ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Ասում են՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկանդալների սիրահար է ու հեռուստաեթերով երեւալու, մամուլում ներկայանալու մեծ մարմաջ ունի, բայց այն, ինչ նա արեց միջազգային հարթակում՝ ԵԽ ԽՎ-ում, այլեւս դուրս է «սիրողական» հետաքրքրասիրությունների շրջանակից:
Ամեն ինչ շատ պարզ է. սույն տիկինն իր բոլոր թուլություններով՝ «անկանխատեսելի» հոգեխառնվածքով ու անհավասարակշիռ բնավորությամբ, նաեւ կուսակցության անունից ինքնագլուխ որոշումներ կայացնելու իրավունքով, վաղուց է հայտնվել արտաքին ուժերի «նշանառության» տակ ու հոժարակամ դարձել նրանց խամաճիկը:
Հետեւաբար լուրջ հիմքեր կան այն բոլոր պնդումներում, որ ԵԽ ԽՎ-ում նրա կողմից հնչեցված սկանդալային հարցը Հայաստան երկրի դեմ իրականացվող ծրագրի առաջին քայլն էր:
Իսկ տիկնոջ ու նրա պատվիրատուների հաշվարկը շատ պարզ էր: Նախ՝ միջազգային հարթակից անձնական վիրավորանք հնչեցնել Հայաստան պետության նախագահի հասցեին, ապա շոշափել ներհայաստանյան տրամադրություններն ու ներսում պարարտ հող գտնելու դեպքում նպաստել երկրում ներքաղաքական լարվածությանը: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է, դուրսն իրեն հատուկ մանիպուլյացիաները գործի դնելով կտնօրինի «ձնագնդի» ընթացքը:
Եվ այսպես. հայ պատգամավորը, նախ, ադրբեջանա-թուրքական տանդեմից ստանում է Հայաստանում իր դեմ հնարավոր «ոտնձգություններին» մեծ հնչեղություն տալու խոստում, ապա Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի միջոցով իր սկանդալային հարցը քննարկման առարկա դարձնում ԵԽ ԽՎ բյուրոյի նիստում: Ի դեպ, այս մասին փաստում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Փոստանջյան-Սեիդով պայմանավորվածության համաձայն, վերջինս բյուրոյի նիստում սկսում է աղմուկ բարձրացնել, թե ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զ.Փոստանջյանը Հայաստանում քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ ազատ խոսքի համար: (Ուշադրության արժանի փաստ՝ Զարուհին իր ազատ խոսքի իրացման համար համագործակցում է աշխարհի բռնատիրական երկրներից մեկի ներկայացուցչի հետ):
Բայց հակահայաստանյան ծրագրի նախնական փուլն այսքանով չի ավարտվում. դեռ ինքնաթիռից Փոստանջյանը մի խուրձ նամակներ է հղում ԵԽ ԽՎ-ին, Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը՝ բողոքելով իրեն հայկական պատվիրակության կազմից հանելու ԱԺ նախագահի «ավտորիտար քայլի» դեմ:
Իսկ «ժողովրդավարություն», «ազատ խոսքի իրավունք» ու նման կարգախոսերի տակ մշակված սցենարի շարունակությունը սպասվում էր Հայաստանում: Տիկինն անշուշտ շատ կուրախանար, եթե «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորեին ձվերով ու լոլիկներով, ինչը նրան հնարավորություն կտար անցնելու ծրագրի երկրորդ մասի իրականացմանը՝ սկանդալային միջադեպերով հարուստ տեսաերիզներ հասցնելով եվրոպացիներին:
Չնայած տիկնոջ վարքից վրդովված հասարակության մի ստվար հատվածը սիրով կդիմեր ձվերի ու լոլիկների օգնությանը, բայց հայ հասարակությունն այս անգամ առավել զգոն էր՝ տուրք չտալով սադրանքին, անտարբեությամբ արհամարհեց ու անտեսեց նրա վայրէջքը՝ դրանով իսկ զրկելով նրան ԵԽ ԽՎ բողոքներ ուղարկելու հաճույքից:
Հիմա էլ փորձում է մեկ այլ կերպ բացը լրացնել՝ «ջրի երես հանել» վիրտուալ աշխարհից իր հասցեին ուղղվող «սպառնալիքները»: Այնպես որ բացառված չէ՝ շուտով ֆեյսբուքյան «սպառնալիքներից» կազմված մի ծանր թղթապանակ սաիդովների ձեռքով կմտնի ԵԽ ԽՎ ու կդառնա բյուրոյի հերթական քննարկման առարկան: Իսկ մինչ այդ սկանդալային տիկինը երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ներկայացնենք տիկնոջն ուղղված «Հայոց Աշխարհ»-ի հարցերը, որոնց մեկնաբանությունները վերահաստատում են վերոնշյալ բոլոր մտահոգությունները:
Հարց առաջին. «Ձեր քայլը ԵԽ ԽՎ-ում մեկնաբանվում է իբրեւ դրսի ուժերի կողմից իրականացվող հակահայաստանյան ծրագրի մի մաս, հետեւաբար ի՞նչ ուժերի կողմից էր ուղղորդված ձեր սկանդալային հարցադրումը»:
Ինչպես եւ սպասվում էր՝ հարցը մնաց անպատասխան, ոչ մի խոսք ուղղորդողների ու պատվիրատուների մասին: Իհարկե, դժվար էր պատկերացնել, որ Փոստանջյանը՝ ի սեր երկրի, հանկարծ կսթափվեր ու կբացեր փակագծերը՝ խոստովանելով իր խամաճիկային դերը:
Հարց երկրորդ. «Ձեր կողմից հնչած հարցն ընդդիմադիր բնույթ չուներ, այն զուտ անձնական վիրավորանք էր: Երկրի ղեկավարի հասցեին նման մեղադրանք հնչեցնելով՝ պատրա՞ստ եք ապացուցել ասածը»:
Միաժամանակ հիշեցրինք, որ հակառակ դեպքում այն կարող է դիտվել որպես զրպարտություն, ինչը քրեորեն հետապնդելի արարք է:
«Ես ապացուցելու խնդիր չունեմ»,- մի քանի անգամ կրկնեց տիկինը՝ դարձյալ ապացուցելով, որ իրականում ասելիք չունի: Ապա վրա բերեց, թե իր հարցը հանրահայտ փաստ էր. «70 մլն եվրոն լրատվամիջոցներով տարածված տեղեկատվություն էր»:
Ի՞նչ է ստացվում՝ պատգամավորը միջազգային հարթակում հնչեցնում է լրատվամիջոցով շրջանառված եւ չստուգված փա՞ստ: Գիտակցելով խոսքի անլրջությունը, տիկինը գործի դրեց իրավիճակից դուրս գալու մեթոդը՝ «մեղադրանքի» սլաքն այլ ուղղությամբ ուղղելով. «Հեղինակներից մեկը նախագահի մերձավոր շրջապատից է: Նա այսօր նախագահի ներկայացուցիչն է Ազգային ժողովում»:
Պատասխանը հերթական ապացույցն էր, որ տիկինը համառորեն չի դադարում երկրի ներսում կյանքի կոչել դրսում մշակված սցենարը եւ հնարավորն անում է՝ հրահրելու ներքաղաքական, ներիշխանական սկանադալ:
Հարց երրորդ. «Դիմություն թե ընդդիմություն փաստեցին, որ չի եղել մի դեպք, երբ տվյալ երկրի պատգամավորը միջազգային ամբիոնով անձնական վիրավորանք պարունակող հարցադրում հնչեցնի իր երկրի ղեկավարի հասցեին: Ի՞նչ օգուտ տվեց ձեր հարցը Հայաստան երկրին, բացի նրանից, որ վտանգեց երկրի վարկը»:
Տիկնոջ մեկնաբանությունը փոստանջյանական ընկալումների մի նոր շերտ բացեց. «Ես պնդում եմ, որ մենք շուտվանից խայտառակված ու վարկաբեկված, նսեմացված ազգ ենք», ու որպես «վարկաբեկվածության» օրինակ վկայակոչեց Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին: Այսինքն՝ ի՞նչ. վարկաբեկվածը ցեղասապանություն կատարո՞ղն է, թե՞ զոհը: Դժվար է կարծել, որ Փոստանջյանը տեղերը շփոթել էր, նա պարզապես ասաց այն, ինչ մտածում է, ու ինչ պատվիրում են իր տերերը:
Հարց չորրորդ. «Ձեր գործընկեր Ռուբեն Հակոբյանն ասաց՝ ես նման հարց չէի տա, որովհետեւ իմ քաղաքական փորձառությամբ համոզվել եմ, որ մեր թերությունները, մեր սխալները դրսում օգտագործել են միմիայն իրենց շահերի համար, փորձել դրանց միջոցով ճնշում գործադրել իմ երկրի վրա: Դուք հարցն ուղղելիս նման մտավախություն չունեցա՞ք»:
«Ո՛չ», եղավ պատասխանը, որը ոչ այնքան զարմացնող էր, որքան ինքնաբացահայտող:
Այսքանից հետո, անկեղծ ասած, անիմաստ է շարունակել ազգային պատվախնդրությունից զուրկ տիկնոջ մեկնաբանությունների «վերծանումը»: Մի բան փաստ է. նրանով կա’մ պետք է զբաղվեն հոգեբույժները, կա’մ ազգային անվտանգությունը: Ինչպես ասում են՝ այստեղ լրագրողներս այլեւս անելիք չունեք:
<Հայոց Աշխարհ>
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












