ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՆԱՄՈՒՍՈՎ ՄԵՌՆԵԼ, ՔԱՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾ
Այսօր` հոկտեմբերի 16-ին, երթ կանցկացվի ընդդեմ «գենդերային» օրենքի եւ «գենդերային» պարտավորությունների փաթեթի: «Ոչ գենդերային այլասերումին» հասարակական նախաձեռնության ղեկավար ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ խոսքով` երթի կազմակերպիչների պահանջն է` «Տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքից ընդհանրապես հանել «գենդեր» բառը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մի քանի ամիս առաջ երրորդ ընթերցմամբ ընդունեց «Տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» թիվ 57 օրենքը: Օրենքի 3-րդ հոդվածում «գենդեր, գենդերային» հասկացությունների դիմաց գրված է. «Տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք…»: Այս ձեւակերպումը հանրության կողմից ընկալվում է որպես սպառնալիք հայ ընտանիքին:
Բազմաթիվ բողոքներից հետո կառավարությունը «գենդերի մասին» օրենքի վիճահարույց դրույթը հանեց, սակայն, Խ.Ստամբոլցյանի խոսքով` բազմաթիվ «գենդերներ» մնացին օրենքում: «Մենք ուզում ենք, որ «գենդեր» բառն ընդհանրապես հանվի օրենքից: Մեր պետությունը միջազգային հինգ փաստաթուղթ է ստորագրել` կապված գենդերի հետ: Գենդեր եզրույթը համաշխարհային կառույցներում նշանակում է ձեռքբերովի վարքագիծ: Այսինքն՝ եթե օրենքում մեկ գենդեր բառ էլ մնա, այդ հինգ փաստաթղթերով կարող են մեզ պարտադրել, որ օրենքը թելադրի ոչ թե կին եւ տղամարդ հավասարություն, այլ ձեռքբերովի վարք»,- մեզ հետ զրույցում նշեց Խ.Ստամբոլցյանը:
Բացի դրանից, Խ.Ստամբոլցյանի խոսքով, երթի մասնակիցները պահանջում են նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին ու նույն նախարարության աշխատակից Լալա Ղազարյանին ենթարկել պատասխանատվության՝ ազատելով զբաղեցրած պաշտոններից: Ինչո՞վ է պայմանավորված իրենց պահանջը: Ինչո՞ւ պաշտոնանկ անել հենց նրանց:
Մեր հարցին ի պատասխան` Խ.Ստամբոլցյանը նշեց. «Քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է ներկայացրել օրենքի նախագիծը: Նրանք են գիտակցաբար նախագծի մեջ գենդեր բառն ավելացրել: Իսկ մեզ վարկաբեկում են, համարում են, թե տգետ ու հետամնաց ենք, այդ պատճառով պահանջում ենք նրանց ազատել աշխատանքից»:
Երթը մեկնարկելու է ժամը 11-ին Թամանյանի արձանին հարակից տարածքից: Այնուհետեւ մասնակիցները շարժվելու են դեպի կառավարություն եւ բողոքի նամակը հանձնելու են կառավարությանը: Խ.Ստամբոլցյանի խոսքով` երթին մասնակցելու են տարբեր խավերի ներկայացուցիչներ` հավատացյալ քրիստոնյաներ, ազգային արժանապատվություն ունեցողներ, ինչպես նաեւ համախոհ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Եթե չընդունվի իրենց պահանջը, ո՞րն է լինելու երթի կազմակերպիչների հաջորդ քայլը: Հարցին ի պատասխան` Խ.Ստամբոլցյանը նշեց, որ ինչ էլ լինի, իրենք չեն պատրաստվում հանձնվել, ձեռքները ծալած նստել. «Մենք պետք է ամեն գնով, օրենքի բոլոր հնարավոր ճանապարհներով պայքարենք: Եթե չհաջողվի` պետք է հայտարարենք անհնազանդություն: Ավելի լավ է քաղաքացիական պատերազմ լինի, տղամարդավարի, նամուսով մեռնենք, քան միասեռականության երկրում ապրենք: Այս օրենքը սպառնում է հայ ընտանիքին, եթե չկա նորմալ ընտանիք, չկա նորմալ ծնունդ, նշանակում է ազգի ավարտ է, ցեղասպանություն: Ավելի լավ է մեռնել տղամարդավարի, քան այլասերված»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ օրենքում «գենդեր» բառն ընդհանրապես հանելու վերաբերյալ: Սակայն մամուլի քարտուղար Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ նախարարությունն առաջիկայում հանդես է գալու ասուլիսով եւ ամբողջական պարզաբանում է տալու:
Ինչ վերաբերում է երթին, ապա նա նշեց, որ դա կազմակերպիչների իրավունքն է: «Եթե նրանք ունենան հետաքրքիր առաջարկներ, կլսենք, կընդունենք, եթե ոչ, մեր պարզաբանումները կներկայացնենք»,- ասաց նա:
Ի դեպ, նշենք, որ օրեր առաջ Ֆինլանդիայից Հայաստան էր ժամանել իրավապաշտպան Յոհան Բեքմանը: Նա հայտարարել էր, որ գենդերային քաղաքականությունը պատերազմ է մարդու դեմ, որի ժամանակ կիրառվում են ֆաշիստական մեթոդներ:
«Գենդերային քաղաքականությունը մերժում է սեռերը, ընտանեկան ավանդական արժեքները եւ քարոզում աննորմալ արժեքներ: Ցավոք, Եվրամիության հիմնական գաղափարախոսությունը հոմոսեքսուալիզմն է, որը շատ եվրոպական պաշտոնյաների համար դարձել է մասնագիտություն: Դրա միջոցով շատ պաշտոնյաներ մեծ գումարներ են վաստակում»,- ասել էր նա:
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ












