ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՈՍԱՑՄԱՆ ԱՐԺԱՆԻ ԵՐԵՎՈՒՅԹ Է
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը հասարակական- քաղաքական գործիչ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ
– Ադրբեջանի իշխանական մեքենան լծվել է մարդասպան ադրբեջանցու՝ Օրհան Զեյնալովի պաշտպանության գործին, ով օրերս դաժանաբար սպանել էր 24-ամյա ռուս երիտասարդին, Ադրբեջանի բարձրացրած հիստերիան տարբեր մեկնաբանությունների տեղք է տվել, ձեր գնահատականը:
-Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում պաշտպանում են մարդասպանին: Եթե նրանք Ռամիլ Սաֆարով ոճրագործին պաշտպանելու քաղաքացիական, քաղաքական ու մարդկային համոզում ունեցան, մարդասպանին հերոսացնելու <խիզախում>՝ ի գին սեփական պետության վարկանիշի, ազգային նկարագրի, սա արդեն խոսում է այն մասին, որ մարդասպանին լեգիտիմացնելու ավանդույթներն Ադրբեջանում շատ խորը արմատներ ունեն: Եվ վերջապես, սա այն երկիրն է, որի պատմությունը Սումգայիթ անունով խարան ունի, սա այն երկիրն է, ուր այսօր էլ հաշվեհարդար տեսնելու կոչեր են հնչում՝ այժմ էլ Բաքվի ռուսների նկատմամբ: Այնպես որ, ես առանձնապես չեմ զարմանում, Հովհաննես Թումանյանի հայտնի քառյակի ոգով ասած, սրանք դեռ որսը բերանում մարդասպան ազգի կերպարի մեջ են:
–-Մտահոգիչ է սակայն այն, որ անգամ ռուս, միջազգային փորձագետները, ադրբեջանական հիստերիայից մտահոգված եզրահանգում են, թե Ադրբեջանի իշխանությունը հաստատ կհասնի իր նպատակին՝ արդարացնելով մարդասպանին: Այսինքն, այս երկրի պարագայում սեփական ոճրագործներին ամեն գնով ազատելը, հերոսացնելը դարձել է նաև աշխարհի համար ընդունելի, սովորական մի երևույթ: Կարծես հանդուրժվում է:
-Անհերքելի է. տեղի է ունենցել դատապարտելի քրեական հարցագործություն: Բայց երբ երևույթը քննում ենք քաղաքական զարգացումների, միջպետական շահերի համատեքստում, ապա շահարկումների դաշտ է բացվում, խաղարկվում են երկակի ստանդարտներ, օրենքներ են շրջանցվում: Դժվարանում եմ ասել, թե ինչ ընթացք կստանա այս գործը, արդյո?ք Բաքուն կկարողանա այս անգամ ևս ապահովել իր հանցագործ քաղաքացու արտահանձնման գործընթացը, ինչպես արվեց մարդասպան Սաֆարովի դեպքում: Բայց մի բան հաստատ է. մեր հարևան պետությունն իր քաղաքակիրթ դիմանկարի մասին առանձնապես հոգ չի էլ տանում։ Իսկ, երբ հանցագործությունը քաղաքականացվում է, հայտնվում քաղաքական շահերի խաչմերուկում, իրավական դաշտում տրամաբանություն փնտրելը դառնում է անշնորհակալ գործ: Չնայած խոսեցի Սաֆարովի մասին, բայց չէի ցանկանա հավասարության նշան դնել այդ մարդասպան-քաղաքական զոմբիի ու մոսկովյան քրեական հանցագործի միջև: Սաֆարովի պարագայում բախվեցինք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, հայից թշնամու ու գյավուրի կերպար կերտող քարոզչամեքենայի հետևանքների հետ: Եվ բնական է Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելը, որովհետև նա խավարամիտ մահմեդականի և ադրբեջանական պաշտոնական քարոզչության ծնած մանկուրտ սպայի կերպար է : Մոսկվայում կատարված ոճրագործության հետ, իհարկե, համեմատության եզրերը շատ քիչ են, բայց ադրբեջանցիների վարքականոնը չի փոխվել, նույնն է. երբ հետևում էի լրահոսին, նկատեցի Ադրբեջանում շիկացող այդ պաշտպանական <ձնագունդը>, ու կրկին համոզվեցի, գործ ունենք ատելությամբ ու անհանդուրժողականությամբ սնվող, այլատյաց մի հասարակության հետ, որը ոչ միայն հանցագործությունը ընդունելու քաջություն չունի, այլև մարդասպանությունը կարող է դիտվել որպես հերոսականացման արժանի երևույթ: Սա արժեհամակարգի դեգրադացման նշան է, հասարակության ողբերգությունը: Ինչ վերաբերում է աշխարհի հանդուրժողականությանը, ես այն կարծիքին չեմ, որ աշխարհը միանշանակորեն իր աչքը փակել է: Անշուշտ, քաղաքական շահերն իրենց գործն անում են, բայց առիթ եմ ունեցել զրուցելու ԵԽ պատգամավորներից շատերի հետ, որոնք սոսկումով էին խոսում ու իրենց անհամաձայնությունն արտահայտում սաֆարովյան գործարքին:
– Այն, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է, թե Բաքվից կվռնդեն բոլոր ռուսներին, հայերիս մոտ դառը հիշողությունների տեղիք տվեց: Չե?ք կարծում, որ սա սումգայիթյան ոճրագործների անպատիժ մնալու պատասխանն է. Հիշենք ժամանակին խորհրդային Ռուսաստանում կարճվեցին բոլոր հանցագործների քրեական գործերը:
-Ցանկացած հանցագործություն, եթե չի պատժվում, հղի է վերատադրվելու վտանգով, անպատժելիությունը նոր հանցագործությունների դռներ է բացում: Եվ բումերանգի պես եկավ ու խփվեց նաև Ռուսաստանին: Բայց կուզենայի անդրադառնալ մի շատ կարևոր՝ միգրացիայի խնդրին, որն առնչվում է վերջին դեպքերի հետ, պարտադրում խորքային լուծումներ փնտրել։ Կարծում եմ Ռուսաստանը պարտավոր է վերանայել իր այն քաղաքականությունն ու իրողությունները, որոնք պարարտ հող են ստեղծում սքինհեդերի, ռասիստների, նեոֆաշիստների ծավալման համար: Ռուասատանը մասնավորաբար շրջահայաց ու արմատական լուծումների պիտի գնա հատկապես միգրացիոն քաղաքականության հարցում: Ռուս քաղաքական շրջանակներում վերջին շրջանում շատ է խոսվում երկրի իրավապահ մարմիների կոռումպացվածության, սև շուկայի ստվերային ղեկավարների, քրեական աշխարհի հետ սերտաճման մասին, նշվում ներգաղթյալների խնդիրները կարգավորող օրենսդրության բացերի, քաղաքական կամքի բացակայության մասին: Այս ամենը մեզ՝ հայերիս ևս մտորելու տեղիք է տալիս: Արդյոք ռուսական աշխատաշուկայում պաշտպանված են մեր քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը: Արդյոք մեր իշխանությունները հետևում են, թե <Հայրենակիցներ> ծրագրով Ռուսաստան մեկնած մեր որակյալ աշխատուժը ինչ ճակատագրի է արժանանում, ինչպես են պաշտպանված նրանց արժանապատվությունն ու իրավունքները: Ռուսաստանն այն երկիրն է, որն իր վրա զգացել է ֆաշիզմի ողջ դաժանություն, բայց այսօր չի կարողանում առողջ պայքարել նման դրսևորումների դեմ, լրատվամիջոցներում քիչ չեն շովինիզմի, էթնիկ անհանդուրժողականության քարոզները: Այս մտահոգիչ իրականության մասին պիտի առողջ երկխոսություն ծավալել, բարձրաձայնել. Քիչ չեն եղել դեպքերը, երբ ատելության կամ ռասսիզմի զոհ հայերն են դարձել: Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարանի դահլիճ բերելը, նրան լրատվամիջոցներով ծաղրանքի ենթարկելը մինչ օրս նվաստացնող հուշի պես նստած է շատերի մտապատկերում:
– Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին, մեղադրելով ադրբեջանցու հանդեպ ազգային հատկանիշներով անթաքույց խտրական վերաբերմունք ցուցաբերելու, արժանապատվությունը վիրավորելու մեջ: Իսկ ի?նչ արեցինք մենք ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի, ով ոչ թե մարդասպան է, այլ զոհ՝ դժբախտ պատահարի:
-Ինձ համար ընդհանրապես հաճելի չէ մեր քայլերը համեմատելԱդրբեջանի հետ, բայց, ցավոք, նաև չեմ կարող չասել, որ հայաստանյան արձագանքները շատ թույլ էին, քաղաքացիական հասարակության սահամաններում։ Խնդիրը հիմնականում մեր մեջ է, Հայաստանի մեծագույն խոցը մոլորված, անպաշտպան մարդն է, հեռանկար չտեսնող, իրականությունից փախչող, աշխարհում ցաք ու ցրիվ ճակատագիր փնտրող հայը։ Հրաչյա Հարությունյանը մոլորված հայ է, նրա ճակատագիրը մեր ողբերգության թանձրուկն է: Անխոս, ցավալի է վթարի զոհ դարձաց 18 մարդկանց կորուստը։ Այնուամենայնիվ, մեր պաշտոնական կեցվածքն անդեմ էր և հիշում եմ, որ դեպքերի մասին տեղեկատվության ստանում էինք Ռուսաստանի հայերի միությունից և ոչ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից. այնինչ դեսպանատունն է մեր իրավունքների պաշտպանն ու մեր երկրի ներկայացուցիչը Ռուսաստանում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












