ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱԿԱՏՆ ԱՄՈՒՐ Է ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ
Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը արտակարգ եւ լիազոր դեսպան, դիվանագիտական դպրոցի տնօրեն ՎԱՀԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ
-Նորանկախ Հայաստանի առաջ ծառացած խնդիրներից մեկն էլ պրոֆեսիոնալ դիվանագետների պակասն էր, եւ բացը լրացվում էր արտերկրում կրթություն ստանալով: Բայց ամեն երկիր ունի իր արտաքին քաղաքականության առանձնահատկությունները։ Այս իմաստով, որքանո՞վ է ընդունելի, որ մեր դիվանագետներն ու ապագա դեսպանները կրթություն ստանան օտար երկրներում, ասել է թե՝ չուսանեն ազգային դիվանագիտություն, լիարժեք չտիրապետեն սեփական երկրի արտաքին քաղաքականությանը եւ այլն:
-Երբ ստեղծվեց նորանկախ Հայաստանի ԱԳՆ-ն, մենք չունեինք պատրաստի դիվանագետներ, եւ Հայաստան հրավիրեցինք արտերկրում ծառայած մեր հայազգի դիվանագետներին, ու հրավերն ընդունած անձինք արժանապատվորեն ծառայեցին Հայաստանի Հանրապետությանը:
Քանի որ նրանց քանակը, բնականաբար, բավարար չէր, նախարարությունում աշխատանքի անցան գրագետ, բայց դիվանագիտական կրթություն չունեցող անձինք: Մեզնից շատերը տարբեր երկրներում մասնակցել էին տարբեր դասընթացների. դրա հետեւանքով ստեղծված պատկերը, կրթական առումով, խայտաբղետ էր, ինչը, բնականաբար, ցանկալի չէր: Ամեն երկիր, ամեն ուսումնական հաստատություն իր դասընթացները կառուցում է սեփական ծրագրերի, սեփական քաղաքականության ու տեսակետների հիման վրա: Անհրաժեշտ էր, որ մեր դիվանագետներին ուսուցանվեր արտաքին քաղաքականությունը, որ ձեւավորեինք դիվանագիտության հայրենի դպրոցը:
-Եվ միայն 2009-ին գիտակցվեց, որ երկրին անհրաժեշտ են ազգային դիվանագիտական կրթություն ստացած մասնագետներ։ Հիմնադրվեց դիվանագիտական դպրոցը։ Անցած 4 տարիները բավարա՞ր ժամանակ է՝ խոսելու կայացած դպրոց ունենալու մասին:
-Գիտակցությունը, իհարկե, եղել է ի սկզբանե, սակայն դիվանագիտական կրթական հաստատություն ստեղծելու մտադրություն, իրոք, կյանքի է կոչվել միայն 2009թ. եւ ոչ ամենանպաստավոր ֆինանսական պայմաններում: Կրթական հաստատության կայացածության մասին խոսել հիմնումից ընդամենը 3-4 տարի անց, կարծում եմ, ճիշտ չէ, քանի որ դրա համար տասնամյակներ են հարկավոր:
Այնուհանդերձ պետք է ինձ թույլ տամ ասել, որ անգամ այդ կարճ ժամանակահատվածում իրոք տեսանելի աշխատանք ենք կատարել: Մեր շուրջ 80 շրջանավարտից 41-ն արդեն աշխատում է ԱԳՆ-ում, իսկ սա լուրջ թիվ է` տոկոսային առումով, ղեկավարները գոհ են նրանցից: Չեմ ուզում լինել անհամեստ, բայց նաեւ չեմ կարող չասել, որ մեծացել է հետաքրքրությունը մեր դպրոցի հանդեպ երկրում, դրսում էլ արդեն մեզ ճանաչում են եւ մեզ հետ համագործակցում:
Ի դեպ, համագործակցում ենք միջազգային հեղինակավոր դիվանագիտական ակադեմիաների հետ եւ մեզ որպես գործընկերոջ հրավիրում են մասնակցելու տարբեր միջոցառումների: Մի քանի օրից ես պետք է ելույթ ունենամ Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտում ու ներկայացնեմ ուսումնական աշխատանքների կազմակերպումը մեր դպրոցում: Սա համարում եմ կարեւոր եւ խոսուն փաստ:
-Որակյալ կրթության ապահովման կարեւոր նախապայմանը պրոֆեսիոնալ դասախոսական կազմ ունենալն է: Բայց եթե մենք առ այսօր չենք ունեցել ազգային դիվանագիտական դպրոց, չենք ունեցել մասնագետներ, ուրեմն ովքե՞ր են դասավանդում դպրոցում:
-Մեր դասախոսներին կարելի է պայմանականորեն մի քանի խմբի բաժանել: Նախ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դասավանդող մեր ավագ դիվանագետները՝ ԱԳ նախարարը, փոխնախարարներ, վարչության պետեր, որոնք ներկայացնում են մեր երկրի արտաքին քաղաքականության նրբությունները, սկզբունքները, մեր շահը ու թե ինչպես այն պաշտպանել: Սա մեր՝ Հայաստանի, դիվանագիտական դպրոցի կարեւորագույն առաքելությունն է:
Երկրորդ խմբում տեսական առարկաների եւ գործնական հմտությունների դասախոսներն են՝ սրանք արտերկրի լավագույն բուհերից հրավիրված փորձառու դասախոսներ են, որոնց ընտրելիս շատ բծախնդիր ենք: Դրանում կարելի է համոզվել՝ ծանոթանալով նրանց կենսագրականներին: Ունենք նաեւ հյուր դասախոսներ, որոնց մեջ մեր կառավարության անդամներն են, արտերկրում հավատարմագրված մեր դեսպանները, հրավիրում ենք նաեւ Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանների:
Այս ամենը շատ արժեքավոր է մեզ համար, դիվանագետը ստանում է ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական գիտելիքներ:
-Հայտնի է, որ օրերս դպրոցի ունկնդիրները եղել են Արցախում. նման այցերը հնարավորություն տալի՞ս են ապագա դիվանագետներին ավելի ճշգրիտ եւ մանրամասն կարծիք կազմել Արցախի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի մասին:
-Դպրոցի ստեղծման առաջին օրից համոզմունքս է եղել, որ ապագա դիվանագետն անպայման պետք է լինի Արցախում, ծանոթանա իրողություններին, հասկանա՝ մենք ում եւ ինչ ենք պաշտպանում: Սա մեր ուսումնական գործընթացի կարեւորագույն բաղադրիչներից է:
Հանդիպեցինք Արցախի ղեկավարության՝ երկրի նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ, մեր ուսանողները տվեցին անկեղծ հարցեր ու ստացան նույնքան անկեղծ պատասխաններ: Այցելել ենք թանգարաններ, ծանոթացել Արցախի պատմությանը, ազատագրական շարժմանը, եղել հոգեւոր վայրերում, նաեւ շփման գծում, մտել խրամատներ, զրուցել մեր հայրենիքի պաշտպանների հետ:
Մեր ուսանողներն անձամբ տեսան, թե ինչ նվիրում ու ջանքեր է գործադրում հայ զինվորը մեր երկրի սահմաններն անվտանգ պահելու համար: Տեսան այն ճակատը, որը զինվորն է պաշտպանում, ու գիտակցեցին պատասխանատվության իրենց բաժինը: Գիտեք, ամեն տարի Արցախ կատարած այցից հետո նկատում եմ նրանց փայլող աչքերը, որ մեծ ոգեւորության արդյունք են. տեսնել Տիգրան Մեծի հիմնած քաղաքի ավերակները, այցելել հաղթանակած Շուշի, տեսնել Դադիվանքն ու Գանձասարը, շփվել առաջին գծում կանգնած հայրենիքի պաշտպանի հետ. այս ամենը մեր ունկնդիրների մեջ անջնջելի տպավորություն են թողնում:
Ի դեպ, ինչպես արդեն նշեցի, մենք այս տարի առաջին անգամ մեկշաբաթյա այց կազմակերպեցինք Բրյուսել եւ Վիեննա. ունկնդիրներ եղան Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի գրասենյակներում, ներկա եղան նիստերի, ՀՀ դեսպանություններում ծանոթացան մեր դիվանագետների աշխատանքային առօրյային, այցելեցին Մխիթարյան միաբանություն: Սա մի հրաշալի ծրագիր էր՝ հագեցած ու օգտակար, ինչն ամբողջությամբ կատարվեց ԵՄ ֆինասավորմամբ:
-Իսկ չե՞ք կարծում, որ մեր ապագա դիվանագետները պետք է անպայման այցելեն նաեւ Արեւմտյան Հայաստան:
-Այդ գաղափարը մեր ունկնդիրներն արդեն առաջ են քաշել. կմտածենք:
-Պարոն Գաբրիելյան, օգտագործելով առիթը, թույլ տվեք անցում կատարել դիվանագետների աշխատանքին. հաճախ է խոսվում, թե մեր դեսպաններն ավելի շատ զբաղված են ճաշկերույթներ, փոքր միջոցառումներ կազմակերպելով, քան ի շահ Հայաստանի դիվանագիտական գործունեություն ծավալելով: Իրո՞ք այդպես է:
-Ազնիվ չէ այդպես ներկայացնել դիվանագետի աշխատանքը: Ընդհանրապես մեզանում թյուր կարծիք կա դիվանագետի աշխատանքի մասին, թե նրանք միայն դրսում շամպայն խմելով են զբաղված: Իրականում դիվանագետի աշխատանքը շատ ծանր, քրտնաջան եւ նվիրում պահանջող աշխատանք է: Ի դեպ, ձեր նշած փոքր միջոցառումը կազմակերպելու համար դիվանագետը կարող է տարիների ջանքեր գործադրել:
Կարծում եմ, նման թյուըմբռնման պատճառն այն է, որ չի բարձրաձայնվում, չի գովազդվում այդ աշխատանքը, քանի որ ավելորդ փողհարումը ուղղակի կարող է եւ ձախողել նրա աշխատանքը:
Մի հանգամանք եւս նշեմ. ելնելով մեր երկրի հնարավորություններից՝ մեր դեսպանատների անձնակազմը շատ փոքր է, ու մեկ դիվանագետը ստիպված է լինում միաժամանակ մի քանի աշխատանք կատարել, նույնիսկ տնտեսական, կազմակերպչական:
-Դրա համա՞ր է տուժում հիմնականը՝ դիվանագիտականը:
-Համաձայն չեմ նման ձեւակերպման հետ, ոչ թե տուժում է, այլ առավել ջանքեր է պահանջում մեկ անձից:
–Ի՞նչ կասեք այն երեւույթի մասին, երբ մեր դեսպանները տասնամյակներ շարունակ պաշտոնավարում են նույն երկրում, մի տեսակ, կարծես, տնավորվում են ու լճանում:
-Մի կատակ կա այս առնչությամբ: Հարցնում են՝ «ե՞րբ է դեսպանին հետ կանչելու ժամանակը»: Պատասխանում են՝ «երբ նա մասնակցում է այն ֆուտբոլային խաղին, ուր մրցում են իր ու դեսպանընկալ երկրի թիմերը, եւ սկսում ցավել դեսպանընկալ երկրի թիմի համար, ուրեմն արդեն եկել է նրան հետ կանչելու ժամանակը»:
Մեր դիվանագիտական ծառայության համակարգը տարիների ընթացքում, հատկապես 2001-ից՝ դիվանագիտական ծառայության մասին օրենքի ընդունումից հետո, լուրջ զարգացում է ապրել, եւ դիվանագետների ռոտացիան էլ պարտադիր է, իսկ ավելի ուշ ամրագրվել է նաեւ դեսպանների պաշտոնավարման սահմանափակումը:
Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ դեսպանի համար ժամանակ է պետք տվյալ, հատկապես ավելի մեծ երկրի քաղաքական համակարգի նրբությունների մեջ խորանալու, գործընկերներ գտնելու, կապեր հաստատելու համար: Եթե դա համեմատաբար առավել հեշտ ու արագ իրականանալի է ֆինանսապես հզոր երկրների համար, ապա ավելի փոքրաթիվ անձնակազմ եւ ավելի համեստ միջոցներ ունեցող երկրներից շատ ավելի ժամանակ է պահանջում:
Եվ վերջապես, եթե տվյալ դեսպանը լավ է աշխատում իր տեղում, ու տարիների ընթացքում հասնում արդյունքների, պարզապես ճիշտ չէ նրանից արագ հրաժարվելը եւ երկրի նախագահն ունի այդ հարցն ավելի արդյունավետ կերպով տնօրինելու որոշակի ազատություն:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












