Պատմական ժողովը կատարել իր առաքելությունը
Վեցդարյա ընդմիջումից հետո, 2013-ի սեպտեմբերի 24-ից 27-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հայոց երկու հայրապետների օրհնության և հովանավորության ներքո գումարվեց ու ավարտին հասցվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Այն, որ Եպիսկոպոսաց ժողովը առաքելական հայրերի ժամանակաշրջանից սկսած համարվել է որպես եկեղեցու բարձրագույն իշխանության մարմին, ուրեմն վստահաբար կարելի է ասել` տեղի ունեցածը պատմական իրադարձություն էր:
Երկարատև ընդմիջումից հետո մայր հայրենիքում հանդիպեցին Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչները: Ի՞նչ հարցեր քննարկվեցին, ի?նչ որոշումներ կայացրեց եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանության մարմինը:
Չորս օր շարունակ եպիսկոպոսաց դասի քննությանն առնված կարևորագույն հարցերն էին մկրտության ծեսի միօրինակության որդեգրումը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը: Երեկ հրավիրված մամլո ասուլիսում գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը լրագրողներին որոշ մանրամասներ ներկայացրին:
Ցեղասպանության զոհերն արժանի են սրբացման
<Մենք չենք կարող հայոց եկեղեցուց անջատել մեր պահանջատիրության հարցը և չանդրադառնալ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հոգևոր խնդրին: Եվ ես ուրախությամբ հայտնում եմ, որ այլևս հստակ ամրագրվեց մեր նահատակների սրբադասման հանգրվանայինն գործընթացը, 2015-ին այն կիրականանա>,- հայտարարեց Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը:
Հայոց ցեղասպանության զոհերն արժանի են սրբացման, նրանք նահատակվել են հանուն հայրենիքի ու հավատքի: Սակայն Ցեղասպանությանն առնչվող ամեն ինչ, այդ թվում և հոգևոր հարցերը, դժվար է կարծել, թե կմնա անարձագանք ցեղասպանության իրականացրած երկրի` Թուրքիայի կողմից, ու չի ենթարկվի քաղաքական շահարկումների: Պարզվեց, որ մեր հոգևոր հայրեը այդ <ռիսկը> ևս հաշվարկել են. <Քաղաքական վտանգները հաշվի ենք առնել ու գնահատել>, հայտնեց Արշակ սրբազանը: Սակայն անկախ ամեն ինչից հայոց եկեղեցին իր վերաբերմունքը պետք է արտահայտի հայոց զոհերի հիշատակի ու ի սեր նահատակների հոգիների հանգստության:
Զուգորդելով խնդրի կրոնական ու քաղաքական ասպեկտները, սրբազանը նկատեց, թե ցանկացած ոճրագործություն վաղ, թե ուշ պետք է դատապարտվի, իսկ ոճրագործը արժանի պատասխանատվության ենթարկվի, բայց որպեսզի վերջինս արժանանա ներողամտության, պետք է նախ խոստովանի իր կատարած մեղքը և հատուցի: <Այս ամենը ամբողջապես ներդաշնակ է մեր ազգի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման հարցում>:
Հետաքրքրվեցինք` Եպիսկոպոսաց ժողովը արդյո?ք գործնական հարթության մեջ քննարկեց ամիսներ առաջ երկու վերափառ հայրապետերի հնչեցրած միացյալ պահանջատիրական կոչը ուղղված Թուրքիային` ճանաչե’լ Հայոց ցեղասպանությունը, վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները: <Հայոց Աշխարհ>-ի հարցին ի պատասխան Նարեկ սրբազանը տեղեկացրեց, որ ժողովը ոչ միայն ուրախությամբ ողջունեց հայրապետերի պահանջատիրական կոչը, ավելին, եկեղեցին մարտականորեն է տրամադրված <կոչը գործնականացնելու>` խնդիրը իրավական հարթություն մղելու համար: <Այն չի’ կարող մնալ թղթի վրա, մեր պահանջատիրությունը մինչև 2015-ը պետք է հետապնդենք գործնական հարթության մեջ` բոլոր միջազգային ատյաներում, բոլոր հնարավոր միջոցներով արդյունքի հասցնելու համար>:
Պահպանենք նաև մեր ոսկեղենիկը
Ժողովականները քննարկել են նաև Հայ Եկեղեցու ծիսական լեզվի հարցը: Այս հարցը, ի դեպ, վաղուց է դարձել խնդրահարույց. մի կողմից ժողովուրդը դժգոհում է ծեսի լեզվի` գրաբարի, անմատչելիությունից, սակայն դրան հակադարձվում է, թե պետք է պահպանենք մեր ոսկեղենիկ գրաբարը, որպես ծիսական լեզու: Եվ ուրեմն, անաղարտ մնալ ավանդույթի?ն, թե? կարևորել ծեսի մատչելի, հասկանալի մատուցումը ժողովրդին: Արշակ սրբազանը նկատեց, թե այս հարցում եկեղեցին, իրոք, կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. <Եկեղեցին ավանդապահ հաստատություն է, բայց կա նաև ժամանակակից կյանքի թելադրանքը>: Բերվեց Կաթոլիկ եկեղեցու օրինակը. կաթոլիկները և լեզուն փոփոխեցին, և ծեսը կրճատվեցին, բայց դրանից ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի չշատացավ: Հետևաբար, մեր եկեղեցու առաքելությունն է գտնել օպտիմալ լուծումը` պահպանելով և’ ավանդույթը, և’ ծիսական մատչելիությունը:
Մարտահրավերներին դիմակայելու համար ինքնամաքրվել է պետք
Եկեղեցաբանական, ծիսական խնդիրներից զատ հայ հոգևորականության ուշադրության կենտրոնում են եղել հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները` թե’ Հայաստանում, թե հայկական գաղթօջախներում: Ինչպե՞ս դիմագրավել գլոբալացող աշխարհի մարտահարվերներին, ինչ կեցվածք պետք է ընդունի հայոց եկեղեցին: Մի բան ակնհայտ է, մարտահրավերների դեմ պայքարելու համար հարկ է, որ նախ մեր եկեղեցին զորանա ներքուստ, բարեփոխվի ու վերակազմակերպվի: Պատմական ժողովի հրավիրման առաջին իսկ օրն իրենց ելույթներում հայոց երկու վեհափառներն առանձնակի շեշտադրեցին հե’նց այս հանգամանքը, իսկ Արամ Ա. Մեծի տանն Կիլիկիո վեհափառ հայրապետը եպիսկոպոսաց ժողովականներին կոչ արեց քաջություն ունենալ եկեղեցու վերքերը ճիշտ տեսնելու, ցավերը ճիշտ զգալու համար, քանզի հաջողության գրավականը ինքնաքննադատությունն է, հետևաբար.<Հայ եկեղեցւոյ ծիսական կեանքէն ներս խոր արմատներ նետած թերութիւններու սրբագրումը>: Այս առումով, ի?նչ մթնոլորտում է անցել պատմական ժողովը, այն կարողացա?վ կատարել իր առաքելությունը:
Ասուլիսին ներկա երկու սրբազաներն էլ վստահեցրին, որ քննարկումներն անցել են բաց ու անկեղծ մթնոլորտում, բոլոր մտահոգությունները, որոնք ունեին մեր եպիսկոպոսները, բարձրաձայնվել են:
Հովվական մտահոգությամբ ու եղբայրական ջերմ սիրով ընթացած մթնոլորտ, որ հաստատվեց եպիսկոպոսաց համախմբմամբ. կարևոր հանգամանք, որ առավել ընդգծեց վեց դար անց իրականություն դարձած ժողովի պատմական արժեքը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












