ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի սկզբներին Հարավային Կորեայի Պուսան քաղաքում տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի որոշոմամբ այս համաշխարհային էկումենիկ կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող միջոցառումներին։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդին անդամակցում են աշխարհի շուրջ 110 երկրներում բնակվող մոտ 560 միլիոն քրիստոնյա հավատացյալներ։ 2011 թվականի տվյալներով՝ այդ կազմակերպությանը մաս էին կազմում 349 ավետարանչական, անգլիկան, ուղղափառ եւ հին արեւելյան եկեղեցիներ, որոնցից մեկն էլ Հայ Առաքելական եկեղեցին է։ Կազմակերպությունը հիմնվել է 1948 թվականին՝ Ամստերդամում տեղի ունեցած իր հիմնադիր համաժողովում (ասամբլեայում), իսկ նրա կենտրոնակայանը գտնվում է Ժնեւում։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ղեկավար մարմինը Գլխավոր համաժողովն է, որը հրավիրվում է 6-7 տարին մեկ եւ ընտրում 8 հոգուց բաղկացած նախագահություն եւ 150 անդամ ունեցող Գլխավոր կոմիտե, որն էլ ամեն տարի հավաքվելով՝ որոշում է ընթացիկ քաղաքականությունը։
Այդ նպատակով սահմանվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոն, որը 2009 թվականի օգոստոսի 27-ից զբաղեցնում է նորվեգացի պաստոր Օլաֆ Ֆյուկսե Թվեյթը։
Օրերս Պուսանում տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովում միաձայն քվեարկությամբ նրա 8 նախագահներից մեկն է ընտրվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Քանի որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը միջեկեղեցական ու էկումենիկ խնդիրներից զատ զբաղվում է նաեւ ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության, արդարության ու խաղաղության հարցերով, ապա ակնհայտ է դառնում, որ 2015 թվականին լրացող Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին հայոց եկեղեցու հովվապետի ընտրությամբ իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին։
Դրա վառ վկայությունն է այն, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովը հատուկ հայտարարությամբ որոշել է նաեւ իր անմիջական մասնակցությունն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։
Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների հարցն արծարծվել է բազմաթիվ միջազգային ատյաններում, այդ թվում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախորդ համաժողովներում, հայտարարությունը 3 կետից բաղկացած կոնկրետ հանձնարարական է տվել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին։
Դրանցից առաջինով հանձնարարվում է 2015 թվականի ապրիլի 24-ի նախօրեին Ժնեւում կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչման ու նրա համար հատուցման հարցերին նվիրված միջազգային համագումար՝ միջազգային իրավունքի մասնագետների ու ցեղասպանագետների մասնակցությամբ։
Հանձնարարականի երկրորդ կետով նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ժնեւի մայր տաճարում կազմակերպել հոգեւոր արարողություն։
Եվ վերջապես երրորդ կետով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Պուսանի համաժողովը կոչով դիմել է իր անդամ բոլոր եկեղեցիներին, որպեսզի նրանք եւս ոգեկոչեն 1915-ի հայ նահատակների հիշատակը եւ աշխատանքներ ծավալեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։
Այսպիսով՝ աշխարհի 110 երկրներում գործող 349 եկեղեցիների շուրջ 560 միլիոն անդամ ունեցող այս ամենաազդեցիկ էկումենիկ կազմակերպությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին՝ 2015 թվականին նախատեսվող Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ միաժամանակ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու նրա համար արդարացի հատուցման հասնելու հարցերում։
Այս որոշումներն անկասկած կարեւոր նշանակություն կարող են ունենալ քրիստոնյա աշխարհի ոչ միայն հոգեւոր, այլեւ քաղաքական առաջնորդներին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Պուսանի համաժողովի հայտարարության մեջ նշված նպատակների իրականացմանը մասնակից դարձնելու եւ հայ ժողովրդի արդարացի պահանջներին միջազգային լայն աջակցություն ապահովելու գործում։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
<Հայոց Աշխարհ>












