ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ հայտարարությունը
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունները տարածել են համատեղ հայտարարություն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների մասին:
ողմ լինելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու դրանց հետագա բնականոն զարգացմանը՝ նախեւառաջ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմանը, մենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններս, հայտարարում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններից անհրաժեշտ է բացառել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են՝
· Գոյություն ունեցող, այսպես կոչված, «ընդհանուր սահմանի» փոխադարձ ճանաչմանը, քանի որ նման ճանաչմամբ Հայաստանին պարտադրվում է ճանաչել նախկինում կնքված հակաօրինական եւ հակահայկական պայմանագրերը։
· Պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրության նպատակով միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը, քանի որ սրանով կվիճարկվեն Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով ծրագրված եւ իրականացված Հայոց ցեղասպանությունն ու հայրենազրկումը եւ բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից կատարվածը որպես մարդկության դեմ գործված հանցագործություն դատապարտելու փաստը։
Միաժամանակ հաստատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ հռչակված սահմանների եւ տարածքային ամբողջականության ամրագրմանը։
Կոչ ենք անում համայն հայությանը՝ համախմբվել այս կարեւորագույն քաղաքական ու պատմական նշանակություն ունեցող խնդրի շուրջ եւ այդպիսով նպաստել հայոց պետականության հիմնարար սկզբունքների ու համազգային նպատակների իրագործմանը՝ ապահովելով հայրենիքի հզորացումը։
Հայտարարության ներքո ստորագրել են «Դաշնակցություն» խմբակցության անունից՝ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը։












