Ի՞նչ նպատակ է հետապնդում <Ժառանգությունը>` ԼՂՀ ճանաչման մասին իր արկածախնդիր օրինագծով
Արցախյան հիմնախնդին առնչվող ցանկացած հարցադրում չափազանց զգայուն է ընկալվում թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի կողմից: Ավելին՝ այն մեր ազգային բացառիկ հիմնախնդիրներից է, որի շուրջ հայաստանյան բազմաշերտ ու բազմադեմ քաղաքական դաշտում կա կոնսենսուս:
Հետեւաբար երբ ամեն անգամ «Ժառանգություն» խմբակցությունը օրենսդիրի սեղանին է դնում «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, քաղաքական ուժերի՝ դիմադիր թե ընդդիմադիր հատվածներն արտահայտում են միեւնույն անհանգստությունը ՝ ո՞րն է ժառանգականների ու նրա կուսակցապետի նպատակը, ինչո՞ւ հարցը բերվեց խորհրդարան, ի՞նչ ուժերի ջրաղացին է ջուր լցնում այս քաղաքական ուժը:
ԱԺ մեծամասնության եւ փոքրամասնության ներկայացուցիչները կոչ են անում ազգային կարեւորագույն հարցը չքաղաքականացնել, չդարձնել որեւէ անձի կամ խմբի հետաքրքրության առարկա, զերծ մնալ էժանագին, անպատվաբեր ու անհարկի շահարկումներից:
Դեռ հոկտեմբերին խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում խնդրի շուրջ թեժ քննարկում էր ծավալվել, անդամ պատգամավորները հորդորել էին Զարուհի Փոստանջյանին օրինագիծը հանել շրջանառությունից՝ սպասելով ավելի հարմար ժամանակների, մինչդեռ Փոստանջյանը մնացել էր անդրդվելի:
Իսկ երեկ, արդեն իբրեւ օրինագծի հեղինակ, նա ԱԺ ամբիոնից հայտարարում էր՝ առ այսօր որեւէ լուրջ փաստարկ չի լսել, որն իրեն կհամոզի՝ ինչո՞ւ Հայաստանի խորհրդարանը չպետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: ՀԱԿ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ չդիմացավ ու հակադարձեց, որ միայն ինքը հանձնաժողովում բազմաթիվ փաստարկներ է բերել ու պատրաստ է հարյուրավորը բերել եւ ապացուցել, որ օրինագիծը չի բխում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ազգային շահերից:
ԼՂՀ անկախության ճանաչումից հետո Հայաստանը դուրս կմղվի բանակցություններից. այս համոզմանն է ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ, եւ ուզում էր հասկանալ՝ Փոստանջյանը գիտակցո՞ւմ է դրա հետեւանքները:
Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի՝ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, հետաքրքրում էր՝ գիտակցո՞ւմ է Փոստանջյանը, որ ճանաչում նշանակում է Մինսկի խմբի ձեւաչափի ձախողում, եթե այո, ապա ունի՞ նոր ձեւաչափի ինչ-որ պատկերացում իր մտքում:
Փոստանջյանի մտքի գաղտնիքները փորձեց «բացահայտել» ՀՀԿ-ական պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ուզում էր տեղեկանալ՝ գուցե ինչ-որ գաղտնիքների՞ է տիրապետում Փոստանջյանը, որոնք հասու չեն ներկաներին: Եվ վերջապես, հարցը բարձրացնելուց առաջ հանդիպե՞լ է Արցախի կառավարության, ազատամարտի վետերանների ու ժողովրդի հետ, տեղյա՞կ է, թե ի՞նչ են մտածում նրանք։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հարցի քննարկումը համարել էր սպեկուլյացիա:
Սակայն Փոստանջյանն ակնհայտորեն շրջանցեց պատասխանը: Եվ առհասարակ, որքան շատ էին հնչում հարցերը, այնքան պարզորոշ էր դառնում օրինագծի հեղինակի անտեղյակությունը Արցախյան հիմնախնդրից: Քննարկումն ուղղակիորեն ջրի երես հանեց ժառանգականի դիլետանտիզմը: Նրա բոլոր մեկնաբանություններն իրականում զուրկ էին դիվանագիտական, իրավական, քաղաքական լուրջ հիմնավորումներից ու փաստարկներից: Փոստանջյանի խոսքն ընդամենը լոզունգային, հուզական մի բան էր, ոչ ավելի: Բազմաթիվ հարցերին պատգամավորը դասը սերտած աշակերտի պես տալիս էր միեւնույն պատասխանները:
Սա չվրիպեց ԱԳ նախկին նախարար Ա. Արզումանյանի աչքից, որը հայտարարեց՝ «Ձեր կողմից չբերվեց գեթ մեկ փաստարկ, որով կհաստատեիք, որ այդ քայլով մենք կապահովենք Հայաստանի եւ ԼՂՀ անվտանգությունը, եթե բերվեր, ես հենց հիմա կողմ կքվեարկեի օրինագծին»:
Չլսելով որեւէ լուրջ փաստարկ՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ այսպիսի հետեւության հանգեց. «Աշխարհին ընդամենը փորձում եք ցույց տալ, թե ՀՀ ԱԺ-ն դեմ է Արցախի անկախությանը: Եվ դուք ակտիվանում եք հենց այն ժամանակ, երբ, օրինակ, Ադրբեջանի նախագահը քննարկումներ է ունենում Թուրքիայում նախագահի եւ վարչապետի հետ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ եւս մտահոգ է՝ միջազգային հանրությունը կարող է տպավորություն ստանալ, թե Հայաստանն ընդհանրապես չի ցանկանում ճանաչել ԼՂՀ անկախությունը, բայց դա սխալ տպավորություն է: Նա հայտարարեց. «Ընդդիմություն ենք թե ընդդիմություն չենք՝ ըմբռնումով ենք մոտենում, որ բանակցությունները վարում են իշխանությունները, եւ սեպարատ պրոցեսները մեզ համար անընդունելի են: Եթե մենք հարց ենք լուծում, պիտի լուծենք միասնաբար»:
Ի՞նչ նպատակ է հետապնդում այս արկածախնդիր ու հակահայկական պոպուլիզմը. հարցադրման հեղինակ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ հարկ համարեց վերաթարմացնել ներկաների հիշողությունը: Տեղեկացրեց, որ դեռ 1992-ին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներից «ոմանք» ստորագրում էին այնպիսի փաստաթղթեր, համաձայն որոնց Արցախը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ. ակնարկը, իհարկե, ուղղված էր այդ տարիների ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Պատգամավորը ներկաներին հիշեցրեց մի շատ կարեւոր փաստի մասին եւս՝ 1989-ի դեկտեմբերի 1-ին ընդունված Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը. «Ոչ ոք չի հրաժարվել, որ որոշումը մասն է մեր սահմանադրության ու հռչակագրի, եւ ոչ ոք թույլ չի տվել Հայաստանի մաս հանդիսացող ԼՂՀ-ն վերցնել ու անջատել»: Ուրեմն ինչպե՞ս կարող է խոսք լինել մեր երկրի մի հատվածի՝ իբրեւ առանձին միավոր ճանաչման մասին:
«Մենք պարապ չենք մնացել, որ լուրջ խնդիրների վերաբերյալ անլուրջ մոտեցումներ ցուցաբերենք». ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ համոզված է՝ ոչ ոք չի կարող դեմ լինել մեր համազգային նպատակին՝ ԼՂՀ անկախության ճանաչմանը, բայց իրողությունները սթափություն են պահանջում. «Մեր համոզմունքն է՝ ԼՂ խնդիրը պետք է դիտարկվի Մինսկի խմբի ձեւաչափում, ինչը նշանակում է խաղաղ կարգավորման երաշխիքներ»: Զաքարյանը հիշեցրեց համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում կոչ էր արվում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք որեւէ կողմին հնարավորություն կտան ուժ կիրառելու: Նկատեց՝ ասվածը հստակ ազդակ էր, եւ Հայաստանը չի կարող ռազմատենչ Ադրբեջանին նման քայլի հնարավորություն ընձեռել:
Ամբիոնի մոտ հրավիրվեց ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ. «ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ներկա փուլում նպատակահարմար չէ, խոսքը վերաբերում է դե յուրե ճանաչմանը, որովհետեւ դե ֆակտո մենք վաղուց ճանաչել ենք ԼՂՀ անկախությունը»:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ բոլորիս նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, եւ այդ նպատակը ՀՀ-ն հետապնդում է նաեւ բանակցային գործընթացում: Սակայն. «Մենք ամենեւին կողմ չենք, որ ճանաչելով մնանք միայնակ, ինչպես դա եղել է թուրքական Կիպրոսի դեպքում»:
Անդրադառնալով Մինսկի խմբի գործառույթներին՝ նկատեց, թե այն ունի երկու առաքելություն, նախ՝ նպաստել, որ երեք կողմերը՝ ԼՂՀ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը, գան համաձայնության եւ դրա հիման վրա մշակեն խաղաղության պայմանագիր:
Երկրորդ՝ Մինսկի խմբի եռանախագահները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներ են, որոնց առաջին դեմքերի շուրթերից անվերջ հնչում են խնդրի խաղաղ կարգավորման մասին հայտարարություններ: Իսկ սա նշանակում է, որ այս ձեւաչափը դարձել է զսպաշապիկ Ադրբեջանի համար, վերջինս էլ է գիտակցում, որ իր ցանկացած արկածախնդիր քայլ կարժանանա համարժեք հարվածի: Հետեւաբար, ըստ Քոչարյանի, Ադրբեջանի անթաքույց երազանքն է ձերբազատվել Մինսկի խմբի ձեւաչափից. «Եվ այս տեսակետից, ներկա փուլում ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար՝ ձերբազատվել Մինսկի ձեւաչափից»:Սակայն ԱԳ փոխնախարարը համոզված է՝ Հայաստանի Ազգային ժողովը կլինի այնքան ողջախոհ, որ այդ հարցում պարզապես չի օգնի Ադրբեջանին:
Այսօր օրենսդիրները քվերկությամբ կարտահայտեն իրենց դիրքորոշումը արկածախնդիր օրինագծի հանդեպ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












