Գլխավոր » Լրահոս

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐ ԼԵԶՈՒ Է ՈՒԶՈՒՄ

Նոյեմբեր 12, 2013թ. 09:52

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում հանրապետության նախագահի կողմից վերաառաջադրված Իշխան Զաքարյանը դեռ անցած շաբաթվանից ակտիվ հանդիպումներ էր ունենում ԱԺ խմբակցությունների հետ, եւ լրագրողների աչք ու ականջից հեռու՝ ազատ ռեժիմով, պատասխանում մասնավորաբար ընդդիմադիրների «սուր-սուր» հարցերին:
Ու չնայած դրան, ընդդիմությունը «tet a tet»-ով չբավարարված, երեկ դարձյալ տրվեց գայթակղությանն ու, ինչպես սպասվում էր, ՎՊ նախագահի վերընտրությունը վերածեց իշխանության հասցեին «հիշոցներ» հնչեցնելու հարմար առիթի: Նախ, հիշեցրին Իշխան Զաքարյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած սենսացիոն բացահայտումները՝ պահանջելով նրանից տալ իր իսկ խոսքերի պատասխանները:
«Բոլորդ հիշում եք, որ Իշխան Զաքարյանն այստեղից կաբել էր ցույց տալիս եւ ասում, որ այն շուկայում արժի 120 դրամ, բայց գնել են պետական միջոցներից հարյուրավոր անգամ բարձր գնով»,- հիշեցնողը ՀԱԿ պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էր: Ու քանի որ այդ ամենը տեղի է ունեցել հանրության աչքի առջեւ, ուրեմն հանրության ականջին լսելի ձայնով Զաքարյանը պետք է պարզաբանի՝ ի՞նչ կաբել էր, ո՞վ էր գնել եւ ի՞նչ արժեքով:
«Պարոն Զաքարյան, ձեզանից պահանաջում եմ ասել՝ թալանվե՞լ են պետական միջոցները, 700 մլրդը թալանվո՞ւմ է, թե՞ չԷ: Դուք ասում եք՝ կոռուպցիոն ռիսկի տակ է, կառավարությունն ասում է՝ այդպես չէ։ Լավ, էս ժողովուրդն ի՞նչ պետք է մտածի, որ ներիշխանական կլանների կռիվներ են, որոնք իրար վերագրում են, հետո գնում կաբինետներում ռազբիրատ են անում, ամեն մեկն էլ իր փայն է տանում»:
Այս խոսքի վրա պատգամավորը շրջանցեց պետականն ու հասավ Զաքարյանի սեփական «փայերին», հասկացնելով, թե իրենից պրծում չկա՝ թեման ցրել-մրել չկա, ուրեմն որտեղի՞ց նախկին ՎՊ նախագահին մի քանի մլն դոլար արժեցող առանձնատունը. «Ասեք՝ ո՞նց եք արել, որ հարստացել եք»:
Պատգամավորներից մի քանիսն էլ ուզում էին հասկանալ, թե վերընտրվելու դեպքում Ի.Զաքարյանը կարո՞ղ է աշխատանքի արդյունավետ մեխանիզմներ ներդնել, այնպես անել, որ հանցագործություն կատարողները չճողոպրեն պատասխանատվությունից:
ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ իր հերթին հիշեցրեց՝ տեսանք, թե կառավարությունն ինչպես արձագանքեց ձեր աղմկահարույց բացահայտումներին, այն համարելով «ֆիկցիա, ուղեղի մորմոք»: Մտավախություն ունենալով, թե դարձյալ կհնչի իշխանավորին պատասխանատվության ենթարկելու մեզանում «դասական» դարձած օրինակը, պատգամավորը կանխեց այն՝ ասելով. «Հիմա դուք էլի օրինակ կբերեք Վազգեն Խաչիկյանին, թողեք նրան, թող մնա որպես այդպիսին՝ թանգարանային եզակի նմուշ», իսկ այսօր ժամանակն է բռնել իրական գանձագողերի ձեռքը:
«Դուք լուրջ դեմքով ասում եք՝ անկախ մարմին եք, մենք էլ լուրջ դեմքով ձեւացնում ենք, թե հավատում ենք: Սա ընդամենը ներկայացում է». ընդդիմադիր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ համոզված է, որ ՎՊ-ն չի կարող լինել անկախ, որովհետեւ նույնն է թե քրեակատարողական հիմնարկի «սմենի պետը» հսկի քրեակատարողական հիմնարկի ներքին խնդիրները, իսկ. «Զաքարյանն այս մեծ քրեակատարողական հիմնարկի պետն է ու չի կարող անկախ գործել»:
Այս ամենից դուրս գալու ելք առաջարկեց ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ նկատելով, թե հեծանիվ հնարել պետք չէ, այլ ընդամենը քաղաքական կամք դրսեւորել եւ վերահսկման հիմնական լծակները՝ ՎՊ նախագահի պաշտոնը, տալ ընդդիմությանը: Պատգամավորը հորդորեց իշխանությանը՝ չվախենալ դրանից:
Պա հո՛, «պարզվում է, որ ընդդիմությունը երկար լեզու է ուզում: Տանք էդ երկար լեզուն, ավելի երկարացնենք, էնքան, որ ծավալներով գնա ու գա, ճոճվի…»,- ընդդիմության քարոզչական ելույթներից հետո ամբիոնի մոտ խորհրդարանական մեծամասնության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ էր։
Չդիմանալով ընդդիմադիրների պոպուլիզմի ծանրությանը, նա հայտարարեց. «Մարդկանց անուններ եք թվարկո՞ւմ, գիտե՞ս, այ տղա ջան, տուր դատարան, փաստեր ունե՞ս՝ խոսի: Էս պոպուլիզմի ամբիոն չի, ստեղ լուրջ մարդիկ են, եւ մի մտածեք, որ էն դաշտն է, անտեղի դաշտ է, դուք էլ ջուր չունեք՝ գաք մտածեք՝ էս դաշտի ջրվորն եք: Եկել եք՝ էսպես ցնորամիտ, իրոնիայով խոսակցություններ եք խոսում»:
Ի պատասխան այն ընդդիմախոսների, թե վերանշանակվող Զաքարյանից այլեւս քննադատական խոսք չեն լսելու, որովհետեւ «ձայնի տոնն է բարակել, ասելիքն էլ քչացել է», Սահակյանը հեգնեց, ասելով. «Հոռետեսի նկրտումներով ասում եք՝ է՛հ, խեղճ Իշխան Զաքարյան, ամբիոնից էլ նման բաներ չի ասի», ու հանգստացրեց՝ հենց ՀՀԿ-ն է շահագրգիռ, որ ասվի, ավելին՝ Հանրապետականն ինքն է աջակցում ու սատարում կառույցին, որ բացահայտումներ լինեն:
Թեպետ քննարկումը հետաձգվեց ու այսօր տեղի կունենա, բայց երեկ արդեն իսկ պարզորոշ էր քվեարկության պատկերը. այսպես ՝ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն կողմ են քվեարկելու Զաքարյանի վերընտրությանը, ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
Այլ իրավիճակ է, սակայն, ընդդիմության մյուս հատվածում: Մեկմեկու հանդեպ անվստահությունն առավել սրել է մթնոլորտը, իսկ, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մտահոգ է՝ հանկարծ չկրկնվի՞ այն, ինչ տեղի ունեցավ գլխավոր դատախազի ընտրության ժամանակ, երբ ընդդիմադիրները հրապարակավ ջերմեռանդորեն դեմ արտահայտվեցին Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը, բայց, օգտվելով քվեարկության գաղտնիությունից, կողմ քվեարկեցին իշխանության թեկնածուին:
Զուրաբյանն իր ելույթում մտահոգությունը բաց տեքստով արտահայտեց, նախ անուն առ անուն հիշեց իր ընդդիմադիր գործընկերներին ու նկատեց, չնայած նրանց չի կասկածում, բայց որպեսզի ընդդիմությունը հերթական անգամ հրապարակավ չխայտառակվի՝ ՀԱԿ-ը նախընտրում է ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն