Միջազգային կառույցները հայ ռազմագերու հարցում Ադրբեջանի հանցակից
«Բարեւ, մամ ջան, ո՞նց եք: Իմ հետ ամեն ինչ լավ է, հարազատներին բարեւեք»։ Երկար ու մտահոգիչ դադարից հետո վերջապես ստացվեց այս կարճ բովանդակությամբ նամակը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանից:
Նամակը հարազատներին փոխանցողի դերում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն է, որ հոկտեմբերի 14-ին այցելել է գերեվարված հայ զինվորին: Թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել կողմերի՝ Հակոբի ու ԿԽՄԿ ներկայացուցիչների միջեւ, վերջիններս չեն բացահայտում, ուղղված հարցերին էլ տալիս նույն պատասխանը՝ «ռազմագերիներին այցելելուց հետո խոսակցությունների բովանդակությունը ենթակա չէ հրապարակման»:
Իսկ ի՞նչ տեղեկատվություն էր ակնկալում ստանալ Հակոբի նամակից կամ լսել Կարմիր խաչից հայկական կողմը:
Խիստ համառոտ նամակում Հակոբ Ինջիղուլյանը ոչ մի խոսք չի ասում երրորդ երկիր տեղափոխվելու իր ցանկության մասին: Եթե հավատանք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա իբր թե նման խնդրանքով Հակոբն անձամբ դիմել է Ադրբեջանի կառավարությանը, վերջինս էլ, իբր թե, դրսեւորելով բարի կամք, համաձայնել է կատարել հայ զինվորի խնդրանքը:
Եթե սա իրականություն է եւ ոչ ադրբեջանական ապատեղեկատվություն, ուրեմն ինչո՞ւ այդ կարեւոր «փոխհամաձայնության» մասին լռում է հայ զինվորը՝ ոչինչ չասելով դրան անհամբերությամբ սպասող իր հարազատներին:
Մի կարեւոր ընդգծում եւս. Ադրբեջանի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարարել էր, թե իբր Ինջիղուլյանն իր ցանկությունն արտահայտել է ոչ թե բանավոր, այլ գրավոր կերպով, եւ իր դիմումն ուղղել ոչ միայն կառավարությանը, այլեւ իրեն:
Ավելին՝ Սաիլովն ասել էր, թե իրենք պատրաստվում են հայ զինվորի դիմումը փոխանցել ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատարին: Եվ ուրեմն, եթե այս տեղեկատվությունը եւս ադրբեջանական քարոզչական հնարք չէ, ապա պետք է որ դրան հաջորդեր համարժեք քայլը՝ սկսվեր Հակոբ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթացը:
Իհարկե Հակոբ Ինջիղուլյանի ցանկության մասին ճշգրիտ պատկերացում կազմել պաշտոնական Բաքվի հայտարարություններով՝ միամտություն է: Հետեւաբար ակնկալիքներն առավելապես Կարմի խաչից էին: Եվ ուրեմն, տրամաբանական էր, որ հայ զինվորի ներկայացրած դիմումի գոյությունը պետք է ճշտեին, պարզեին նրա հետ հանդիպման նպատակով օրերս Ադրբեջան այցելած ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները:
Ավելին՝ նրանց պարտականությունն է հստակեցնել՝ զինծառայողն ի՞ր հոժար կամքով է նման ցանկություն արտահայտում, թե՞ ճնշումների ազդեցության տակ: Ինչպես եւ սպասվում էր, Հայաստան վերադառնալուն պես ԿԽՄԿ ներկայացուցիչներին հարցեր ուղղվեցին՝ ձեր աչքով տեսա՞ք Հակոբի գրավոր դիմումը, ճշտեցի՞ք, իրո՞ք ցանկանում է երրորդ երկիր տեղափոխվել, եթե այո, ապա ի՞նչ փուլում է գործընթացը:
«Խոսել, բայց ոչինչ չասել» սկզբունքով առաջնորդվող ԿԽՄԿ-ականներն այս անգամ կրկին գերազանցեցին իրենց՝ «ջրելով» ու խուսափելով իրական պատասխաններից: Առհասարակ, ԿԽՄԿ-ականների յուրաքանչյուր պատասխան տրամաբանության հետ առնչություն չունեցող բացառիկ նմուշ է. հարց ես տալիս. «Ի՞նչ տեղեկատվություն կա հայ ռազմագերու վերադարձի կամ երրորդ երկիր տեղափոխվելու մասին», պատասխանում են. «Եթե Ադրբեջանում է, ուրեմն շարունակում է մնալ Ադրբեջանում»:
Կամ, մի կողմից խոստանում են՝ «նորություն լինելու դեպքում հնարավորը տեղեկացնել հասարակությանը», բայց էս գլխից նաեւ կանխում այդ «հնարավորի տրամադրումը», ասելով՝ «երրորդ երկիր տեղափոխվելու հարցում ԿԽՄԿ-ի մասնակցությունը շա՜տ սահմանափակ է»: Այսինքն՝ հույսներդ կտրեք մեզանից:
Եվ այսպես. եթե հայ զինվորը գրավոր դիմում է ներկայացրել երրորդ երկիր տեղափոխվելու վերաբերյալ, ինչո՞ւ այդ մասին չի գրում իր վերջին նամակում, ինչո՞ւ Սաիլովը չի կատարել իր խոստումն ու դիմումը փոխանցել ՄԱԿ-ի համապատասխան հանձնակատարին, ինչո՞ւ վերջինս իր հերթին նման նախաձեռնությամբ հանդես չի գալիս, եւ վերջապես, ինչո՞ւ Ադրբեջան այցելած Կարմիր խաչի ներկայացուցիչները վերադառնում են դիմումից անտեղյակ կամ անտեղյակ ձեւանալով: Ի՞նչ է թաքնված այս ամենի հետեւում, որին հայկական կողմը շարունակում է անհաղորդ մնալ:
Մի բան հստակ է, որ իրականությունն ու կեղծիքը ջրի երես դուրս կգան միայն այն դեպքում, երբ հայկական կողմի որեւէ ներկայացուցիչ հնարավորություն ունենա անձամբ հանդիպելու, զրուցելու հայ զինվորի հետ:
«Ժնեւի կոնվենցիայում հստակ ձեւակերպված է՝ պետությունը, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ ռազմագերին, իրավունք ունի միջամտելու գործընթացին, իրավունք ունի իր ներկայացուցչին ընդգրկվելու ռազմագերու այցելությունների կազմում»,- մեզ հետ զրույցում փոխանցեց ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, ապա տեղեկացրեց, որ այդ մասին դեռ մեկ ամիս առաջ իրենք առաջարկել են Կարմիր խաչին, ցավոք, առ այսօր որեւէ պատասխան չեն ստացել: «Այսօր մենք վերստին պնդում ենք, որ Կարմիր խաչը միջամտի ու ապահովի կամ պետական մարմնի, կամ ՀԿ ներկայացուցչի, կամ ռազմագերու հարազատի, գուցեեւ համայնքի ներկայացուցչի ներկայությունը Հակոբ Ինջիղուլյանին այցելող խմբում»:
Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար, պաշտպանության նախարարության քայլերը համարելով տեղին ու գրագետ, իրավապաշտպանը նկատեց, թե հայկական կողմը բազմիցս վերահաստատել է Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իր խոստումը՝ այդ կերպ բացառելով «հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի» հավանականությունը: Նաեւ ներկայացրել իր պատրաստակամությունը՝ երկկողմանի մակարդակով Ադրբեջանի հետ քննարկել գերիների հարցերը:
Հիշեցնենք նաեւ, որ դեռ մեկ ամիս առաջ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը հնարավորություն կտա խուսափել հայ զինվորի նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից, ապա հիշեցրել՝ հետեւանքները կարող են կործանարար լինել, նախադեպը, ցավոք կա:
Մինչ շարունակում է խորհրդավոր լռություն պահպանել նաեւ տեղական Կարմիր խաչի ներկայացուցչությունը, այլ բան չի մնում անել, քան տորպեդահարել Միջազգային կազմակերպությունները: Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ժամանակն է դիմել Միջազգային Կարմիր խաչի Ժնեւի գրասենյակ եւ այդ պահանջով պաշտպանության նախարարության հետ միասին պետք է հանդես գան նաեւ հասարակական կազմակերպություները. «Մենք պետք է պահանջենք միջազգային կազմակերպություններից հաշվի առնել այն դրվագները, որոնք փաստում են, որ Հակոբ Ինջիղուլյանի վրա ճնշումներ են գործադրվել, պետք է պնդենք այն, ինչն ակնհայտորեն երեւում է ժնեւյան կոնվենցիաների կոպիտ խախտումներով նրա հետ անցկացված երկու հարցազրույցներից»:
Իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մեկ հարցազրույցից մյուսը ընկած ժամանակահատվածում նկատելի փոփոխություն է կատարվել Հակոբի հետ, ակնհայտ փոփոխություն կա նրա տոնայնության մեջ, որին հաջորդեց նրա ցանկությունը, թե ուզում է երրորդ երկիր տեղափոխվել. «Սա հիմք է տալիս ասելու, որ այդ ցանկությունն արտահայտվել է ճնշման արդյունքում, ու այս փաստը մենք պետք է պնդենք»:
Նկատենք, որ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորի մասին շարունակում է լռել եւ Եվրոպայի Խորհուրդը, անտարբեր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը, ի վերջո, կարող է հանդես գալ նախաձեռնությամբ ու այդ կերպ նպաստել դրական զարգացումներին:
Փաստորեն միջազգային կառույցները ոչ միայն աչք են փակում Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների կոպտագույն խախտումների առաջ, այլեւ դառնում հայ զինվորին հայրենիք վերադառնալու իրավունքից զրկելու Ադրբեջանի հանցակիցը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












