ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍՏԱՆՁՆԵԼ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐ
Հարցազրույցը տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ
– Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրն այլևս ստորագրված է: Ծանո՞թ եք հուշագրի բովանդակությանը, ի՞նչ է այն ենթադրում:
-Հուշագրի բովանդակությունը մանրամասնորեն հասու չէ հանրությանը, հայտնի է այնքանով, որքանով տեղեկատվություն տարածեցին լրատվամիջոցները: Իսկ, ընդհանուր առմամբ, ստորագումը պետք է դիտարկել որպես կարևոր քայլ այդ համագործակցության դաշտում: Ստորագրումը միաժամանակ փարատեց այն կասկածները, թե անորոշ ժամանակով հետաձգվելու է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը:
-Հայտնի է, որ հուշագրում մասնավորապես արծարծվել են սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման, հակամենաշնորհային կանոնակարգման, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցեր:
-Այո, սրանք այն բարեփոխումներն են, որոնք պարտադիր են ցանկացած երկրի համար՝ ցանկացած միությանն անդամակցելիս: Ուզում եմ մի կարևոր հանգամանք շեշտադրել. Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին շատ ավելին է արել իր օրենսդրությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու գործում: Հայաստանի արձանագրած առաջընթացը գնահատվեց նաև ԵՄ կողմից: Սա նշանակում է՝ Հայաստանը ԱՊՀ անդամ երկրներից, եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկն է, որ նման առաջընթաց է արձանագրել:
-Այդ դեպքում, հայկական կողմը, որ դեռ մի քանի քայլ էլ առաջ է բարեփոխումներում, ինչպե՞ս կարող է իր օրենսդրությունը համապատասխանեցնել նորաստեղծ միության օրենսդրությանը:
-Մեր երկիրը, պարզապես, եղածը պետք է համաձայնեցնի Մաքսային միության հետ, քանի որ ՄՄ ու ԵՄ կանոնները տարբեր են: Մյուս կողմից, այո, կարծում եմ, որ Հայաստանը կառուցվածքային բարեփոխումների առումով կարող է Մաքսային միությունում լիովին ստանձնել առաջատարի դեր, որովհետև, ո՜չ Ռուսաստանը, ո՜չ առավել ևս Բելոռուսը, թերևս որոշ չափով Ղազախստանը, նման նշաձողի չեն հասել, ինչին հասել է Հայաստանը: Ի վերջո, անդամ երկրներն էլ իրենց օրենսդրությունը պետք է պարտադիր ձևով համապատասխանեցնեն միջազգային չափորոշիչներին: Վերջապես, բոլորն էլ նույն ճանապարհով են ընթանում, օրինակ, Ռուսաստանն անդամակցելով առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ստանձնել է պարտավորություններ ու իրականացրել կառուցվածքային բարեփոխումների իր բաժինը: Այս ամենը փաստում են այն մասին, որ այն խոչընդոտները կամ տարբերությունները, որոնք այսօր թույլ չեն տալիս մեզ միաժամանակ լինել և՜ ՄՄ, և՜ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի անդամ՝ արհեստածին են: Այդ հարցերը մի օր կհստակեցվեն Մոսկվա-Բրյուսել հարաբերություններում: Իսկ այսօր Հայաստանի օրենսդրության համապատասխանեցումը տարածաշրջանային տնտեսական միավորին՝ ՄՄ-ին, պարտադիր է, քանի որ դա խաղի կանոնների համաձայնեցում է: Ինչը բնականոն գործընթաց է:
-Բնականո՞ն նաև այն, որ հուշագրով նախատեսված ՀՀ բոլոր գերատեսչությունները պետք է միանան ՄՄ մարմինների՞ն:
-Իհարկե, նաև պարտադիր պայման է: Եթե երկիրն ինտեգրվում է, ուրեմն պետք է ինտեգրվի բոլոր կառույցներով, որևէ կառույց չի կարող դուրս մնալ և ինքնագլուխ որոշումներ կայացնել: Ավելին, ոչ միայն պետական, այլև ոչ պետական կառույցները պետք է միանան, ասենք, օրինակ, Առևտրային պալատը, որը չնայած հասարակական կազմակերպություն է, բայց քանի որ տարբեր առևտրային գործարքների ժամանակ ինքն է տալիս թույլատվություններ, հետևաբար, պետք է առաջնորդվի պետության ընդհանուր ուղեգծով:
-Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը օրերս հայտարարեց, թե գազի գնի թանկացման հետևանքով առաջացող տարբերության սուբսիդավորման հարցը կլուծվի ՄՄ լույսի ներքո: Ասվածից կարելի է ենթադրել, որ ՄՄ անդամակցմամբ գազի գնի հարցում շահում ենք:
-Միանշանակորեն շահում ենք, այն կլինի ավելի էժան: Նախարարի խոսքը պարզ ու հասկանալի է՝ Հայաստանը, եթե անդամակցում է Մաքսային միությանը, իբրև արտոնություններ ստանում է այն սակագները, որոնք գործում են ՄՄ տարածքում:
– Ի տարբերություն եվրոպացիների, ռուս գործընկերները նաև բարձրաձայնում են՝ Հայաստանի համար կարևոր խնդիր է տրանսպորտային շրջափակումից դուրս գալը: Դրան անդրադարձավ նաև Հայաստան ժամանած Ն. Ռիժկովը, ասելով.ՙԱբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումն այն թելն է, որը հնարավորություն կտա Հայաստանին դուրս գալ տրանսպորտային շրջափակումից՚: Կարո՞ղ ենք լավատես լինել նաև այս հարցում:
-Ես լավատես եմ, բացատրեմ, թե ինչու: Առաջին, աբխազական երկաթուղու շահագործման հնարավորություններն ընդլայնվում են և դա են փաստում նախնական համաձայնությունները: Երկրորդ, Հայաստանի երկաթուղին հանձնված է լիազորային կառավարման ռուսական երկաթուղիներին, ուրեմն, վերջինս առավել ևս շահագրգիռ կողմ է այս հարցում: Երրորդ դրական գործոնն այն է, որ Վրաստանի նորընտիր իշխանություններն արդեն իրենց պատրաստակամությունն են հայտնել բարելավելու, ջերմացնելու իրենց հարաբերությունները և՜ Հայաստանի, և՜ Ռուաստանի հետ:
– Նիկոլայ Ռիժկովը շեշտեց մի կարևոր միտք ևս, թե երկրները կունենան երկուստեք պարտավորություններ Հայաստանին տրանսպորտային շրջափակումից դուրս բերելու հարցում:
-Խոսքը պարտավորվածության մասին է և նշանակում է, որ Աբխազական երկաթուղու շահագործման հարցը ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլև դառնում է ՄՄ խնդիր: Միության անդամ երկրները պետք է աջակցեն առանց սահմանափակումների առևտրի իրականացմանը, և դա միայն սակագներին չի վերաբերում, այլև տրանսպորտային հաղորդակցություններին:
-Հայկական ատոմակայանի կյանքի երկարացման որոշումը ևս կայացվեց, ռուսական կողմն իր վրա վերցրեց 35%-ն ու սարքավորումների մատակարարումը: Այս օրերին Ռուասատանի գործնական քայլերն, արդյո՞ք, չեն հաստատում, որ Հայաստանի կայացրած որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը, ոչ միայն տեղին ու ժամանակին է, այլև լիովին բխում է մեր երկրի՝ պետական ու էներգետիկ անվտանգության, տնտեսական շահերից:
-Նախ, մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությանը, ինչը մի քանի անգամ հետաձգվել է ֆինանսական աղբյուրների անբավարարության պատճառով: Մեզ համար ձեռնտու է ՄՄ անդամակցումը նաև այն առումով, որ առկա իրողությունները մեզ պարտադրում են ստանալ երաշխիքներ մեր երկրի՝ ներառյալ էներգետիկ անվտանգության համար: ՄՄ անդամակցումը ձեռնտու է նաև, որովհետև պատրաստի արտադրանք ենք իրացնում, և վերջապես, ՄՄ-ն նաև քաղաքական շահեր է հետապնդում, որոնք այսօր զուգահեռվում են Հայաստանի շահերին: Բայց մենք երբեք չպետք է մեր առաջ ՙկամ… կամ՚-ի խնդիր դնենք: Եվ նրանք, ովքեր միակողմանի հարաբերությունների կողմնակից են ու կարող են դրոշակ թափահարել միայն ՄՄ-ի, կամ միայն ԵՄ-ի համար՝ սխալվում են: Անդամակցելով ՄՄ-ին, մենք պետք է սերտ կապեր պահպանենք Եվրամիության հետ, որովհետև երկրների հետ հարաբերություններում չեն կարող լինել տաբուներ:
Իսկ մենք պետք է ակտիվ լինենք և՜ քաղաքական, և՜ տնտեսական դիվանագիտության մեջ, ու կարողանանք մեր ազգային շահերն առաջ տանել՝ տքնաջան, լրջագույն աշխատանքով, ինչը, ցավոք, կառավարության կողմից դեռևս բավարար մակարդակով չի ստանում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












