Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն

ՄԻ ՕՐ ԿԼՌԵՆ ՆԱԶԱՐԲԱԵՎՆԵՐՆ ՈՒ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆԵՐԸ

Հոկտեմբեր 25, 2013թ. 21:03

54<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ

Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստն արդյոք չբացահայտե՞ց այն ներքին հակասությունները, որ կան Մաքսային միության ներկայիս անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջեւ:
– Բնականոն գործընթաց է, ճշտվում են հարաբերություններ, և հակասությունները բացառված չեն, ավելին` դրանք հաղթահարելով գործն առաջ է գնում: Աշխարհաքաղաքական կշռի իմաստով, միության ներսում Ռուսաստանին հավասարազոր երկիր չկա, ինչն էլ կարող է նյարդային իրավիճակի պատճառ դառնալ, որովհետև ցածր քաշայիններն ամեն կերպ կցանկանան հավասարազոր հարաբերություններ կառուցել: Առկա է նաև սուբյեկտիվ գործոնը: Մի կողմից, Ղազախստանի նախագահ Նազարբաևի մեծապետական, խանական պահվածքը, մյուս կողմից Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի կամակոր բնավորությունը. իրեն այնպես է պահում կարծես ԱՄՆ նախագահը լինի, այն դեպքում, երբ իր երկրի կշիռը շատ փոքր է: Բելոռուսը չի կարող առանց Ռուսաստանի շնչել, նա իզգոյ պետություն է, Եվրոպայի կողմից չընդունվող և պատմական անցյալ չունեցող:
Նկատելի է սակայն, որ Բելոռուսն ու Ղազախստանը նպատակ ունեն խաղի կանոնների հստակեցման այս փուլում պոկել իրենց համար շահավետը:
-Այո, սակարկում են, բայց Ռուսաստանից կստանան այնքան, որքան հասնում է իրենց:
Եվ ստացան, օրինակ, Բելոռուսը կարողացել է ձեռք գցել Ռուսաստանի նավթարդյունահանող ձեռնարկություններից մեկը:
-Ասվածը ապացույցն է այն բանի, որ ի տարբերություն արևմտամետների պնդումների, թե Ռուսաստանը կայսրություն է վերականգնում ու այդ տրամաբանությամբ ասելու է` <սա' է և վերջ>, այլ ճիշտ հակառակը, կայացնում է նոր տիպի համագործակցային միություն, որտեղ նաև սակարկության արդյունքում փորձ կարվի հավասարակշռություն ստեղծել:
Նազարբաև- Լուկաշենկո զույգը հնչեցրեց Հայաստանի համար մտահոգիչ հայտարություններ: Մի կողմից բարձրացվեց միությանը Թուրքիայի անդամակցության հարցը, մյուս կողմից առաջարկվեց` Հայաստանի անդամակցության հարցում հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ: Ի՞նչ «խաղի» հետ գործ ունենք:
-Բելոռուսի ու Ղազախստանի կողմից դա, ընդամենը, սիրո խոստովանություն կամ քծնանքի դրսևորում էր Թուրքիայի ու Ադրբեջանի թուրքական պետության հանդեպ: Ժողովրդական մի խոսք կա` <գորտը այնպես է փքվում, կարծես փիղ լինի>: Լուկաշենկոն ու Նազարբաևը նման կեցվածք են ընդունել Ռուսաստանից առավելը ստանալու ակնկալիքով: Մյուս կողմից, այդ երկու երկրները չեն ուզում, այսպես ասած, Հայաստանի բեռի տակ մտնել և իրենց հարաբերությունները փչացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Սա է խնդիրը: Ուրեմն, կաշխատեն ջուր պղտորել, բայց դա ոչ մի էական նշանակություն չի ունենա, որովհետև որոշողը Ռուսաստանն է:
Եվ հետո, մեզ ոչ Բելոռուսը, ոչ էլ Ղազախստանն է հրավիրել Մաքսային միություն, այլ Ռուսաստանը: Եվ սա իրենք չեն կարող հաշվի չառնել: Հիշեք, Լուկաշենկոյի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի մինչև ՄՄ մտնելը, բայց Պուտինը ցույց տվեց, թե որքա?ն է այդ ճանապարհի <երկարությունը> ու Լուկաշենկոն ծպտուն չհանեց:
-Հայտնի է, որ Բելառուսն ու Ղազախստանը ակտիվ համագործակցում են թուրքական աշխարհի հետ, նրանք կկարողանա՞ն միության ներսում` Հայաստանի հետ հարաբերություններում, բալանս ստեղծել:
-Այո: Նրանք հնարավարություն կունենան առանձին-առանձին հարաբերվել այդ պետությունների հետ, բայց գտնվելով մեկ աշխարհաքաղաքական միավորի մեջ,
ուզեն, թե չուզեն պետք է հաշվի առնեն Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը, որովհետև այն կարևոր է գլխավոր դերակատար Ռուսասատանի համար: Ստեղծվում է աշխարհաքաղաքական բևեռ, ուժային կենտրոն, ուր առանց Հայաստան-Ռուսաստան բարյացակամ հարաբերությունների Ռուսաստանը չի կարող ակտիվ քաղաքականություն իրականացնել Մերձավոր ու Միջին Արևելքում: Եվ Ռուսասատանն ամեն ինչ կանի սուր անկյունները հարթեցնելու համար, իսկ հարցերը մեզ համար նպաստավոր լուծում կստանան, եթե հայկական կողմը չափազանց ակտիվ գործի: Մեր իշխանությունների ուշադրությունը պետք է հրավիրեմ մի կարևոր խնդրի վրա. չպետք է թույլ տալ, որ Հայաստանն ու Ռուսաստանը հարաբերվեն քաղաքացիական հասարակությունների` վերլուծական կենտրոնների, կազմակերպությունների, անհատների մակարդակով, չպետք է մեջտեղ բերել հայ-ռուսական պատմության դրվագները, մեր իշխանությունը չպետք է թույլ տա, որ լինի քծնանքի շքահանդես առ Ռուսասատան: Նման քայլերը կթուլացնեն մեզ: Երկու երկրները պետք է հարաբերվեն միմիայն պետական` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների, պետական կառույցների մակարդակով: Միայն այդ դեպքում Ռուսաստանից կստանանք առավելագույնը:
Ղազախստանի նախագահի խոսքում նաև այսպիսի շեշտադրում կար. Թուրքիան մեծ պետություն է ու ՄՄ հետ ընդհանուր սահման ունի: Այսինքն, փոքր ու սահման չունեցող Հայաստանին փորձ արվեց հակադրել մեծ ու սահմանակից Թուրքիայի գործոնը: Հուշարարի դերում Թուրքիա?ն էր:
-Թուրքիան մեծ է, բայց ոչ Չինաստան է, ոչ էլ ԱՄՆ: Թուրքիան աշխարհում առաջին ցեղասպանությունն իրականացրած պետությունը, ու եթե Նազարբաևը դա չի հասկանում, ուրեմն պետք է հասկացնել: Մյուս կողմից, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որի հետ Ռուսաստանը չի ուզում հարաբերվել: Թուրքիան նաև մի պետություն է, որը իսլամ է արտահանում աշխարհում, այսինքն Թուրքիան խնդրահարույց պետություն է: Թերևս հարկավոր է Նազարբաևին տեղեկացնել այդ երկրի մասին Հարվարդի համալսարանի պրոռեկտորի հետևյալ գնահատականը` Թուրքիան ճաքող պետություն է, այսինքն, ապագա ու կայունություն չունեցող երկիր: Նազարբաևը, նաև պետք է հասկանա, որ պետությունները կրոնով ու արյունով չէ, որ կողմնորոշվում ու քաղաքականություն են վարում: Չեմ կարծում, որ հուշարարը Թուրքիան է, Նազարբաևը ընդամենը իր հարաբերություններն էր ճշտում Պուտինի հետ:

-Բելոռուսի նախագահի հայտարարության հետևում և?ս չեք տեսնում ադրբեջանական գործոնի ազդեցությունը` ՄՄ նախաշեմին արդեն իսկ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար:

-Չեմ ուզում գերագնահատել Ադրբեջանի դերը: Առհասարակ, մենք հաճախ ենք Ադրբեջանին մեծ դեր վերագրում, համարում կայացած երկիր, բայց իրականում այդպես չէ, Ադրբեջանն ընդամենը նավթ արտահամող երկիր է, որը զարգացած չի կարող լինել: Ադրբեջանը աշխարհ է արտահանում միայն նավթ ու ԿԳԲ-ի գեներալի` Հեյդար Ալիևի արձանները և ուրիշ ոչինչ, քանի որ ոչինչ չունի արտահանելու: Եթե մշակույթ է արտահանում, ուրեմն իրենը չէ, գողացված է. Նիզամի է արտահանում, որը պարսիկ է, խոսում է գոգերի, ձիերի մասին, որոնք արցախյան են: Ի վերջո, եթե Լուկաշենկոն ու Նազարբաևը նման հայտարարություններ են անում, ուրեմն Պուտինի հետ ունեն հարաբերություններ ճշտելու խնդիր: Այսինքն, դա մե’ր խնդիրը չէ: Հետևաբար, պետք է կարողանան նաև Պուտինին բացատրել, թե իրականում ո?րն է իրենց նպատակը, ուզում են խանգարել Մերձավոր և Միջին Արևելքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը?, ուզում են, որ Ռուսաստանը չկարողանա? պաշտպանել Սիրիային, թե? ուզում են, որ չկայանա? Ռուսաստան-Իրան դաշինքը:
-Վտանգ չկա?, որ կարող են փորձել խաղաքարտ դարձնել Արցախյան հիմնախնդիրը:
-Դա էլ կարող են անել, բայց դա մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Նրանք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող Արցախից մեկ թիզ անգամ զիջել, չի կարող ստորադասել Արցախի շահերը: Եթե Լուկաշենկոն ու Նազարբաևը իսկապես քաղաքակիրթ են, ինչպես ներկայանում են, ուրեմն պետք է հարգեն ժողովրդի ինքնորոշմնան իրավունքը: Ասում են, թե խելագարվում են եվրոպական արժեքների համար, իսկ ինքնորոշման իրավունքը հենց եվրոպակա, համամարդկային արժեք է:
Իսկ այսօր մենք չպետք է տարվենք նրանով, թե ո?վ և ի?նչ է ասում, վերլուծաբաններն էլ չպետք է անվերջ խոսեն Բելոռուսի ու Ղազախստանի կարծիքների մասին, որովհետև մենք մեծ գործ ունենք անելու: Նոր իրողություն է ստեղծվել, Հայաստանը չկտրվելով Եվրոպայից իր հայացքը հառում է դեպի կոնֆուցիական մշակույթի երկրներ` Չինաստան, Վիետնամ, Հարավային Կորեա, Ճապոնիան, այս բևեռի հետ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի: Մենք էլ ունենք այնպիսի հնարավորություններ, որպիսիք չունի և ոչ մի երկիր, դա մեր սփյուռքն է: 17,18-րդ դարերի ընթացքում այդ երկրներում ձևավորված հայկական սփյուռքը կարող է հրաշալի միջնորդ դառնալ նրանց հետ մեր հարաբերություններում, նպաստելով հայոց պետականության հզորացմանը: Դիմում եմ Սփյուռքի նախարարությանը և առաջարկում Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին շտապ աշխատանքներ տանել այս ուղղությամբ, որոնել, գտնել կապերը, հայկական օջախները դարձնել այն բջիջները, որոնք կնպաստեն Հայաստանի և կոնֆուցիական մշակույթի երկրների միջև փոխշահավետ հարաբերություններին` բիզնեսի, տնտեսության, մշակութի ոլորտներում:
Այդ ժամանակ արդեն ոչ միայն կլռեն նազարբաևներն ու լուկաշենկոները, այլև Եվրոպան այլ աչքով կնայի մեզ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն