեսանկյունից: Իսկ մեզանից պահանջվում է դրանք ճկունորեն հավասարակշռել:
Համաձայն եմ, որ կան որոշակի խնդիրներ, ցավոք եվրոպական գործընկերների հետ չունեցանք հաջողություններ, օրինակ, սահմանի բացման հարցում, որքան էլ որ ջանքեր գործադրվեցին: Բայց ակնհայտ են մեր ձեռքբերումները նաեւ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում՝ երկրի բարեփոխումների ճանապարհին:
Ասելիքս այն է, որ չկան միանշանակորեն լավ, կամ միանշանակորեն վատ իրավիճակներ: Պարզապես ցանկացած իրավիճակից պետք է կարողանալ օգուտներ քաղել: Հայաստանը սուվերեն ինքնիշխան պետություն է, եւ մեր ճակատագիրը, մեր վաղվա օրը կախված է հենց մեզանից: Ուրեմն մեզանից պահանջվում է ճիշտ, կշռադատված ու հաշվարկված քայլեր կատարել՝ ի շահ մեր ժողովրդի, ի շահ մեր պետության:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն