ՌԴ իշխանություններն իրենց գլխին պրոբլեմ են ստեղծել ու չեն կարողանում լուծել
Մոսկվայում օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքից՝ 24-ամյա ռուս երիտասարդի սպանությունից հետո, լարվածությունը դեռ չի հանդարտվում: Իսկ ամեն անգամ, երբ Ռուսաստանում ակտիվանում են ազգայնամոլական հուզումները, Հայաստանում հասկանալի պատճառներով արտահայտվում է տագնապ ու մտահագություն. այդ երկրում ունենք ոչ միայն հսկայական թվով հայկական համայնք, այլև բազմաթիվ աշխատանքային ներգաղթյալներ:
Այս թեմայի շուրջ է մեր զրույցը Դեմոկրատական կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
– Ռուսաստանում քսենոֆոբիայի ցանկացած դրսևորումից հետո Հայաստանում վերստին հնչում է հարցը՝ ի?նչ է կատարվում այդ երկրում, արդյո?ք, գործ ունենք պետական քաղաքականության հետ, թե? դրանք առանձին էպիզոդներ են:
– Կատարվում է մի շատ պարզ բան. ներգաղթյալների ոչ լեգալ, քաոսային հոսքը տեղացիների համար ստեղծել է լուրջ խնդիրներ: Գիտե?ք սա ինչի է նման, երբ հյուրը ուրիշի տանը շարժվում է սեփական բարքերով, որոնք տանտիրոջ համար անընդունելի են: Ազգայնակա?ն կհամարեք այդ շարժումը, թե՝ ոչ, մի բան պետք է հասկանալ, որ այն մեծ լարվածություն է առաջացել նախ կենցաղային հողի վրա, տեղացիները հոգնել են շարունակվող իրավիճակից: Հենց ռուսներն են ասում, որ ներգաղթյալները երեկոյան ժամերին զբաղմունք չունեն, պարզ խոսենք, չունեն կանանց հետ քաղաքակիրթ ձևով շփման հնարավորություն, շատերը չունեն համապատասխան դաստիարակություն ու հայտնվում են ոչ հաճելի իրավիճակներում՝ ընդհարումներ, ընդհուպ մինչև ողբերգական դեպքեր: Ուրեմն, հարցը նախ պետք է դիտարկել կենցաղային հարթության մեջ և հետո միայն հասնել պետական մակարդակի ու տեսնել, թե ՌԴ իշխանությունները ի?նչ են մտադիր անել և ինչո?ւ չեն անում:
-Իսկ ի?նչ են ուզում Ռուսաստանի իշխանությունները. մի կողմից այդ երկիրը շահագրգված է ներգաղթայալների ներհոսքով , ովքեր կատարում են դժվար աշխատանքներ, նաև նրանցով են փորձում բնակեցնել երկրի ծայրամասերը, բայց մյուս կողմից, ռուս հասարակության մեջ ակնհայտ ատելություն կա երկվորների հանդեպ:
-Այո, մի կողմից իրենց անհրաժեշտ է այդ աշխատուժը, մյուս կողմից բողոքում են, որ միգրանտները համապատասխան շրջաններ են գրավել ու խնդիրներ են ստեղծում:Սա նշանակում է, որ այս հարցը հիմնավոր լուծում է պահանջում: Այսինքն, եթե Ռուսաստանն ունի ներգաղթյալների կարիք, ուրեմն պետք է համապատասխան պայմաններ ստեղծի նրանց աշխատանքի համար՝ լեգալացնելով դաշտը: Բայց խնդիրը դիտարկեք նաև տեղացու դիրքերից. ո?նց վերաբերվի սովորական քաղաքացին, եթե եկվորը իրեն համապատասախան կերպով չի պահում այդ երկրում: Այնպես որ, բնակչության արձագանքը ինձ համար լիովին հասկանալի է, իսկ, այ, պետությանը՝ ոչ: Վերջինս պետք է հստակ քայլեր անի: Եթե իշխանությունը կանոնակարգի ներգաղթյալների հոսքը, նրանք ունենան լեգալ աշխատանքի, կեցության իրավունք, խնդիրներ չէին առաջանա: Տեսեք, չկա վիզայի ռեժիմ, բայց սրան զուգահեռ չկա պետական ծրագիր, որը կառավարելի կդարձնի եկվորների հոսքը, կսահմանափակի անլեգալների իրավունքները, կպատժի այն գործատուներին, որոնք պահում են մեծ քանակությամբ ոչ լեգալ աշխատողներ: Սրանք են ռուսաստանյան քաոսի հիմնական պատճառները: Ներգաղթյալներ կան, որ 20-30 հոգով մեկ սենյակում են բնակվում , դա աննորմալ վիճակ է, ՌԴ իշխանություններն իրենք իրենց գլխին պրոբլեմ են ստեղծել ու չեն կարողանում հարցերը կարգավորել: Ու դա հանգեցրել է նրան, որ հասարակության մեջ ատելություն է առաջացել եկվորների նկատմամբ: Այս իրավիճակը կարծես սկսել է անհանգստացնել իշխանություններին, սկսել են խոսել այն մասին, որ Ոուսաստանը բազմազգ երկիր է ու հասարակությանը պետք է տոլեռանդ լինի: Ռուս երիտասարդի սպանության դեպքից հետո, առաջին անգամ է, որ ՌԴ իրավապահ մարմինները կոշտ խոսեցին զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հասցին: Այսինքն, սկսել են հասկանալ, որ եթե այսօր այդ ուժը դուրս է եկել ներգաղթյալների դեմ պայքարի, ապա վաղը նույնպիսի կազմակերպվածությամբ կարող է դուրս գալ և իշխանության դեմ:
– Արդյո՞ք ռուսական լրատվամիջոցներն իրենց հերթին չեն սրում ազգայնամոլական տրամադրություններ, երբ ցանկացած խուլիգանության, ողբերգական դեպի մասին խոսելիս նախ սկսում են հանցանքի մեջ կասկածվողի ազգության հիշատակումից:
-Լիովին համաձայն եմ, այդպես են վարվում ռուսական, այսպես կոչված, մասնավոր զլմ-ները: Ու դեռ չգիտես, թե ի՜նչ նպատակներով է դա արվում: Չեմ կարող չասել, որ նույնպիսի գործելոճ ունեն և մեր լրատվամիջոցները: Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ ուխտից լու են սարքում: Չնայած վերջին դեպքից հետո ռուսական զլմ-ները ևս հավասարակշռված մոտեցում դրսևորեցին, երևի իրենք էլ են գիտակցում, որ հասցրել են մի այնպիսի քաոսային վիճակի, որն առաջին հերթին իրենց երկրին է վնասելու:
– Գուցե ճի՞շտ են այն կարծիքները, թե կան ուժեր, որոնք կանգնած են ռուսական ազգայնամոլական շարժումների թիկունքում, և հրահրելով նպաստում են հակառուսական տրամադրությունների տարածմանը, մասնավորաբար, նախկին խորհրդային հանրապետություններում:
-Ես չեմ ուզում ընկնել միստիկայի մեջ ու պնդել, թե դա Արևմուտքն է անում, կամ հակառուսական ուժերի քարոզչություն է: Թող Ռուսաստանը այնպիսի իրավիճակ ստեղծի, որ այդ ուժերը նման հնարավորություններ չունենան: Բայց նաև չեմ կարող բացառել, այո, կա այդ երևույթը. Իսկ մի՞թե Հայստանում քիչ են այնպիսի մարդիկ և ուժերը, որոնք դրսից գրանտներ ստանալով, երկրի դեմ ուղղված հանձնարարարություններ են կատարում: Նույնն էլ Ռուսաստանում է, և ոչ մի տարբերություն:
–Սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով, արդյո?ք, անելիք չունեն նաև այն երկրների իշխանությունները, որոնց քաղաքացիներն արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Խոսքս նաև մեր երկրի մասին է:
-Անշուշտ, դոնոր երկիրը պատասխանատվություն է կրում իր քաղաքացու անվտանգության համար, ու պետք է ընդունող երկրից պահանջի նրան տալ համապատասխան երաշիքներ: Այսինքն, այստեղ կա երկու կողմերի պարտավորվածության խնդիր: Արդյո?ք Հայաստանի կառավարությունը երբևէ դինել է ՌԴ կառավարությանն ու ասել, թե հաշվի առնելով, որ մեր մոտից աշխատանքային ներգաղթյալների մեծ հոսք կա դեպի ձեր երկիր, եկեք համաձայնագիր ստորագրենք ու կարգավորենք այս գործընթացը: Իհարկե՝ ոչ: Բայց չէ? որ ընդունող երկրի քայլերը նաև կախված են մեզանից, մենք պետք է նախ մտածենք մեր քաղաքացու պաշտպանության մասին: Հիմա անցնեմ Ռուաստանին: Եեթե ընդունող երկրին պետք են այդ մարդիկ, կրկնում եմ, ուրեմն հարկավոր է լեգալացնել նրանց ներկայությունը, որպեսզի մարդը չվախենա ոստիկանից, չթաքնվի ծակուծուկերում, այլ զգա , որ գնացել է աշխատելու մի երկրում, ուր իր իրավունքները լիովին պաշտպանված են: Կարծում եմ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հենց Պուտինը պետք է հրավիրի ԱՊՀ երկրների ղեկավարներին ու ասի՝ եկեք խելք-խելքի տանք, տեսնենք ինչ ենք անում սրա դեմ պայքարելու համար, կոնկրետ ծրագրի, նաև միջազգային համաձայնագրերի հիման վրա կանոնակարգվեն այս հարաբերությունները:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












