Գլխավոր » NKR, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՇԱՐՔԱՅԻՆ ՍՏԱԽՈՍ Է

Նոյեմբեր 10, 2013թ. 22:14

ՌուբենՕրերս Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած լսումների ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Օգանը հայ-թուրքական սահմանը բացելու, երկաթուղին վերանորոգելու վերաբերյալ հարցեր ուղղեց ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Թուրք նախարարի պատասխաններում տեղ գտած շեշտադրումների ու այլ հարցերի շուրջ է մեր զրույցը թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

-Թուրք պատգամավորի հարցը, թե Հայաստան-Թուրքիա երկաթգծի վրա կատարվող աշխատանքները ենթադրո՞ւմ են սահմանի բացում, Դավութօղլուն չհերքեց` ասելով. «Եթե մենք կարողանանք ստանալ Ադրբեջանի համաձայնությունը, դա կարող է անակնկալ դառնալ»: Թուրքիան, իրո՞ք, այս հարցում կաշկանդված է Ադրբեջանով, թե՞ սա թուրք-ադրբեջանական քաղաքական հնարք է՝ տպավորություն ստեղծելու թե Թուրքիայի ձեռքերը կապված են Ադրբեջանով:
– Գուցե համաձայնեցված քաղաքականություն է, որտեղ ամեն մեկն ունի իր դերակատարումը, բայց սա նախ թուրքական նախապայմանների կրկնությունն է՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները պայմանավորել Ադրբեջան-ԼՂՀ հակամարտությամբ:
Ինչ վերաբերում է Դավութօղլուին, նա շարքային խաբեբայի մտածողությամբ գործիչ է: Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող մարդը բազմիցս է աշխարհի ամենաբարձր ամբիոններից շարքային ստեր ասում, աշխարհի «աչքերին» նայելով կեղծիքը ներկայացնում որպես իրականություն: Դավութօղլուի այս հայտարարությունը եւս հերթական ստերի շարքից է, քանի որ այսօր որեւէ լուրջ քննարկում հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ՝ թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային, չի ընթանում:
-Այսինքն՝ երկաթուղու շինաշխատանքների կատարումը եւս թուրքական բլեֆ է:
-Կեղծիքը որպես իրականություն մատուցելու եւ որոշակի ֆոն ստեղծելու համար չեմ բացառում, որ երկաթգծի վրա ինչ-որ իմիտացիոն աշխատանքներ կատարվեն: Բայց բոլորի համար պարզ է՝ հարցը ոչ թե տեխնիկական է, այլ զուտ քաղաքական:
-Դավութօղլուն իր խոսքն ավարտում է թուրքական հայտնի դիրքորոշմամբ. «Մեր պահանջն է, որ Հայաստանը ազատի Ղարաբաղը», եւ հավելում՝ այդ դեպքում սահմանները կբացվեն, կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը: Չե՞ք կարծում, որ թուրք պատգամավոր-ԱԳ նախարար հարցուպատասխանն ամենեւին պատահականություն չէր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին:
-Ամենեւին չեմ բացառում: Արցախյան հիմնախնդրի ադրբեջանամետ լուծումը թուրքական քաղաքականության գերնպատակներից է, եւ Դավութօղլուն դարձյալ պտտեցրեց այդ մաշված ձայնասկավառակը:
Ինչը, ի դեպ, թուրքական քաղաքականության թուլության դրսեւորում է, երբ երկկողմ հարաբերությունները պայմանավորում են երրորդ երկրի հետ ունեցած հարաբերություններով: Սա նաեւ ցույց է տալիս թուրքական կողմի հայտարարությունների սնանկությունն ու դեմագոգիկ բնույթը, երբ կառուցողականության տպավորություն են ստեղծում, մինչդեռ այն ընդամենը քող է:
Պետք է նաեւ հաշվի առնել, թե ով էր հարց տվող պատգամավորը: Նա հայոց պատմության կեղծարարարությամբ զբաղվող «հայագետներից» է, հակագիտական գրքերի հեղինակ: Թուրքիայի խորհրդարանում այսօր կան երեք հակահայ «հայագետներ», որոնք տարբեր կուսակցությունների խողովակով դարձել են պատգամավորներ ու խորհրդարանում երբեմն-երբեմն նման հարցադրումներ են դնում շրջանառության մեջ:
– Իսկ ի՞նչ էր ակնարկում թուրք նախարարը՝ ասելով. «Երկաթուղու վրա աշխատանքները կատարվում են 2015-ին ընդառաջ նախապատրաստական աշխատանքների շրջանակներում»:
-Սա բացահայտ խոստովանություն էր. Դավութօղլուն հրապարակավ ասաց, որ իրենց իմիտացիոն կոմբինացիաները միտված են 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին սպասվող գործընթացների ուժգնության թուլացմանը: Եվ այս տրամաբանությամբ են փորձում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման տպավորություն ստեղծել:
Նկատեմ, որ թուրքական շողոքորթության ու կեղծիքի հասցեատերն իրականում արեւմտյան քաղաքական վերնախավն է: Չեմ բացառում, որ Արեւմուտքին եւս ձեռնտու են թուրքական անտրամաբանական փաստարկներն ու պատրվակները, որպեսզի իրենք էլ հնարավորություն ունենան խուսափելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց:
-Անշուշտ պատահականություն չէր Թուրքիայում տաբու թեմաներից մեկի` մահմեդականացված հայերի թեմայի շուրջ գիտաժողովի կազմակերպումը՝ 100-ամյա տարելիցին ընդառաջ:
-Իհարկե. ներկայացնեմ մեկ-երկու նկատառում:

Անձամբ ներկա չեմ եղել, բայց հետեւելով գիտաժողովի աշխատանքներին, համոզվեցի՝ կարմիր թելի պես անցնում էր այն գաղափարը, որ Թուրքիան ժողովրդավարանում է, ու իբրեւ փաստարկ բերվում էր սույն գիտաժողովի հրավիրումը: Մինչդեռ անգամ գիտաժողովի վերնագրից նկատելի էր կեղծիքը՝ «իսլամացված» բառում «վ» տառն առնված էր փակագծերում՝ ի ցույց դնելով, թե հայերի մի մասը կամովին է ընդունել իսլամը, ուրեմն բռնության գործադրման, ցեղասպանության մասին խոսելն ավելորդ է:
Իսկ հիմա նշեմ, թե ովքեր են եղել գիտաժողովի մասնակիցները: Նախ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքս իսլամացված հայերի թեմայով երկու մենագրության եւ 20-ից ավելի հոդվածների հեղինակ եմ, թուրքական կողմը ինձ հրավիրեց մասնակցելու գիտաժողովին, բայց երբ ես նրանց ուղարկեցի իմ թեզիսները, որ հիմնված էին լրջագույն փաստարկների վրա՝ մերժեցին հրավերը: Եվ իմ փոխարեն հրավիրեցին հայ ուսանողների, ասպիրանտների, որպեսզի ընդամենը ապահովեն հայկական կողմի ցուցադրական ներկայությունը:
-Ամենայն Հայոց կաթողիկոսը օրերս ընտրվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ. կարո՞ղ ենք այդ հարթակը տեղին օգտագործել Հայոց ցեղասպանության խնդիրը շրջանառելու, փաստերի վրա ուշադրություն հրավիրելու տեսանկյունից:
-Հայոց ցեղասպանության հարցում թուրք-ադրբեջանական կողմի ու նրանց լոբբիի դեմ մեր պայքարի կարեւոր ճակատներից են նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններն ու ամբիոնները: Թուրքերը երբեք նման առիթները բաց չեն թողնում: Հիշենք տխրահռչակ Չավուշօղլուին, որն իբրեւ թե եվրոչինովնիկ էր, բայց կատարում էր թուրք ազգայնամոլական գործչի քայլեր:
Այո, կարծում եմ, մենք պետք է կարողանանք Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դարձնել կարեւոր հարթակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր հարցեր, փաստեր բարձրացնելու համար: Դրա համար հարկավոր է նախ մանրամասնորեն ուսումնասիրել խորհրդի կառուցվածքը, ընտրել ճիշտ մարտավարություն, իսկ հայ գիտական ու քաղաքական միտքը ուղղել սատարելու Վեհափառ հայրապետին՝ ավելի մշակված ու դիպուկ քայլեր իրականացնելու նպատակով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել NKR, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն