Հայաստանն ու ԵՄ-ն կգտնեն Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթի ձևը
Երեկ խորհրդարան ժամանած ՀՀ ԱԳ փոխնախարար ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք ճեպազրույցը փոխնախարարի հետ:
–Ի՞նչ կասեք Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականների առնչությամբ, մասնավորաբար, որ իրականցվում է արկածախնդիր քաղաքականություն, որ մեր երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ:
-Մեր երկրի նախագահը նման քաղաքականություն չի իրականացնում: Հայաստանը չունի հեղինակության կամ հեղինակության անկման խնդիր: Հայաստանն ունի գործընկերներ, որոնց հետ աշխատում է, գտնում ձևաչափեր, լուծումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակներից: Պետք է գիտակցել, որ Հայաստանի իշխանություններն իրականացնում են քաղաքականություն ելնելով մեր պետության անվտանգության, զարգացման շահերից : Հետևաբար, համագործակցում ենք մեր բոլոր գործընկերների հետ, իսկ Հայաստանի գործընկերներն են և՛ ԵՄ անդամ երկրները, և՛ աշխարհի տարբեր երկրներ, և՛ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ, կան հարցեր, որոնք լուծում են ստանում երկխոսությունների կամ քննարկումների միջոցով: Սա շարունակական աշխատանք է, որը վստահ եմ, կունենա իր դրական արդյունքները:
-Արցախը, որ վերջին տարիներին մշտապես համակարծիք է եղել ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքական գծին, այժմ սակայն հենց Արցախից են հնչում մտահոգություններ, թե ՀՀ իշխանությունների քաղաքականության արդյունքում վտանգված է Արցախի անվտանգությունը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Հայաստանն ու Արցախը դարերով են եղել միասին, իսկ արդեն 22 տարի է, որ միասին աշխատում են որպես պետական միավորներ: Եվ այդ աշխատանքը շատ սերտ է: Հարցին հակիրճ կպատասխանեմ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը մեկ միասնություն են:
–Մաքսային միության անդամ երկրների կողմից ԼՂ հիմնախնդիրը խաղաքարտ դարձնելու մտահոգություն չունի՞ Հայաստանը: Այս իմաստով մտահոգիչ չէ՞ր արդյոք Բոլոռուսի նախագահի հայտարարությունը՝ հաշվի նստել Ադրբեջանի հետ:
– Նախ Հայաստանը Ղարաբաղի առնչությամբ արտահայտել է իր քաղաքական դիրքորոշումը: Բացի այդ, որպես դիվանագետներ մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում և Բելոռուսի մեր գործընկերների: Այդ երկրի հետ մենք ունենք հարաբերություններ, որոնք առաջին օրը չէ, որ ձևավորվել են, կա պատմություն: Մենք Բելոռուսի հետ թշնամի երկրներ չենք: Երկխոսության, բանակցությունների միջոցով, որոնք կծավալվեն Հայաստանի ու ՄՄ անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելոռուսի ու Ղազախստանի միջև, կլուծվեն այդ հարցերը: Իսկ այդ բանակցային գործընթացն այսօր մեծ թափ է առնում: Եվ ես վստահ եմ, որ գործընթացը կհանգեցնեի գործընկերային համագործակցության, քանի որ այն ոչ թե պայքարի ու հակասության, այլ երկխոսության գործընթաց է:
-Վիլնյուսում միայն հուշագրի ստորագրումը բավարա՞ր է Հայաստանի համար
-Ձևն ու բովանդակությունը միմյանց հետ փոխկապակցված են: Կարևորն ու առաջնայինը բովանդակությունն է, ինչպե՞ս մենք պետք է ձևակերպենք այն բովանդակությունը, որի շրջանակում շարունակելու ենք աշխատել Եվրամիության մեր գործընկերների հետ: Սա էլ կարտացոլվի հստակ ձևի՝ փաստաթուղթի մեջ: Նոյեմբերին կկայանա վիլնյուսյան գագաթաժողովը, որից հետո կյանքը կշարունակվի իր բնականոն հունով, կշարունակվի նաև ԵՄ հետ մեր գործընկերությունը: Այսինքն, Վիլնյուսում ստորագրվելիքը չի լինի Հայաստան-ԵՄ վերջին փաստաթուղթը
-Այսինքն, փաստաթուղթ, այնուհանդերձ, կստորագրվի:
-Կրկնում եմ, մեզ համար առաջնայինը բովանդակությունն է: Ինչն էլ մենք կարտացոլենք ձևի՝ որևէ փաստաթղթի մեջ: Հայկական կողմն այսօր խորհրդակցում է իր եվրոպացի գործընկերների հետ, և ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ ձև կգտնենք:
-Իսկ ի՞նչ բովանդակություն կարող է արտացոլվել հնարավոր փաստաթղթում:
– Ներկայումս ՀՀ ԱԳ նախարարը գտնվում է Բեռլինում՝ այդ հարցերի ուղղությամբ աշխատանք տանելու նպատակով: Բովանդակության մեջ մենք կարտացոլենք ներկայիս իրավիճակն ու այն նպատակները, որ դնում են իրենց առաջ երկու գործընկերները՝ Հայաստանն ու ԵՄ-ն: Շարունակելու ենք այն օրակարգը, որը գոյություն ունի, իհարկե հաշվի առնելով ներկայիս իողությունները: Բնականաբար, Հայաստանն ու ԵՄ-ն շարունակելու են համագործակցել մեր երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, նաև կրթության, մշակույթի ոլորտներում, չի բացառվում, որ համագործակցություն լինի նաև տնտեսական ու առևտրային ոլորտներում: Այսինքն, Հայաստան-ԵՄ գործընկերությունը զարգանալու և խորանալու է տարբեր ուղղություններով:
-Իսկ ի՞նչ մակարդակով հայկական կողմը կներկայանաւ վիլնյուսյան գագաթնաժողովին՝ նախագահի՞, թե՞ նախարարների:
-Մենք մտադիր ենք մասնակցել հնարավորինս բարձր՝ ներկայանալի մակարդակով:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












