Գլխավոր » Regions, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան

ԻՆՉՈՒ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՏՈՒՄ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 16, 2013թ. 23:11

46Օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքից՝ 24-ամյա ռուս երիտասարդի սպանությունից հետո Մոսկվայում լարվածությունը դեռ չի հանդարտվում: Ամեն անգամ, երբ Ռուսաստանում ակտիվանում են ազգայնամոլական հուզումները, մեզանում հասկանալի պատճառներով արտահայտվում է տագնապ ու մտահոգություն։ Չէ՞ որ այդ երկրում ունենք ոչ միայն հսկայական հայ համայնք, այլեւ բազմաթիվ աշխատանքային ներգաղթյալներ:
Այս թեմայի շուրջ է մեր զրույցը Դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

Ռուսաստանում քսենոֆոբիայի ցանկացած դրսեւորումից հետո Հայաստանում վերստին հնչում է հարցը՝ ի՞նչ է կատարվում այդ երկրում, արդյոք գործ ունենք պետական քաղաքականությա՞ն հետ, թե՞ դրանք առանձին դրվագներ են:
-Կատարվում է մի շատ պարզ բան. ներգաղթյալների ոչ լեգալ, քաոսային հոսքը տեղացիների համար ստեղծել է լուրջ խնդիրներ: Գիտե՞ք, սա ինչի է նման, երբ հյուրը ուրիշի տանը շարժվում է սեփական բարքերով, որոնք տանտիրոջ համար անընդունելի են:
Ազգայնական կհամարեք այդ շարժումը թե ոչ, մի բան պետք է հասկանալ, որ մեծ լարվածություն է առաջացել նախ կենցաղային հողի վրա, տեղացիները հոգնել են շարունակվող իրավիճակից: Հենց ռուսներն են ասում, որ ներգաղթյալները երեկոյան ժամերին զբաղմունք չունեն, պարզ խոսենք, չունեն կանանց հետ քաղաքակիրթ ձեւով շփման հնարավորություն, շատերը չունեն համապատասխան դաստիարակություն ու հայտնվում են ոչ հաճելի իրավիճակներում՝ ընդհարումներ, ընդհուպ մինչեւ ողբերգական դեպքեր:
Կարծում եմ, հարցը նախ պետք է դիտարկել կենցաղային հարթության մեջ եւ հետո միայն հասնել պետական մակարդակի ու տեսնել, թե ՌԴ իշխանությունները ի՞նչ են մտադիր անել եւ ինչո՞ւ չեն անում:
-Իսկ ի՞նչ են ուզում Ռուսաստանի իշխանությունները. մի կողմից՝ այդ երկիրը շահագրգռված է ներգաղթյալների ներհոսքով, ովքեր կատարում են դժվար աշխատանքը, նաեւ նրանցով են փորձում բնակեցնել երկրի ծայրամասերը, բայց, մյուս կողմից, ռուս հասարակության մեջ ակնհայտ ատելություն կա եկվորների հանդեպ:
-Այո, մի կողմից՝ իրենց անհրաժեշտ է այդ աշխատուժը, մյուս կողմից՝ բողոքում են, որ միգրանտները համապատասխան շրջաններ են գրավել ու խնդիրներ են ստեղծում: Սա նշանակում է, որ այս հարցը հիմնավոր լուծում է պահանջում: Այսինքն՝ եթե Ռուսաստանն ունի ներգաղթյալների կարիք, ուրեմն պետք է համապատասխան պայմաններ ստեղծի նրանց աշխատանքի համար՝ լեգալացնելով դաշտը:
Բայց խնդիրը դիտարկեք նաեւ տեղացու դիրքերից. ո՞նց վերաբերվի սովորական քաղաքացին, եթե եկվորը իրեն համապատասախան կերպով չի պահում այդ երկրում: Այնպես որ բնակչության արձագանքը ինձ համար լիովին հասկանալի է, իսկ, այ, պետությանը՝ ոչ:
Վերջինս պետք է հստակ քայլեր անի: Եթե իշխանությունը կանոնակարգի ներգաղթյալների հոսքը, նրանք ունենան լեգալ աշխատանքի, կեցության իրավունք, խնդիրներ չէին առաջանա: Տեսեք, չկա վիզայի ռեժիմ, բայց սրան զուգահեռ չկա պետական ծրագիր, որը կառավարելի կդարձնի եկվորների հոսքը, կսահմանափակի անլեգալների իրավունքները, կպատժի այն գործատուներին, որոնք պահում են մեծ քանակությամբ ոչ լեգալ աշխատողներ: Սրանք են ռուսաստանյան քաոսի հիմնական պատճառները:
Ներգաղթյալներ կան, որ 20-30 հոգով մեկ սենյակում են բնակվում, դա աննորմալ վիճակ է: ՌԴ իշխանություններն իրենք իրենց գլխին պրոբլեմ են ստեղծել ու չեն կարողանում հարցերը կարգավորել: Ու դա հանգեցրել է նրան, որ հասարակության մեջ ատելություն է առաջացել եկվորների նկատմամբ:
Այս իրավիճակը կարծես սկսել է անհանգստացնել իշխանություններին, սկսել են խոսել այն մասին, որ Ոուսաստանը բազմազգ երկիր է, ու հասարակությունը պետք է ավելի հանդուրժող լինի: Ռուս երիտասարդի սպանության դեպքից հետո առաջին անգամ է, որ ՌԴ իրավապահ մարմինները կոշտ խոսեցին զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հասցեին: Այսինքն՝ սկսել են հասկանալ, որ եթե այսօր այդ ուժը դուրս է եկել ներգաղթյալների դեմ պայքարի, ապա վաղը նույնպիսի կազմակերպվածությամբ կարող է դուրս գալ եւ իշխանության դեմ:
-Արդյոք ռուսական լրատվամիջոցներն իրենց հերթին չե՞ն սրում ազգայնամոլական տրամադրություններ, երբ ցանկացած խուլիգանության, ողբերգական դեպքի մասին խոսելիս նախ սկսում են հանցանքի մեջ կասկածվողի ազգության հիշատակումից:
-Լիովին համաձայն եմ, այդպես են վարվում ռուսական, այսպես կոչված, մասնավոր լրատվամիջոցները: Ու դեռ չգիտես, թե ի՜նչ նպատակներով է դա արվում:
Չեմ կարող չասել, որ նույնպիսի գործելաոճ ունեն եւ մեր լրատվամիջոցները: Ե՛վ այստեղ, ե՛ւ այնտեղ ուղտից լու են սարքում:
Գուցե ճի՞շտ են այն կարծիքները, թե կան ուժեր, որոնք կանգնած են ռուսական ազգայնամոլական շարժումների թիկունքում եւ հրահրելով՝ նպաստում են հակառուսական տրամադրությունների տարածմանը, մասնավորաբար նախկին խորհրդային հանրապետություններում:
-Ես չեմ ուզում ընկնել միստիկայի մեջ ու պնդել, թե դա Արեւմուտքն է անում կամ հակառուսական ուժերի քարոզչություն է: Թող Ռուսաստանը այնպիսի իրավիճակ ստեղծի, որ այդ ուժերը նման հնարավորություններ չունենան: Բայց նաեւ չեմ կարող բացառել. այո, կա այդ երեւույթը։
Իսկ մի՞թե Հայաստանում քիչ են այնպիսի մարդիկ եւ ուժերը, որոնք դրսից գրանտներ ստանալով՝ երկրի դեմ ուղղված հանձնարարություններ են կատարում: Նույնն էլ Ռուսաստանում է, եւ ոչ մի տարբերություն:
-Սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով արդյոք անելիք չունե՞ն նաեւ այն երկրների իշխանությունները, որոնց քաղաքացիներն արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Խոսքս նաեւ մեր երկրի մասին է:
-Անշուշտ, դոնոր երկիրը պատասխանատվություն է կրում իր քաղաքացու անվտանգության համար, ու պետք է ընդունող երկրից պահանջի նրան տալ համապատասխան երաշխիքներ: Այսինքն՝ այստեղ կա երկու կողմերի պարտավորվածության խնդիր:
Արդյոք Հայաստանի կառավարությունը երբեւէ դիմե՞լ է ՌԴ կառավարությանն ու ասել, թե, հաշվի առնելով, որ մեր մոտից աշխատանքային ներգաղթյալների մեծ հոսք կա դեպի ձեր երկիր, եկեք համաձայնագիր ստորագրենք ու կարգավորենք այս գործընթացը: Իհարկե՝ ոչ: Բայց չէ՞ որ ընդունող երկրի քայլերը նաեւ կախված են մեզանից, մենք պետք է նախ մտածենք մեր քաղաքացու պաշտպանության մասին:
Հիմա անցնեմ Ռուսաստանին: Եթե ընդունող երկրին պետք են այդ մարդիկ, կրկնում եմ, ուրեմն հարկավոր է լեգալացնել նրանց ներկայությունը, որպեսզի մարդը չվախենա ոստիկանից, չթաքնվի ծակուծուկերում, այլ զգա, որ գնացել է աշխատելու մի երկրում, ուր իր իրավունքները լիովին պաշտպանված են:


ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Regions, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն