Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ ՓՈԽԶԻՋՈՒՄ ԱՐԴԵՆ ԵՂԵԼ Է

Նոյեմբեր 7, 2013թ. 22:43

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

-Համանախագահների տարածաշրջան կատարած այցի նպատակը հասկանալի էր` սաֆարովյան գործարքից հետո ակտիվացնել փակուղում հայտնված ԼՂ բանակցային գործընթացը: Բայց արդյոք այսօր կա՞ կարգավորման իրական ռեսուրս, եւ համանախագահող երկրների նպատակն իրոք հիմնախնդրի իրական կարգավորո՞ւմն է, թե՞ պարզապես թույլ չտալը, որ իրավիճակի տեր դառնա միջնորդ գերտերություններից որեւէ մեկը:

-Նախ, եթե ռեսուրսներն իսպառ սպառված լինեին, համանախագահողները երկու երկրների նախագահների հանդիպում չէին ձեռնարկի:
Եվ երկրորդ՝ կարծում եմ, միջնորդ երկրներն իրոք ցանկանում են հասնել հակամարտության կարգավորման: Բայց բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանի ֆաշիստական դիրքորոշումը տեսանելի ապագայում անհնարին է դարձնում էական փոփոխությունների ակնկալիքը: Հակամարտության կարգավորում ասվածը նաեւ չի ենթադրում բոլոր հարցերի վերջնական լուծում, այն առաջին հերթին կայունության ու խաղաղության ապահովում է, ու այս կարեւոր քայլին են այսօր միտված Մինսկի խմբի ջանքերը: Այլ բան ակնկալելն ուղղակի միամտություն է:
Մի խոսք կա, ասում են` «պետք չէ կռունկ որոնել օդում, երբ ձեռքումդ արդեն մի ճնճղուկ կա»: Նկատենք, որ շնորհիվ Մինսկի խմբի ջանքերի, պահպանվող ստատուս քվոն եւս կարգավորման մի տարբերակ է, ինչն արդեն 20 տարի է, ապացուցել է իր արդյունավետությունը:

-Ստեղծվել է մի վիճակ, երբ ոչ միայն դժվար է ակնկալել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կոնկրետ տարբերակի շուրջ համաձայնության գալ, այլեւ դժվար է նման սպասելիք ունենալ նաեւ համանախագահող երկրներից։ Արեւմուտք-Ռուսաստան լարված մրցակցային հարաբերությունները չե՞ն փոխել իրավիճակը, եւ արդյոք դրանք չե՞ն ներազդի հիմնախնդրի կարգավորման վրա:

-Հարցը բազմաբովանդակ է, ներկայացնեմ շերտ առ շերտ:
Նախ ասեմ, որ, չգիտես ինչու, շատերն ակնկալում են հասնել տեսական կարգավորման՝ մոռանալով, որ մենք արդեն իսկ ունենք իրական կարգավորում: Ոմանք կարծում են, թե հակամարտության կարգավորումն անպայման ենթադրում է ինչ-որ փոխզիջումներ կամ սահմանների փոփոխություն, նրանք չեն գիտակցում, որ այն, ինչ ունենք, արդեն իսկ կարգավորման տարբերակ է:
Չեն ուզում ընկալել, որ փոխզիջումներն արդեն իսկ եղել են մարտի դաշտում, վերջապես պատերազմն էլ է փոխզիջման հասնելու մեխանիզմ, ու մենք դրան հասել ենք 1988-1994 թթ. պատերազմի ժամանակ: Հայ ժողովուրդն իր ճակատագիրն ինքնուրույն է տնօրինում, ի դեպ, սա մենք էլ պետք է գիտակցենք, եւ այս գիտակցությանը հակադրվող ցանկացած մոտեցում կնշանակի ոչ հարգալից վերաբերմունք Արցախի պետականության հանդեպ:
Ինչպես ասացի, իրականությունն այսօր այն է, ինչ կա պատերազմի հետեւանքով ձեռք բերված փոխզիջումից հետո: Ու հիմա միջազգային հանրությունը պետք է այնպես անի, որ հակամարտության կարգավորումը դիվանագիտական խողովակներից հանկարծ չտեղափոխվի ռազմական հարթություն:
Իսկ եթե շատ են ուզում, որ լինի նաեւ կարգավորման տեսական տարբերակ, ուրեմն այն պետք է համապատասխանեցնեն իրականությանը: Դրա համար հարկավոր են մի շարք նախապայմաններ. առաջին՝ կողմերը պետք է համաձայնվեն այս կամ այն տարբերակի շուրջ. ինչն այսօր բացակայում է, երկրորդ՝ այո, նաեւ գերտերությունները պետք է ունենան միասնական մոտեցում:
Բայց նրանք չէ, որ որոշում են այդ փաթեթի բովանդակությունը, նրանք հաշվի առնելով կողմերի մոտեցումները՝ ներկայացնում են ինչ-որ փաստաթուղթ, որի շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Նման բազմաթիվ փաստաթղթեր են պատրաստվել դեռ 1998-ից սկսած` փուլային ու փաթեթային տարբերակներից մինչեւ Կազան ու Մադրիդյան սկզբունքներ: Բայց քանի որ կողմերն ունեն լուրջ անհամաձայնություններ ու տարբեր փիլիսոփայություն, ոչինչ չի ստացվում:
Ադրբեջանը հակամարտությունը դիտում է որպես հողի խնդիր, մենք` որպես մեր կյանքի, մեր ապագայի ու մեր անվտանգության խնդիր: Ուրեմն դժվար թե գտնվի ինչ-որ մի տարբերակ, որը կարող է դառնալ, այսպես կոչված, տեսական կարգավորման հիմք: Մինչդեռ, ի տարբերություն կողմերի, միջնորդ երկրները գոնե մեկ հարցում այսօր համակարծիք են, դա կայունության ու խաղաղության պահպանումն է:

-Ռուս քաղաքական մեկնաբան Մաքսիմ Շեւչենկոն օրերս ադրբեջանական «Նովոստի-Ազերբայջան» գործակալությանը տված հարցազրույցում ուշագրավ «շերտեր» է բացում. նախ կարծում է. «ԼՂ հարցում առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել»: Ապա առաջարկում` ձեւավորել խնդրի լուծմամբ շահագրգիռ նոր դաշինք, որում չեն լինի ԱՄՆ-ը, Իսրայելը, երկրներ, որոնք, ըստ քաղաքագետի, երկարաձգում են խնդրի կարգավորումը: Սա անակնկա՞լ «բացահայտում» է հայկական կողմերի համար:

-Ոչ, սա ընդամենը սենսացիոն հայտարարություն է, թերեւս քաղաքագետը նպատակ ունի, որ խոսեն իր մասին: Նրա կարծիքները ես կհամարեմ սկսնակ քաղաքագետի պոպուլիստական կրակոցներ: Չեմ հասկանում, ի՞նչ կապ ունի Իսրայելը, որն անգամ Մինսկի խմբի միջնորդ երկիր չէ:
Սրա նմաններին պետք է ասեմ, որ չարժե զուր ճիգեր գործադրել ու հակամարտության կարգավորման գործընթացը տեղափոխել Ռուսաստան-Արեւմուտք հարթություն: Գիտեք, այս տարիներին քանի՜-քանի՜ շեւչենկոների ենք տեսել ու դեռ կտեսնեք: Առանց նրանց ավելորդ ճիգերի էլ Ադրբեջանը մշտապես խոսում է ռազմական գործողությունների մասին, ավելին՝ այն դարձրել է իր պետականաշինության հիմքը, շանտաժի ենթարկելով միջազգային տարբեր կառույցների՝ նրանցից կորզում է ֆինանսական հսկայական միջոցներ, սա էլ քաղաքական ռեկետի յուրահատուկ ձեւ է:
Գուցե նման քաղաքագետները, ակնարկելով ռազմական միջամտության մասին, ուզում են, որ Արցախի դրոշը հայտնվի Բաքվի նախագահականի վրա՞, սա էլ, թերեւս, տարբերակ է:
Իսկ մենք այս ամենը պետք է անտեսենք ու շարունակենք զարգացնել մեր պետությունը, ուժեղացնել մեր բանակը, քանի որ փոքր-ինչ թուլացումից անպայման կօգտվի թշնամին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն