ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԱՏԱԽԱԶԸ ՉԱՐԻՔ Է
Այսօր խորհրդարանը սկսեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուի՝ Գևորգ Կոստանյանի թեկնածության քննարկումը, որն անցավ աննախադեպ հանդարտության ու փոխըմբռման մթնոլորտում: Հազվադեպ երևույթ է, երբ խորհրդարանի քաղաքական ընդդիմությունը, այն էլ գլխավոր դատախազի թեկնածուի հանդեպ կարող է այսչափ բարեհաճ տրամադրված լինել: Նախօրեին ՀԱԿ-ն իր կարծիքը հայտնել էր՝ Գևորգ Կոստանյանին շանսեր տալու և նրա նկատմամբ <անխնա չլինելու> մասին: Իսկ երեկ հնչած ելույթների հիմնական շեշտադրումն այն էր, որ գնահատելով ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուի պրոֆեսիոնալիզը, ուզում են հավատալ, որ վերջինս <ծնկի չի գա> համակարգում առկա կոռուպցիայի ու այլ արատավոր երևույթների դեմ և կկարողանա նպաստել հասարակության կորսված հավատի վերականգնմանը:
Հակիրճ ելույթով նախ հադես եկավ գլխավոր դատախազի թեկնածուն: Թվելով երկրի գլխավոր օրենքով ՝ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունները, նկատեց, թե ցանկացած շեղում կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ համակարգի և պետության համար: Երկրի դատախազական համակարգը կառուցվում է պարզ, բայց և շատ կարևոր գաղափարի վրա՝ <մեկ անձի հանդեպ կատարված հանցանքը՝ հանցանք է բոլորի նկատմամբ>, ու եթե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով շրջանցվում է սույն գաղափարը, ստացվում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պարտադրված է լինում ինքնուրույն պաշտպանել սեփական իրավունքները: Գ. Կոստանյանի համոզմամբ, սա՛ է, որ հանգեցնում է մի իրավիճակի, ուր գործում է ուժեղի իրավունքը:
Օբյեկտիվ պատճառ համարելով երկրի փակ սահմանները, թշնամաբար տրամադրված հարևաններ ունենալն ու բարդ աշխարհաքաղաքական պայմանները, Կոստանյանը սակայն նկատեց, թե կա մի ոլորտ, որը զերծ է այս խոչընդոտներից, ուր հաջողության հասնելու համար ամեն ինչ բացառապես կախված է մեզանից.<Դա արդարադատության համակարգն է: Այստեղ պատասխանատուն միայն մենք ենք>:
2004-ից Հայաստան պետության շահերը ներկայացնելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, Կոստանյանը առավելապես համոզվել է, որ հայ հասարակության մեջ արդարադատության համակարգի հանդեպ կա վստահության դեֆիցիտ: Դա է ապացուցում և այն, որ Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված 42 դատավճիռներից 36-ը վերաբերել են արդար դատաքննությանն ու անձի ազատության անձեռմխելիության իրավունքի խախտման դեպքերին: Այս առումով ուշագրավ էր հետևյալ օրինակը. պարզվում է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ խախտում արձանագրած առաջին գործը՝ <Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի>, վերաբերել է անձին 500 դրամ տուգանելու փաստին. <Ընդամենը 500 դրամ, բոլորի համար պարզ էր, որ տվյալ անձը կարող էր այն վճարել>, բայց նա որոշել է պայքարել հանուն արդարության, ու միայն Եվրոպական դատարանում հասել իր նպատակին:<Այս գործն ինձ համար չափազանց խորհրդանշական բնույթ ունի, այն բնութագրում է հայ ժողովրդի ձգտումն ու վերաբերմունքը արդարության հանդեպ>: Երևույթը խիստ մտահոգիչ համարելով, թեկնածուն նկատեց՝ այդ խախտումները կարող էին չլինել, եթե արդարադատության համակարգն գործեր օրենքի շրջանակներում:
Հարցեր ուղղելու հերթը պատգամավորներինն էր: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նկատեց, թե թեկնածուն իր մտքերը շատ «սիրուն ներկայացրեց», բայց իրողությունն այն է, որ Հայաստանում շատերը չեն հավատում արդարադատությանը: «Կարող եք ձեզ համար արդար որոշումներ կայացնել, բայց մենք չենք հավատում դրանց: Բացակայում է հավատը»: Ուրեմն, արդյո՞ք թեկնածուն ունի իրավիճակ փոխելու հնարավորություն, հատուկ մտահղացումներ, որպեսզի կայացված որոշումներն ու քայլերը ընկալելի լինեն հանրության կողմից:
Գեւորգ Կոստանյանը հիշեցրեց, որ զինդատախազ աշխատած տարիներին ստեղծել է մի հանձնաժողով, որի նպատակն է կայացված որոշումները հանրության համար մատճելի, ընկալելի դարձնելը, որպեսզի <հասարակությունն ինքը հնարավորություն ունենա յուրաքանչյուր գործը գնահատելու, ու թե ինչպե՞ս կարելի է այդ խնդիրներին լուծում տալ>: Խոստացավ՝ նույն գործելաոճը շարունակել նաև գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելուց հետո:
Հարց հնչեց նաև հունիսի 1-ին տեղի ունեցած գորիսյան հայտնի դեպքերի մասին: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ուշադիր դիտել է դեպքերի տեսագրությունը արձանագրել է այն փաստը, որ 23: 08:04 վայրկյանին երբ Ավետիք Բուդաղյանը գնում է հավաքված մարդկանց խմբի հետեւից, ինչ-որ մեկը ձայն է տալիս՝ Ավե՛տ: Նա շրջվում է ու ստանում մահացու կրակոց: <Դուք ճշտե?լ եք, ո?վ էր այդ կանչի հեղինակը: Հնարավո?ր է, որ անձը ընդգրկված չէ գործում>:
Կոստանյանի խոսքով` տեսագրության դեպքերը նախ պետք է դիտել ամբողջության մեջ. <Թե ո?վ է կանչել` Ավետ, ո?վ չի կանչել՝ խնդիրը դա չէ, բայց հստակ է, թե ովքե?ր են եղել դեպքի վայրում, ովքե?ր են կրակել, քանի? զենք է գործածվել եւ ո?վ է տուժել, ո?վ է պատասխան կրել: Տեսագրության եւ ձայնագրություն մեջ հստակ լսվում եւ երեւում են բոլոր կրակոցները>: Դատախազի թեկնածուն նաև ընդգծեց, անկախ նրանից, թե հասարակության կողմից ինչպե?ս է ընկալվում տվյալ անձը՝ Սուրեն Խաչատրյանը, քրեական գործով որոշումներ կայացնելու վրա դա չի կարող ազդեցություն ունենալ: «Կայացնել որեւէ որոշում` հասարակական համակրանքից կամ հակակրանքից ելնելով՝ չենք կարող»: Միաժամանակ վստահեցրեց, որ գործը քննելիս ապահովվել է օբյեկտիվություն ու բազմակողմանիություն: «Մենք ոչ միայն հիմնավորել ենք յուրաքանչյուր դրվագ ու իրավական գնահատական տվել, այլ նաև կարողացել ենք հերքել պաշտպանական կողմի ներկայացրած ցանկացած կասկած»: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին էլ հետաքրքրում էր դեռևս լիարժեքորեն չբացահայտված հայտնի <գոմեշի մսի> գործը, որի շրջանակներում Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը ձերբակալվեց, իսկ գործարքը ստորագրած ՊՆ Շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը՝ չպատժվեց:
Կոստանյանը նախ կատարվածը որակեց դասական խարդախություն, ինչի արդյունքում բարձր արժեք ունեցող տավարի մսի փոխարեն մատակարարվել է ավելի ցածր արժեքի գոմեշի միս: Սակայն նկատեց, թե ապացուցողական տեսակետից նման գործերը համարվում են չափազանց բարդ: Չնայած դրան, այնուհանդերձ, նախաքննական մարմնին հաջողվել է բավարար ապացույցների հիման վրա կալանավորել Օհանջանյանին ու ևս երեք ՊՆ ծառայողների: «Քննությունը շարունակվում է, և ես կարծում եմ, որ ոչ միայն ձեր նշած անձինք, այլ ցանկացած անձ, ով ընդգրկված է գործում, կենթարկվեն քրեական պատասխանատվության>:
Իր հերթին անդրադառնալով հասարակության անվստահության խնդրին ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը մեկը մյուսի հետևեից թվարկեց այն անընդունելի երևույթների շարքը, որոնց առկայությունը բավարար է որպեսզի հասարակությունը կորցնի իր վստահությունը և՛ երկրի գլխավոր դատախազի, և՛ իրավական համակարգի հանդեպ: Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը համակարգում մեծ տեղ է տալիս իր ծանոթ-բարեկամներին, անընդունելի է, երբ նա հարցեր լուծելու համար դիմում է օրենքով գողերի կամ թաղային հեղինակությունների աջակցությանը, անընդունելի է, երբ գլխավոր դատախազը պատրաստ է քաղաքական հայացքների համար անձին վերագրել այս կամ այն հանցագործությունը, և այսպես շարունակ:
Դեռ նախորդ շաբաթ ԱԺ խմբակցությունների հետ ունեցած հանդիպումներից հետո Գևորգ Կոստանյանը համոզվել է, որ իր համար կարևորագույն սկզբունքային հարցերի շուրջ թե՛ դիմադիր, թե՛ ընդդիմադիր, համակարծիք են: Ու այդ միակարծությունից ոգևորված երեկ նա հայտարարեց, որ գլխավոր դատախազ նշանակվելուն պես սկսելու է իր անզիջում պայքարը նախ կոռուպցիայի դեմ, վերցնելու է անպատժելիության մթնոլորտը: Կոստանյանն, իհարկե, չի կարծում, որ այսօր մեր երկրում համատարած անպատժելիության մթնոլորտ է, բայցեւ վստահ է, որ մեկ չբացահայտված դեպքն էլ նման տպավորություն է ստեղծում:
Երկրորդը դատախազի մասնագիտական կարողությունների հարցն է.<Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է>, տգիտությունն ու անգրագիտությունը կարող են ճակատագրեր խեղել: Այս համոզմամբ գլխավոր դատախազի աթոռն զբաղեցնել պատրաստվող Գևորգ Կոստանյանը դեռ էս գլխից հայտարարում է՝ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իր այս կարծիքները չեն կարող տեղ զբաղեցնել դատախազության համակարգում: Եվ վերջապես, թեկնածուի կողմից մերժելի մյուս երևույթը երկրի գլխավոր դատախազի քաղաքականացած լինելն է. <Դատախազը չի՛ կարող լինել կուսակցության անդամ, կամ զբաղվել քաղաքականությամբ>: Այս հարցը Կոստանյանը համարելու է կարեւորագույն խնդիր: Ըստ նրա` բոլոր այն դատախազները, ովքեր կորոշեն զբաղվել քաղաքականությամբ, պետք է նախ հրաժեշտ տան դատախազի պաշտոնին:
Օրենսդիրը վաղը կշարունակի հարցի քննարկումը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












