ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑ Է ՊԱՀԵԼ ԴՈՒՌԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ
Քաղաքագետ, «Ժողովրդավարության եւ համագործակցության» ինստիտուտի նյույորքյան մասնաճյուղի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ երեկ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին:
Ըստ քաղաքագետի, Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը պատահական չէր, այն կարելի էր կանխատեսել. «Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մի տարածքում, որտեղ դժվար է տարանջատել տնտեսական հարցերն անվտանգության խնդիրներից: Ռազմավարության եւ անվտանգության առումով մի համակարգում լինելով, մեկ այլ համակարգում չեք կարող տնտեսական խնդիրներ լուծել: Ես իմաստուն եմ համարում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն այս հարցում»:
Պետք չէ մոռանալ նաեւ, որ Ռուսաստանի հետ շաղկապված ենք տնտեսական փոխշահավետ բազմաթիվ կապերով. «Հայաստանում գործում են ռուսաստանյան բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք կարեւոր դեր ունեն երկրի տնտեսության մեջ: Հայաստանի տնտեսության մեջ ռուսաստանյան կապիտալի ներգրավվածությունը մեծ է:
Կա նաեւ գազի եւ էներգակիրների խնդիրը: Ռուսական գազը Հայաստանին մեղմ գներով է մատակարարվում, եւ, որքան ինձ հայտնի է, Մաքսային միությանն անդամակցելուց հետո սակագինը 30 տոկոսով նվազելու է: Պետք է հաշվի առնել նաեւ, որ մեր արտադրանքի հիմնական շուկան հետխորհրդային տարածքն է»:
Ա.Միհրանյանի գնահատմամբ. «Հայ դիվանագիտությունը փորձում է վարել ճկուն քաղաքականություն, որի արդյունքը դրական է: Հայաստանն իր համար նպաստավոր պայմաններում կարող է գործել ոչ միայն Մաքսային միության կազմում գտնվող պետությունների շուկաներում, այլեւ փաստորեն հնարավորություն ունի համագործակցությունը շարունակել նաեւ եվրոպական կառույցների հետ:
Կա պարզամիտ մի պատկերացում, որ եթե ցանկանում եք Եվրոպայի հետ լինել, ուրեմն անպայման դեմ եք Ռուսաստանին: Կարծում եմ, որ մի քիչ մտացածին է Ռուսաստան-Եվրոպա հակադրությունը կամ այն մոտեցումը, որ եթե Ռուսաստանի հետ եք, դեմ եք Եվրոպային: Ռուսաստանն ինքն էլ Եվրոպա է, եվրոպական արժեքները հարգող երկիր է:
Այնպես որ հայ դիվանագիտությունը կրկնակի հաղթանակ ունեցավ, որովհետեւ ռուսական ուղղությամբ շարունակելով առաջ շարժվել՝ բաց պահեց դուռը դեպի Եվրոպա, հնարավորություն ստեղծելով հետագա մերձեցման համար»:
Հայաստանն իր ընտրությունը կատարելիս առաջնային համարեց անվտանգության խնդիրները, սակայն հայտնի է, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք է վաճառել Ադրբեջանին: Լրագրողներից մեկի դիտարկմանը քաղաքագետը պատասխանեց.
«Ինչ էլ որ վաճառի Ռուսաստանն Ադրբեջանին, միեւնույն է, մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը: Հայաստանում է տեղակայված Ռուսաստանի ռազմակայանը: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է:
Ռուսաստանի նախագահի այցելությունը Բաքու կարեւոր էր: Դրա ընթացքում չէին կարող չքննարկվել հայ-ադրբեջանական հարաբերությունները: Իհարկե, Մոսկվան պահպանում է հավասարակշռությունը, նա է այս տարածաշրջանում կայունության հիմնական երաշխավորը: Ադրբեջանում էլ շահագրգռված են, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանն այնպիսի դիրք գրավի, որպեսզի իրավիճակի կայունությունը չխախտվի: Այնպես որ այդ առումով էլ է Ռուսաստանն այս տարածաշրջանում կայունության պահպանման երաշխավոր»:
Խոսելով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների մասին՝ Ա.Միհրանյանը համոզմունք հայտնեց, որ դրանք ամերիկյան անհեռատես քաղաքականության հետեւանք են. «Ամերիկյան մի շարք հեղինակավոր հեռուստակայաններով, ինչպես նաեւ մամուլում հանդես եմ եկել ու հայտնել եմ իմ տեսակետը: Նրանց ասել եմ, որ ժամանակն է լսել Մոսկվային, քանի որ այնտեղ լավ են հասկանում այդ տարածաշրջանի խնդիրները»:
Սիրիայի հետ կապված վերջին նախաձեռնությունները, սակայն, ցույց են տալիս, որ վիճակը փոխվել է. «Վաշինգտոնում որոշ չափով այժմ կա այն գիտակցումը, որ միակողմանի դոմինանտ քաղաքականությունն իր սահմանն ունի եւ շատ կարեւոր է ունենալ գործընկերներ: Այդ երկիրն իր պատմության ընթացքում գործընկեր չի ունեցել: Նա միշտ եղել է հզոր պետություն, որից մյուսները կախման մեջ են:
Իրականում իրավիճակն այսպիսին է: Ամերիկացիները գալիս են, տեղական հակամարտությունը դարձնում են գլոբալ, չեն լուծում եղած խնդիրը, եւ երբ ամերիկյան հասարակությունը սկսում է դժգոհել, ասելով որ շատ են նյութական եւ մարդկային կորուստները, հեռանում են իրենց հետեւից թողնելով անվերահսկելի ու անկառավարելի մի տարածք: Իսկ Ռուսաստանն այժմ ասում է՝ դուք սխալներ եք արել, եկեք լրջորեն երկխոսենք ու հասկանանք, թե ինչ կարող ենք անել Սիրիայում»:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ












