ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՓՈԽԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչև 2014-ի ապրիլի 20-ը հանրապետության նախագահին պետք է ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն հավանության արժանանալու դեպքում, տասը ամսվա ընթացքում պետք է պատրաստվի բարեփոխումների նախագիծը: Սա նշանակում է՝ առաջիկայում լուրջ քննարկումներ են սպասվում: Մեկնարկն արդեն տրված է, քանզի, ինչպես ասում են, <գետնի վրա> արդեն անհրաժեշտ նյութ կա:
Հրցազրույց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ
-Ինչպես հայտնի է, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տարբեր առաջարկների շարքում ուսումանասիրում է նաև ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի դեռ 2011-ին ներկայացրած առաջարկը, որը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես, վերջին 10 տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ սահմանադրական դրույթը փոփոխելուն։ Ինչո?վ է, ըստ ձեզ, պայմանավորված նման փոփոխության անհրաժետությունը:
– Անկեղծ ասած, ԵԱՀԿ-ի մոտեցումներն ինձ համար ամենևին դոգմաներ չեն, առավել ևս հեղինակություն չեն, և ես չեմ պատկերացնում, թե ինչո?ւ է այդ դրույթին այդչափ ուշադրություն դարձնում ԵԱՀԿ-ն, այն համարում անհամաչափ ու, մանավանդ, առաջարկում վերանայել, կրճատել ժամկետը: Դա ինձ զարմացնում է, եթե նկատի ունենանք, որ կան արևմտյան երկրներ, ուր ավելի կոշտ մոտեցում կա այս հարցում: Այսինքն, անձը անպայման պետք է ծնված լինի տվյալ երկրում, որպեսզի իրավունք ունենա նախագա դառնալու հայտ ներկայացնել: Այնպես որ, եթե պետք է վերանայվի սահմանադրական հիշյալ դրույթը, ապա կուզենայի, որ փոփոխությունը կատարվեր հոգուտ ժամկետի երկարաձգման՝ 10 տարին պետք է դառնա 30, 40 ու հանգի Հայաստանի Հանրապետությունում ծնված լինելու պահանջին: Վերստին անդրադառնալով ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի առաջարկին, ասեմ, որ սա նրա խնդիրը չէ, քանի որ ոչ ժողովրդավարության, ոչ էլ մարդու իրավունքների հետ կապ չունեցող հարց է: Իսկ մնացածը ենթադրությունների դաշտում են, թե նման պահանջ բարձրացնելով ի?նչ նպատակ է հետապնդում այդ կառույցը: Մեր երկրի գլխավոր օրենքում փոփոխման արժանի շատ ավելի լուրջ դրույթներ կան, ու լավ կլինի, որ ԵԱՀԿ-ն դրանց ուշադրություն դարձնի:
-Մեծ Սփյուռք ունեցող երկրի համար գուցե մեր երկրում ծնված լինելու հանգամանքի շեշտադրումը նեղացնի? առաջադրումների շրջանակը:
-Ես կարծում եմ, որ հե՛նց մեծ Սփյուռք ունենալով մենք առավել ևս պետք է շեշտադրենք Հայաստանում ծնված լինելու հանգամանքը, ես ուզում եմ, որ արմատներով, ուղն ու ծուծով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այստեղ ծնվածներն իրավունք ունենան երկրի նախագահ լինելու: Պետք է խուսափենք սփյուռքից ղեկավարներ բերելու մտածողությունից:
-Հնչում են տեսակետներ, որ եթե իշխանությունն այժմ չառաջարկի անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ապա ինչ փոփոխություններ էլ դրվեն սեղանին, դրանք չեն լինի խորքային:
-Իրոք, եթե արմատական լուրջ փոփոխություններ չպետք է տեղի ունենան, ապա մանր- մունր փոփոխությունների համար պետք չէ գնալ հանրաքվեի, դա լուրջ չի լինի: Բայց այլ հարց է, թե ֆունդամենտալ փոփոխություններ ասելով ո?վ, ի?նչ է հասկանում, և արդյո?ք, այդ առաջարկները կարող են ընդունելի լինել: Մասնավորաբար, եթե խոսքը կառավարման համակարգ փոխելու մասին է, ապա ես այսօր լուրջ նախադրյալներ չեմ տեսնում այն փոխելու: Բնավ այն կարծիքին չեմ, որ Հայաստանում պետք է ներդրվի խորհրդարանական կառավարման մոդելը, հակառակը, կարծում եմ, որքան մեր երկրում շատ ընտրություններ կազմակերպվեն, այնքան մենք մեծ շանսեր կունենանք հասնելու այն օրվան, երբ մեզանում վերջնականապես կձևավորենք նորմալ ընտրական համակարգ: Հետևաբար, ընտրական գործընթացից հանել ամենակարևորը՝ նախագահի ընտրությունը, ճիշտ չէ:
–Իսկ ի?նչ կասեք ընդիմության այն պնդումների մասին, թե սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում են, այսպես ասած <ռուսական տարբերակի> ներդրման համար՝ ապահովել նախագահների սահուն անցումը վարչապետության: Ու նաև, միտված է համակարգող փոխվարչապետերի ինստիտուտ սահմանելուն: Լուրջ ե?ն նման խոսակցությունները:
-Իհարկ ՝ ոչ, նախ առաջինի համար չկա որևէ լուրջ հիմք, ուրեմն ինչպե?ս կարելի է նման եզրակացության հանգել: Ի վերոջ, եթե լինի նման ցանկություն, առանց սահմանադրական փոփոխությունների էլ կարելի է հարցը լուծել: Բայց դա կրկնում եմ, լուրջ պնդում չէ: Ինչ վերաբերում է երկրորդին. այսօր ունենք մեկ վարչապետ, մեկ տեղակալ, չնայած առանց տեղակալի էլ ենք աշխատել ու ապրել, և որակապես ոչինչ չփոխվեց, երբ երկրի վարչապետն ունեցավ տեղակալ: Անունը կդնեք համակարգող փոխվարչապետ, թե մեկ այլ բան, որոնց թիվը կլինի 3-ը, թե 10-ը, միևնույն է, հավատացեք, դրանից կառավարության որակը չի փոխվելու: Վերջապես, սա այն հարցը չէ, որի համար հարկավոր լինի հանրաքվե անցկացնել: Այնպես որ, այս պնդումները լուրջ չեմ համարում:
-Ասացիք, որ մեր գլխավոր օրենքում կան փոփոխման արժանի առավել լուրջ դրույթներ, որո?նք նկատի ունեք, ի?նչն է, որ այսօր մեզ չի բավարարում:
-Երբ 2005-ին փոփոխվեց մեր Սահմանադրությունը, ես հանդես եկա ծավալուն հոդվածով ու ներկայացրի իմ դիտարկումները: Դրանք այսօր էլ արդիական են: Մասնավորապես, ես մեծ նշանակություն եմ տալիս ընտանիքի հոդվածի փոփոխությանը: 2005-ին հոդվածի ձևակերպումներում երկիմաստությում մտցվեց, և այսօր մենք կանգնած ենք դրա վատ հետևանքի առաջ՝ հանձին գենդերը սահմանող օրենքի: Կարծում եմ, որ սահմանադրական այդ հոդվածը պետք է լրջագույն փոփոխության ենթարկել ու նրանում հստակ ամրագրել ընտանիքի հիմքերը, դրանց տալով քրիստոնեական տեսք: Երկրորդը, կարելի է խորացնել, զարգացնել հակակշիռների ու զսպումների համակարգը, այն ավելի հստակ դարձնել: Երրորդ, տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է ու կառաջարկեի փոփոխություն մտցնել նաև այդ գլխում: Պետք է երաշխիքներ ստեղծել, որ այդ համակարգը լինի անկախ, գործի ինքուրույն: Լրջագույն խնդիրներ ունենք արդարադատության համակարգում: Շատ կուզենայի, որ ստեղծված հանձնաժողովը ուշադրություն սևեռեր նման խնդիրների վրա, միայն այդ դեպքում շոշափելի կդառնար նպատակը՝ քայլ առ քայլ գնալ արդյունավետ կառավարման համակարգ ունենալու ճանապարհով: Ի դեպ, կարծում եմ, որ հանձնաժողովի կազմը պետք է շատ ավելի քաղաքակական ներկայացվածություն ունենար և ոչ մասնագիտական: Այսինքն, նրանում պետք է ընդգրկված լինեին քաղաքական գործիչներ, իսկ իրավաբաններն, ընդամենը, պետք է քաղաքական որոշումների ձևակերպումները տային: Ինչևէ, սա դեռ առաջին փուլն է, տեսնենք, թե ինչպիսի առաջարկներ կլինեն, և այդ ժամանակ առավել հստակ գնահատականներ կտանք: Ես մի բանում համոզված եմ՝ մենք ենք մեր երկիրը կառուցելու, և դա անպայման անելու ենք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












